«Վստրեչի» կամրջի նորոգման ժամկետը կերկարի

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ:

Ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն:

Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը:

Տվյալ ուղղության երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով՝ հանդիպակաց ուղղության հաշվին:

Հաջորդ փուլում նույն մոտեցումը կկիրառվի հետադարձ ուղղությամբ:

Շինարարական աշխատանքի ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա հունիսի 1-ը: