Հռոմի պապ Լևոն XIV-ը նոր էնցիկլիկայում հանդես կգա արհեստական բանականության դարաշրջանում մարդու պաշտպանության թեմայով։ Փաստաթուղթը Վատիկանում կներկայացվի մայիսի 25-ին և կկրի Magnifica Humanitas անվանումը։
Էնցիկլիկան կներկայացնի անձամբ Լևոն XIV պապը, թեև սովորաբար դա անում է մամուլի ծառայությունը, նշում է KNA գործակալությունը։
Ինչպես հիշեցնում է Der Spiegel-ը, Հռոմի պապն արդեն խոսել է արհեստական բանականության մասին Հռոմի Լա Սապիենցա համալսարան այցի ժամանակ, որտեղ ուսանողները նրան դիմավորել էին որպես «փոփ աստղի»։ Այդ ելույթում Լևոն XIV-ը, մասնավորապես, ասել էր, որ աշխարհում հաղթել է խեղաթյուրված համակարգը, որը «մարդուն վերածում է թվերի հավաքածուի»։
«Մենք ալգորիթմներ չենք», – հայտարարել էր պապը, որն իր եկեղեցական կարիերայի սկզբում մաթեմատիկայի բակալավրի աստիճան է ստացել։
Էնցիկլիկայի բովանդակությունը մինչև հրապարակումը գաղտնի է պահվում։ Տնտեսագիտության պրոֆեսոր Պաոլո Գարոննան, որը պապի հետ անձամբ քննարկել է արհեստական բանականության թեման, կարծիք է հայտնել, որ Լևոն XIV-ը մեծ բացություն կցուցաբերի նոր տեխնոլոգիաների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ կնշի «կարմիր գծերը» և կկանգնի մարդկայնության պաշտպանության դիրքերում։



















