«Սերժ Սարգսյանն անչափ անկեղծ մարդ է». Տիգրան Խզմալյանը տոկոսներ «խփելու» և ընտրությունների մասին

«Սերժ Սարգսյանն անչափ անկեղծ մարդ է». Տիգրան Խզմալյանը տոկոսներ «խփելու» և ընտրությունների մասին
«Սերժ Սարգսյանն անչափ անկեղծ մարդ է». Տիգրան Խզմալյանը տոկոսներ «խփելու» և ընտրությունների մասին

«Մեդիալաբի» զրուցակիցը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է:
– Պարո´ն Խզմալյան, այսօր Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը հերթական զարմանալի պահվածքն է դրսևորել: Լրագրողի հարցին, թե իր կարծիքով ընտրություններում ի՞նչ շանսեր կունենա Շիրակի մարզում, նա պատասխանել է. «Ինչքան ուզես, էնքան խփենք»: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը նմանօրինակ արտահայտություններ հաճախակի է անում, ինչո՞վ է սա բացատրվում:

– Սերժ Սարգսյանն անչափ անկեղծ մարդ է, և երբ խորհրդականները, որոնք քաղաքական տեխնոլոգներ են ձևանում, մոռանում են նրա գրպանը թուղթ դնել, նրան չեն խանգարում բարձրաձայն ասել այն, ինչ մտածում է, նա ասում է այն, ինչ իրոք մտածում է: Դրան շատ լուրջ է պետք վերաբերվել: Ոչ մի բան չի փոխվել, Սերժ Սարգսյանը անձ չէ, դա մականուն է մի ամբողջ խավի, որը զավթել է իշխանությունը, որը դարձել խունտա: Նա գործում է այդ խավի, այդ խունտայի տրամաբանությամբ, ոչ մի ավելի բան սպասել իրենից պետք չէ: Ուղղակի ինձ զարմացնում է այն, երբ մարդիկ հավատում են այն տեքստերին, որոնք նա կարդալով ասում է: Երբ նա պոկվում է թղթից, ասում է այն, ինչ իրականում մտածում է: Այո´, իրենք կխփեն այնքան, ինչքան իրենց պետք է: Եթե նա ասել է՝ «խփենք», ենթագիտակցաբար նկատի ուներ ոչ միայն թվեր «նկարելու» իմաստով, այլև մարդիկ էլ կխփեն` ինչքան իրենց պետք է: Բայց դա իրենց չի օգնի: Կարող են խփել, կարող են արտաքսել, բայց բոլորին չեն արտաքսի, բոլորին չեն խփի, մենք կանգնած ենք, մեր հետևից գալիս է երիտասարդությունը: Նրանք ապագա չունեն մեր երկրում, այս երկիրը մերն է: Շիրակի մարզում, Սյունիքում, Արցախում, Տավուշում, Երևանում թե Մովսես գյուղում ոչ թե դուռն է բացվում Մովսեսի առջև, այլ հողն է բացվում, և նա անդունդ է ընկնում՝ ամբողջ խունտայի, վարչախմբի հետ միասին:

– Դատելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարած հինգ տարիներից և նրա այս պահվածքից՝ կարող ենք ասել, որ ոչ մի հույս չկա, որ հաջորդ հինգ տարիներին երկիրի վիճակը լավանալու է: Մի՞թե ժողովուրդը դա չի գիտակցում, ինչո՞ւ հասարակական ընդվզում չկա:

– Իրականում լավ է լինելու: Ո՞վ է ասել, որ առաջիկա հինգ տարին մենք անցկացնելու ենք նույն վարչախմբի իշխանության տակ: Չի լինի դա, մենք չենք կարող թույլ տալ ևս հինգ տարի կորցնել մեր կյանքից, մեր երեխաների կյանքից գողանալ: Դա անհնար է, դա անթույլատրելի է, անընդունելի է: Լավ չի լինի, եթե մենք ոչինչ չանենք, կլինի ավելի վատ: Բայց դա չի լինի, որովհետև քաղաքացիական հասարակությունը դուրս է եկել պայքարի, դա տեսնում է անգամ Սերժ Սարգսյանը:

