Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան՝ ԼՂ-ից տեղահանված հայերի համար

Մոսկվան առաջիկա օրերին Հայաստան կուղարկի 40 տոննա մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք օգնում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ Մասնավորապես, Ռուսաստանի կառավարության միջոցով, հաշվի առնելով հայկական կողմի կարիքները, պատրաստվել է 40 տոննա մարդասիրական օգնություն․ այն առաջիկա օրերին կհասցվի Երևան», – ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։

Պաշտոնյայի խոսքով՝ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը, մարդասիրական բեռը ներառում է շարժական էլեկտրակայան, որը կարող է էներգիա մատակարարել տասնյակ տների։

«Նախապատրաստվող մարդասիրական ակցիան լրացնում է մի շարք քայլերը, որոնք արդեն ձեռնարկվել են ռուսական կողմից՝ հույս ունեմ Ղարաբաղից ժամանակավորապես տեղահանվածներին աջակցելու համար», – հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Զախարովան հիշեցրել է, որ «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն»-ը Հայաստան է առաքել 6 տոննա սննդամթերք՝ 500 պարենային հավաքածու, 500 պարկ անձնական հիգիենայի և կենցաղային քիմիայի պարագաներ։ Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի երևանյան ներկայացուցչության հետ միասին տրամադրում է բարոյահոգեբանական աջակցություն, իսկ «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը նաև ավելի քան 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել, այդ թվում՝ Արարատի մարզ, որն ընդունել է ամենամեծ թվով տեղահանվածներին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնի միջոցով հոկտեմբերի 20-21-ը Հայաստանի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Սևան, Գավառ, առաքվել է 1,5 տոննա մարդասիրական օգնություն։ Իսկ Ռուսաստանի Կապի ազգային գիտահետազոտական ​​ինստիտուտը նոյեմբերի 2-ին Արենի համայնք է մատակարարել սնունդ և տաք հագուստ:

Զախարովան հիշատակել է ևս մի քանի կազմակերպություններ, որոնք նույնպես օգնություն են մատակարարել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին։