«Անսպասելի էր, որ այսքան կարճ ժամանակահատվածում քաղաքական կամքը կարող էր այն աստիճան հրաշքներ գործել». Ստյոպա Սաֆարյան

«Անսպասելի էր, որ այսքան կարճ ժամանակահատվածում քաղաքական կամքը կարող էր այն աստիճան հրաշքներ գործել». Ստյոպա Սաֆարյան
«Անսպասելի էր, որ այսքան կարճ ժամանակահատվածում քաղաքական կամքը կարող էր այն աստիճան հրաշքներ գործել». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

– Պարո՛ն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները:

– Բավական անսպասելի էր, որ այսքան կարճ ժամանակահատվածում քաղաքական կամքը կարող էր այն աստիճան հրաշքներ գործել, որ առանց ընտրական հանձնաժողովներ փոխելու, առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, առանց Ընտրական օրենսգիրքը փոխելու իսկապես կարող էինք ունենալ նման ընտրություն:

Մենք կարոտ էինք այսպիսի ընտրությունների, և լավագույն պայմաններն էին ստեղծված քաղաքական ուժերի համար իրենց խոսքն ավելի համոզիչ, ավելի հասու դարձնելու համար: Կարիք չկար բոլոր տեղերում ունենալ վստահված անձինք, որովհետև ընտրությունները կեղծելու վտանգ չկար:

Կարիք չկար բոլոր նյութական ու մարդկային ռեսուրսները գործի դնելու, ընդամենը պետք էր համոզիչ քարոզարշավ ունենալ, լավ ծրագիր ներկայացնել, հասարակության պահանջները ճիշտ զգալ: Այս կտրվածքով, իհարկե, աննախադեպ ընտրություններ էին սրանք՝ առանց ծեծկռտուքի, կուտակումների:

– Այսինքն՝ երբ հնարավորություն է ստեղծվում, ժողովուրդն իրական ընտրությո՞ւն է անցկացնում:

– Այո՛, մեր ժողովուրդը մի այնպիսի ժողովուրդ է, որը իրավիճակից կախված՝ կարող է տարբեր վարքագիծ ցուցաբերել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի՛նչ խաղի կանոններ են պարտադրվում նրան: Մենք տեսնում էինք, որ նույն ժողովուրդը զանգվածաբար ընտրակաշառք էր վերցնում և քվեարկում իրեն կաշառողի օգտին: Մենք տեսնում էինք, որ նույն ժողովուրդը կարող էր ընտրակաշառք վերցնել ու քվեարկել իր նախընտրած թեկնածուի օգտին:

Եվ մենք տեսնում ենք, որ ժողովուրդը կարող է ոչինչ չվերցնել ու շատ ազատ քվեարկել: Նրանք, ովքեր այսօր ընդամենը մեկ բռնվելու տեղ ունեն, ասում են, թե իբր մասնակցության ցուցանիշը ցածր էր, ես՝ որպես այս ընտրական գործընթացներին անընդհատ մասնակից անձ ուզում եմ հիշեցնել, որ այդ ցուցակների 20-30 տոկոսը գոյություն չունի: Հանրապետությունից արդեն տասնամյակներ շարունակ մեկնած և չվերադարձած, կեղծ ձևերով գրանցված ընտրազանգվածը եթե հանենք, ապա մենք գործ ունենք մասնակցության բավական բարձր ցուցանիշի հետ:

Ես վստահաբար եմ պնդում, որ 60, եթե ոչ 70 տոկոս մասնակցության մասին է խոսքը: Եվ այս առումով, այո՛, Նիկոլ Փաշինյանը ստացավ այն, ինչ կոչով ժողովրդին դիմել էր: Նա ոչ միայն իրավունք ունի Երևան քաղաքում իշխանություն ձևավորելու, այլ նաև արտահերթ ընտրություններ անցկացնելու:

– Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների հարցով խորհրդակցություններ է անցկացնելու քաղաքական ուժերի հետ: Կարո՞ղ ենք ասել, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները շանս են տալիս Փաշինյանին խորհրդարանական արտահերթ ընտրությունները մինչև տարեվերջ անցկացնելու համար:

– Ես տեսնում եմ, որ այդպիսի նպատակ դրվել է: Եվ դա շատ ճիշտ է: Խնդիրն այն չէ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է վախեր ունենալ այս ալիքը պահելու հարցում: Խնդիրն իսկապես երկրի անվտանգությունն է, երկրի կանխատեսելիությունն ու երկրում վերջնական օրինական իշխանության ձևավորումը: Այս առումով պետք է շտապել, և, այո՛, մենք բոլորս ասում ենք, որ այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է հնարավորինս վաղ անցկացվեն:

Այսպիսի բարդ աշխարհաքաղաքական դիրքերում գտնվելով, այսպիսի բարդ խնդիրներ ունենալով, այսքան շատ բարեփոխումների կարիք ունենալով՝ մենք չենք կարող ուղղակի մեզ շռայլություն թույլ տալ, ամիսներով սպասել:

Այո՛, այս ընտրությունները ցույց են տալիս, որ հասարակության ճնշող մեծամասնությունը այդ քվեն տալիս է իշխող թիմին, անկախ նրանից, թե ո՛վ է այդ թիմի մեջ, եկեք սա հասկանանք: Բայց եկեք նաև հասկանանք, որ այս քվեն չեն տվել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնամոռացության մեջ ընկնի և այլն, ինչպես մեկնաբանում են ընդդիմախոսները՝ դեպի ֆաշիզմ տանի երկիրը: Ամենևին ո՛չ, ներկայիս թիմին անհրաժեշտ է բարձր քվե՝ ցավոտ ռեֆորմներ անցկացնելու համար:

Անազնիվ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունից պահանջել արդյունքներ, երբ նա չունի որևէ քաղաքական հենարան, երբ նա չի կարողանում որևէ բարդ ռեֆորմ իրականացնել, որն ապամոնտաժում է այս արատավոր համակարգը: Դա կդառնար առուծախի, սակարկությունների թեմա:

Այս առումով հասկանալի է, թե ինչո՛ւ Նիկոլ Փաշինյանը նման փոփոխությունների չգնաց, որովհետև բոլորը դրա դիմաց բան էին պահանջելու, կողմ քվեարկելու դիմաց ասելու էին՝ մեզ մի՛ կպի: Դա հայտնի արատավոր բանաձև է: Հետևաբար, ակնհայտ է, որ այս բարձր քվեն հենց այդ ռեֆորմներն անցկացնելու քվեն է, այդ հենարանը ձևավորելու քվեն է: Մեր ժողովուրդը շատ սթափ է: Ինչքան էլ էյֆորիա կամ այլ բառեր օգտագործենք, ժողովուրդը բավական իրատեսական դաշտում է գործում: Այնպես չէ, որ կուրացած ուղղակի քվեարկել են մարդիկ:

– Այսինքն՝ այս ընտրություններով ճանապա՞րհ է բացվում՝ մինչև տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար:

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը զուտ քաղաքական խնդիր է՝ որևէ կերպ չկարգավորված: Եվ որևէ հստակ ճանապարհ չկա դրան հասնելու: Այս կտրվածքով, թե ինչպե՛ս դա կանի Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկը չի կարող 100 տոկոսով կանխատեսել:

Կոնկրետ նման իրավիճակ ո՛չ նախատեսել էին Սահմանադրություն գրողները, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ունի մեկ ճանապարհ և այսինչ ժամկետում այդ մեկ ճանապարհով հնարավոր է հասնել ընտրությունների: Հետևաբար, կոնկրետ ժամկետների մասին պնդումներ անելը ճիշտ չէ, այս պահին տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանն ունի այդպիսի նպատակ: Թե ի՛նչ ճանապարհով կհասնի դրան, կհաջողվի՞ արդյոք մինչև դեկտեմբեր հասնել՝ ես կդժվարանամ ասել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am