Միշտ էլ ծաղրելու եմ, ինձ ոչ մեկը չի կարող վախեցնել, ինչ ուզեմ, անելու եմ. Դավիթ Մինասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը

– Պարո՛ն Մինասյան, Ոստիկանության կողմից շաբաթ օրը բերման եք ենթարկվել ու մեկ օր անց ազատ արձակվել։ Ինչո՞ւ էին ձեզ բերման ենթարկել, ու ի՞նչ է կատարվել ոստիկանության բաժնում ձեզ հետ։

– Ինձ բերման են ենթարկել այն բանի համար, որ անցած շաբաթ օրը՝ օգոստոսի 19-ին, Արցախի Վերածննդի հրապարակում հավաք եմ կազմակերպել: Մոտ 200-300 հոգի մեր բողոքի ձայնն ենք բարձրացրել, որովհետև մեր տներում ուտելիք չկա, գումար ունենք, բայց որևէ բան չենք կարողանում առնել, որովհետև խանութներում ոչինչ չկա, բայց ես գիտեմ, որ պահեստներում սնունդ կա, բայց խանութներին չեն տալիս, չգիտենք՝ ինչո՛ւ: 

Դուրս էինք եկել հրապարակ, որ նախագահը գար, հետը խոսեինք: Հավաքի ժամանակ մի քանի ոստիկան չթողեցին, որ ես ելույթ ունենամ, մեր հավաքը շարունակվեց, վերջում եկավ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, որովհետև մեզ ասացին, թե նախագահը տեղում չէ: Մեր բողոքը ներկայացրի պետնախարարին, ասացի, որ ուտելու բան չունենք, որ ամբողջ օրը մենակ կարտոշկա ենք ուտում: 

Հավաքից հետո՝ գիշերվա 2-ի-2-ն անց կեսի սահմաններում, երբ տուն էի գալիս, տեսա, որ ճանապարհին կանգնած է մի հատ «ՈՒԱԶ» մեքենա՝ ոստիկանության սպեցնազը: Վեց հոգի մասկով դուրս եկան այդ մեքենայից, հարձակվեցին իմ վրա ու բռնեցին ինձ: Հարցրեցի, թե ինչո՛ւ եք ինձ բռնում, ի՛նչ եմ արել, ասացին՝ նստի «ՈՒԱԶ»-ը՝ կասենք: Նստեցի, իմ ձեռքերին նառուչնիկներ գցեցին, իրենցից մեկը մասկեն հանեց իմ գլխին քաշեց, որ ոչ մի բան չտեսնեմ, հետո մեկը խփեց ուսիս, մեկն էլ դեմքիս էր խփում, հայհոյում էին էլ: 

Հետո ինձ տարան Ասկերանի ոստիկանություն, գցեցին կամերի մեջ: Հետո Ասկերանի ոստիկանության պետը եկավ, սպիտակ մայկայով էր, ինձ ծեծեց, մեկ ուրիշն էլ էր ծեծում, իրենք քաղաքացիական հագուստով էին, շատ ուժեղ էին խփում: Էդ մասկեն, որ գցել էին, ծակ-ծուկ ա եղել, իմացել եմ՝ ով ա էդ ժամանակ ինձ խփում: Սկսեցին գրպաններս ստուգել, իմ գրպաններում եղել է մի հատ հեռախոս, 13 հազար դրամ փող ու երգերի ֆլեշկա: Հետո ինձ ասացին՝ կոշիկներդ հանի, մասկեն հանեցին, ձեռքերս բացեցին, հետ գնացին իրանք, ասացին՝ երբ ասենք՝ կպտտվես, իրենք դուրս եկան ու ինձ թողեցին էդ կամերում: 

Ամբողջ գիշեր մնացել եմ այնտեղ, առավոտյան Ասկերանի ոստիկանության պետը եկավ, հարցրեց՝ հը, խելքի՞ ես եկել, ասում եմ, բայց ի՞նչ եմ արել, դուրս եմ եկել փողոց միայն նրա համար, որ ասեմ սոված եմ: Կիրակի օրը՝ գիշերվա 1-ին, էլի էդ մասկով տղաները գլխիս էլի մասկա են հագցնում, ձեռքերս հետևի վրա փակում: Էդ ընթացքում, որ մասկա են հագցնում, ես տեսնում եմ, թե ինչ ճանապարհով են ինձ բերում տուն: Բերեցին մեր տնից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա ինձ բաց են թողնում, տալիս են իմ հեռախոսը, փողն ու ֆլեշկեն ու ասում՝ ազատ ես:

– Որ ասում եք՝ պահեստներում ուտելիք կա, խանութներ չեն բերում, դա ձե՞ր ենթադրությունն է, թե՞ ունեք փաստեր, որ պահեստներում իսկապես սնունդ կա: 

– Այդքան ինքնաթիռ որ գնում-գալիս է, միայն ռուսների համար չէ, որ ուտելիք են բերում, կառավարողների համար էլ են բերում: Բերում են, պահեստներում լցնում, միայն իրանք են ուտում, իսկ խանութներին ոչինչ չեն տալիս, որ սովորական մարդիկ էլ մի բան առնեն ուտեն:

Ես վստահ եմ ու կարող եմ ապացուցել, որ պահեստներում կա, թե ինչի՛ չեն տալիս մարդկանց, չգիտեմ: Քանի գնում է՝ մարդիկ սովամահ են լինում իրենց պատճառով: Սոցապ նախարարության մեծ պահեստներում լիքը ուտելու բաներ կան:

– Ձեզ բերման ենթարկելը կապում եք այն հանգամանքի հետ, որ դուք նախագահ Հարությունյանին ծաղրող տեսանյութե՞ր եք հրապարակում։

– Ինձ ոչ մեկը չի ասել, թե դրա համար են ինձ տանում, ասել են՝ հավաք կազմակերպելու համար են բռնել:

– Միջադեպից հետո շարունակելո՞ւ եք ծաղրել Արայիկ Հարությունյանին:

– Այո՛, ճիշտն ասած, միշտ էլ ծաղրելու եմ, ինձ ոչ մեկը չի ասել, թե ծաղրելու համար ենք քեզ բռնել: Դուրս եմ եկել փողոց, որովհետև սոված եմ: Իրենք էլ ասում են՝ մենք էլ ենք սոված, դուրս գանք փողո՞ց, ես էլ ասում եմ՝ հա՛, եթե դուրս չեք գալիս, ուրեմն ձեր տանը ուտելու բաներ կան, դուք էլ Արայիկի մարդկանցից եք: Ինձ ոչ մեկը չի կարող վախեցնել, ինչ ուզեմ՝ անելու եմ: 

– Պարո՛ն Մինասյան, որևէ հասարակական կազմակերպություն կամ պետական կառույց արձագանքե՞լ է ձեզ բերման ենթարկելու փաստին, կապ հաստատե՞լ են ձեզ հետ։ 

– Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից են զանգել, գնացել եմ էս ամենը պատմել եմ, իրենք զբաղվում են էդ գործով, ու նաև լրագրողների հետ եմ խոսել:

– Արցախում ի՞նչ իրավիճակ է, սովորական քաղաքացին ինչպե՞ս է դիմակայում այս զրկանքներին ու այդ վիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր է տեսնում։ 

– Գնալով ամեն բան ավելի է դժվարանում, էդքան հանրահավաք արեցին, բայց ոչինչ չի փոխվում: 

Քրիստինե Աղաբեկյան