Դատական համակարգում էական և նշանակալի փոփոխությունների կարելի է հասնել ԲԴԽ ֆունդամենտալ փոփոխություններից հետո. Արման Բաբաջանյան

Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կրկին ստիպեց մտածել օրակարգային ամենակարևոր հարցի մասին։ Ինչպես խոստացել եմ, առաջիկայում կլինեն շատ առարկայական քայլեր, որոնք էական զսպման միջոց կդառնան դատական համակարգում կոռուպցիոն և հանցավոր այլ հակումներով հայտնի դատավորների համար։ Իմ համոզմամբ դատական համակարգում էական և նշանակալի փոփոխությունների կարելի է հասնել Բարձրագույն դատական խորհրդում ֆունդամենտալ փոփոխություններից հետո։ Այդ փոփոխությունները պետք է անքննելիորեն տեղի ունենան, խորհրդի առաքելությունը խոչընդոտող անդամները պետք է փոխարինվեն անբասիր կենսագրությամբ նվիրյալ անձանցով, որից հետո միայն պետք է ձեռնամուխ լինել համակարգի իրական զտումն ապահովող կառուցակարգերի կատարելագործմամբ։

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ վեթինգի գործիքակազմին դիմել են և դիմում են առաջին հերթին այն պետությունները, որոնցում տեղի է ունեցել ռեժիմի, իշխանության փոփոխություն և նոր իշխանությունները կանգնել են նախկինների հանցավոր բնույթից բխող խնդիրների առաջ։

Վեթինգը կամ զտումը հենց այն միջոցն է, որի միջոցով հնարավոր է ձերբազատվել անցյալի հանցավոր բեռից ու կապանքներից։ Մեր պարագայում դա առավել քան ակնհայտ է։ Հայաստանում ավելի քան երկու տասնամյակ պետությունն ու իշխանությունը գտնվել են զավթված վիճակում։ Դա ծանրագույն հանցագործություն է, որը կատարվել է համակարգված կերպով՝ ներառելով հանրային ու պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր ենթակառուցվածքներն ու դրանց ներկայացուցիչներին։

Պետության զավթմանը մասնակցել են պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների ամենաստորին աշխատակիցներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաները՝ ընտրությունից–ընտրություն ապահովելով պահի իշխանության վերարտադրությունը։

Այսինքն, մենք ունենք իրավիճակ, որում պետական կառավարման համակարգի, ուժային կառույցների ներկայացուցիչների զգալի մասը ուղղակի կամ անուղղակի կերպով ներքաշված է եղել այդ հանցավոր շղթայի մեջ։ Պետական կառավարման այդ համակարգը, ուժային նույն կառույցները շարունակում են գործել նաև այսօր՝ նոր Հայաստանում։ Ու ստացվում է, որ մենք ունենք նոր քաղաքական իրականություն, ունենք լեգիտիմ իշխանություններ ու ընդհանուր առմամբ երկրում հաստատված օրինականություն, բայց միևնույն ժամանակ ունենք պետական կառավարման, իրավապահ այնպիսի մարմիններ, որոնք թաթախված են եղել հանցավոր սխեմաների մեջ։

Եթե սրան գումարենք նաև այն իրողությունը, որ նույն պետական կառավարման համակարգը, իրավապահներն ու տեղական ինքնակառավարման մարմինները տասնամյակներ շարունակ նույնաչափ թաթախված են եղել նաև համակարգային կոռուպցիայի մեջ, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։ Նույնը՝ շատ ավելի արտահայտիչ ու մտահոգիչ կերպով վերաբերում է նաև դատական համակարգին, այդ թվում՝ սահմանադրական արդարադատությանը։

Առանց վեթինգի, առանց իրական զտման մենք չենք կարող անգամ մտածել անկախ դատական համակարգի մասին։ Պետության զավթումը տեղի է ունեցել այդ թվում դատական համակարգի՝ դատարանների, Սահմանադրական դատարանի գործուն մասնակցութամբ ու հանցակցությամբ։ Սահմանադրական դատարանը վավերացրել է կեղծված ընտրությունները՝ լեգիտիմացնելով ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումներ գործելու, հետապնդելու, հալածելու իշխանության գործելաոճը։ Իսկ դատարանները դակել են նույն այդ ընտրական գործընթացներից հետո հարուցված գործերով վճիռները։

Մենք երկիր ենք, որն ունեցել է Մարտի 1, որն ունեցել է Մարտի 1–ի գործով արձակված խայտառակ դատավճռիներ։ Եվ ի՞նչ, այդ մարդկանցով մենք պետք է կայացնենք նոր դատական համակարգ, արյունով թաթախված ձեռքերով ընդունված դատավճիռներ գրողներն այսօր պետք է դատաիրավական համակարգի նոր ռազմավարություններ գրե՞ն։

Ո՛չ, կրկին ո՛չ։

Մենք պետք է ձերբազատվենք այդ դատավորներից, մենք պետք է դատական համակարգը մաքրենք նրանցից, ովքեր արդարացրել են սեփական ժողովրդին գնդակահարելու իշխանությունների քայլերը ու վազել են եվրոպաներ նույն այդ իշխանություններին՝ Սերժ Սարգսյանին պաշտպանելու մղումներով։

