Մեխատրոնիկա . Հայաստանում կուսուցանվի նոր մասնագիտություն

Մեխատրոնիկա . Հայաստանում կուսուցանվի նոր մասնագիտություն
Մեխատրոնիկա . Հայաստանում կուսուցանվի նոր մասնագիտություն

Ուսումնական այս տարվանից սկսած առաջին անգամ Հայաստանում Կրթության և գիտության նախարարության լիցենզավորմամբ կուսուցանվի «Մեխատրոնիկա» մասնագիտությունը: 4-ամյա կրթության արդյունքում ապագա տեխնիկ մեխատրոնիկները պատասխանատու կլինեն արդյունաբերության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման համար: Այդ մասին տեղեկացնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունը:

«Հայաստանում այդ տեխնոլոգիաներն առայժմ ակտիվ կիրառվում են սննդի արդյունաբերության ոլորտում: Սակայն առաջիկայում ակնկալում ենք, որ տարբեր հաստոցներ, հոսքագծեր և ռոբոտներ կներդրվեն արդյունաբերության այլ ճյուղերում ևս: Իսկ դրանց կառավարման համար անհրաժեշտ մասնագետներ չկան և այս դասընթացը գալիս է լրացնելու այդ բացը»,-ասաց Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը:

Դասընթացը մշակվել է Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջի և Միացյալ Թագավորության Բրեդֆորդի քոլեջի միջև ձևավորված երկամյա համագործակցության արդյունքում: 2007թվականին Բրիտանական խորհուրդը նախաձեռնեց «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը, որի նպատակն էր միջին մասնագիտական կրթության ոլորտում ձևավորել համագործակցություն Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև և նպաստել փորձի փոխանակմանը: Հենց այս ծրագրի արդյունքում էր, որ Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջի և Բրեդֆորդի քոլեջի միջև հաստատվեց համագործակցության ծրագիր և մշակվեց դասընթացը:

«Մեխատրոնիկա մասնագիտության դասընթացը մշակել են հայ և անգլիացի մասնագետները` կիրառելով այս ոլորտում անգլիական փորձը: Մինչ դասընթացի ներդրումը Հայաստան են այցելել անգլիացի մասնագետներ, որին հետևել են հայ ներկայացուցիչների և ուսանողների այցը Բրեդֆորդ` տեղում ծանոթանալու այդ երկրի փորձին», – նշեց Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Նարինե Նազինյանը, ով ավարտել է Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջն ու այժմ սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, մասնակցել է քոլեջի ուսանողների համար կազմակերպած փոխայցելությանը:

«Բրեդֆորդի քոլեջի փորձին ծանոթանալը մեզ համար շատ արդյունավետ էր: Մեծ էր տարբերությունը դասավանդման մեթոդների և տեխնիկական հագեցվածության միջև: Մեր այցը մեկ շաբաթ տևեց և այս ընթացքում մենք ամեն օր այցելում էինք Բրեդֆորդի քոլեջ, ծանոթանում նրանց փորձին»,-ասաց Նարինե Նազինյանը:

Նոր` մեխատրոնիկա մասնագիտության համար քոլեջն արդեն սկսել է հայտերի ընդունումը և ինչպես նշում է Արտաշես Աբրահամյանը, արդեն ստացել են մի քանի տասնյակ հայտեր, սակայն մրցույթի արդյունքում կընտրվի 20 ուսանող:

«Սա իսկապես հեռանկարային մասնագիտություն է: Բրիտանական խորհրդի ջանքերով մեր և Բրեդֆորդի քոլեջի միջև ստեղծված համագործակցությունն այս մասնագիտության ներդրմամբ շարունակական է լինելու», – ասաց Երևանի Ին‎ֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը:

© Medialab.am