Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանը դատական նիստի ընթացքում իրեն հետաքրքող մի քանի հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանին՝ կապված նախկին վարչապետների անձնական երաշխավորության միջնորդության հետ։
Ւնչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը կարո՞ղ են ազդել պատշաճ վարքագծի վրա։
Դատավորը նշեց, որ իր համար կարևոր է հասկանալ, թե Քոչարյանի և երաշխավորողների միջև հարաբերություններն այնպիսի՞ն են, որ ՀՀ երկրորդ նախագահը հաշվի կառնի նրանց կարծիքը կամ նրանց երաշխավոր լինելու հանգամանքը։
Քոչարյանը ասաց, որ նրանց միջև տասնամյակների հարաբերություններ են ձևավորված և պահպանվել են մինչև կալանավորումը, ուստի անտարբեր չի նրանց կարծիքի նկատմամբ։
«Ինձ համար մեծ պատասխանատվություն է, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ և ինչպիսի հանրային արձագանք դա կունենա»,- ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ թե աջակիցների, թե այն մարդկանց կողմից, ովքեր իրեն չեն ընդունում, կա ձևավորված մի կարծիք, որ ինքը խոսքի տեր մարդ է և երբեք պատասխնատվությունից չի խուսափել։