Նոր Հայաստանում նման դատավորները չպետք է տեղ ունենան և վեթինգը մեզ պետք է օգնի ազատվելու առաջին հերթին այդպիսի դատավորներից։

Իրականությանը պետք է նայել բաց աչքերով, առանց ավելորդ ձևականությունների։ Նայել ու արձանագրել, որ մենք տասնամյակներ շարունակ ունեցել ենք պետությունը զավթած իշխանություն՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և ունեցել ենք նրանց ծառայող ու նրանց արյունոտ հանցանքները կոծկող պետական կառավարման, տեղական ինքակառավարման, դատական համակարգ, ուժային կառույցներ, որոնց գործունեության կուլմինացիան եղել է 2008 թվականի Մարտի 1–ը։ Այսինքն մենք ունեցել ենք վերից վար ու վարից վեր արյան մեջ թաթախված պետական ու հանրային կառավարման համակարգ, դրան սպասարկող դատարաններ ու ուժային կառույցներ ու այդ ամենը սահմանադրական կնիքով դակող Սահմանադրական դատարան։ Ու այս պայմաններում, այս ժառանգությամբ մենք ցանկանում ենք առաջ շարժվե՞լ, մենք մտածում ենք ապագայի օրակարգերի մասի՞ն։ Դա անիմաստ զբաղմունք է այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ համակարգերը չենք մաքրել անցյալի հանցավորությունից ու կեղտից։

Հենց այդ նպատակին պետք է ծառայի վեթինգը, որը կարող է արդյունավետ լինել միայն ու բացառապես համակարգային մոտեցման դեպքում։ Հատվածական, կիսատ լուծումներն ուղղակի անթույլատրելի են, դրանք հիվանդությունը բուժելու փոխարեն էլ ավելի կխորացնեն այն։

Վեթինգը՝ ուղղակի որպես գործիք չի կարող արդյունավետ լինել, եթե մենք՝ նոր Հայաստանի իշխանությունները, առաջին հերթին խորհրդարանը, հանդես չգա անցյալի վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականով։ Դրա անհրաժեշտության մասին ես շատ եմ խոսել, խոսել եմ առավելապես սահմանադրական ճգնաժամի հաղթահարման համատեքստում՝ նշելով, որ գործող Ազգային Ժողովը՝ որպես իշխանության առաջնային մանդատ կրող մարմին պետք է հանդես գա Սահմանադրական դատարանի անցած երկու տասնամյակների գործունեության իրավաքաղաքական գնահատականով։

Իրականում այդ իրավաքաղաքական գնահատականը պետք է վերաբերի ոչ միայն Սահմանադրական դատարանին, այլ նախկին իշխանությանն ընդհանուր առմամբ։ Մենք՝ որպես օրենսդիրներ պետք է նախորդ իշխանության գործունեությանը, հատկապես պետության զավթման հանգամանքին տանք իրավաքաղաքական գնահատական՝ դրանից հետո պայմաններ ստեղծելով, որպեսզի վեթինգի միջոցով սահմանվեն այդ խնդրի լուծման իրավական գործիքները։

Վեթինգը, այսպիսով պետք է դառնա անցյալը մաքրելու, անցյալի և ներկայի միջև գիծ քաշելու ու դեպի ապագա ընթանալու հնարավորություն։

Խորապես համոզված եմ, որ վեթինգը չի կարող արդյունավետ լինել ոչ միայն առանց անցյալին տրվելիք իրավաքաղաքական գնահատականի, այլ նաև առանց անցումային արդարադատության կիրառման։ Մենք պետք է միասին գտնենք այն արդյունավետ ալգորիթմները, որոնք հնարավորություն կտան վեթինգն ու անցումային արդարադատությունը զուգակցել այնպես, որ կիրառվեն նվազագույն ցնցումներով և ապահովեն հանրային ու պետական կառավարման համակարգերի առավելագույն զտում։ Այս գործընթացներին զուգահեռ հանրային ու պետական կառավարման համակարգերում, դատական համակարգում, Սահմանադրական դատարանում պետք է ներդրվեն պաշտոնյաների ու ծառայողների բարեվարքության կանոններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև լյուստրացիոն մեխանզիմներ, ինչպես օրինակ Սահմանադրական դատարանի պարագայում։ Այսպիսով, մենք պետք է գործենք համալիր ու համակարգված։ Վեթինգ, անցումային արդարադատություն, բարեվարքության կանոններ, փակ լյուստրացիոն մեխանիզմներ․․․ ահա գործիքների ոչ ամբողջական ցանկը, որոնք մենք պետք է կիրառենք համաժամանակյա կերպով ու համալիր մոտեցմամբ՝ ցանկալի արդյունք ապահովելու համար։

Նոր Հայաստանին անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր ծրագրեր, նոր ռազմավարություններ և ամենակարևորը՝ դրանք կյանքի կոչելու պատրաստ նոր հանրային ու պետական ծառայողներ։

Անցյալի հանցավոր կապանքներ կրողները օբյեկտիվորեն չեն կարող իրականացնել այդ առաքելությունը, հետևաբար վեթինգն ուղղակի այլընտրանք չունի, չունի և վերջ։

Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր
Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