– Ասում եք՝ քաղաքացիական հասարակությունը դուրս է եկել պայքարի, բայց հենց այս փուլում, երբ նախընտրական շրջան է, հասարակության շրջանում պասիվություն ու անտարբերություն է նկատվում: Թե՞ այդպես չէ:

– Ոչ մի ընտրություն գոյություն չունի, և դուք դա գիտեք: Պետք է տեղի ունենար իշխանության վերարտադրման, նոր նշանակման արարողություն, որը կարծես թե կարող է մի քիչ հետաձգվել, բայց դա էական չէ: Նրանք կփորձեն ամեն ինչ իրենց ձևով անել: Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել և´ 96 թվականին, և´ 2008 թվականին տեղի ունեցած նույն պատմությունը: Ընդվզումը կատարվում է անմիջապես նման արյունոտ կրկեսից հետո: Նույնը կլինի և այս անգամ, երբ իրենք սկսեն թվեր «խփել», ինչպես արտահայտվեց թեկնածու Սարգսյանը:

– Բերում եք 2008 թվականի օրինակը, բայց չմոռանանք, որ այն ժամանակ նախագահի թեկնածու էր առաջադրվել Լևոն Տեր-Պետրոսյանը: 2008-ի ընտրություններից հետո ժողովրդի ոտքի կանգնելը հենց մեծավ մասամբ նրա գործոնով է բացատրվում: Այս անգամ ո՞ւմ եք տեսնում այդ դերում, ո՞վ կկարողանա ոտքի հանել ժողովրդին, թե՞ առանց առաջնորդի դա տեղի կունենա:

– Ես ուզում եմ հիշեցնել, որ մի քանի օրից լրանալու է Արցախյան շարժման 25-ամյակը, այն ժամանակ ոչ մի առաջնորդ չկար: Երիտասարդներն են այդպես կարծում, նրանց հեքիաթ են պատմել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնադրել է երկիրը, առաջնորդել է անկախության շարժումը: Սուտ է, կեղծիք է, որի մասին գիտեն բոլոր մասնակիցներն ու ականատեսները: Եղել է խումբ, որը կոչվել է «Ղարաբաղ» կոմիտե, որում Լևոն-Տեր Պետրոսյանը ամենևին էլ դեր չէր խաղում, եղել են բոլորովին այլ մարդիկ, ամեն ինչ սկսվել էր Արցախում: Այսինքն՝ ժողովրդին առաջնորդել է հենց ժողովուրդը, ժողովրդից դուրս եկած առաջնորդող խումբը: Եվ այդ խումբն արդեն ստեղծվում է, դա կոչվում է Նախախորհրդարան: Փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման սկզբնավորման օրը, Մաշտոցի պուրակում Նախախորհրդարանն անցկացնելու է առաջին հավաքը: Դա փոքրիկ իրազեկման հավաք է, բայց 25 տարի առաջ նույնպես ամեն ինչ շատ համեստ է սկսվել:

– Պարո´ն Խզմալյան, այսօր նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը թեկնածուներ Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է միավորվել, միասնական թեկնածուով մասնակցել ընտրություններին, որպեսզի հնարավոր լինի հաղթել Սերժ Սարգսյանին: Գործնականում նման հնարավորություն տեսնո՞ւմ եք, և դա ի՞նչ արդյունք կարող է տալ:

– Ես այս երեք թեկնածուների հետ լավ հարաբերությունների մեջ եմ, երեքին էլ առիթ եմ ունեցել ասելու, որ հարգում եմ նրանց կարծիքը, նրանց դիրքը, բայց դա սխալ եմ համարում: Ընդդիմությունը պետության քաղաքական սյուներից մեկն է: Եթե մենք ոչ թե մարդ ենք ուզում փոխել, այլ համակարգ, ընտրությունը չի կարող դեր ունենալ: Այդ թեկնածուների ջանքերը, ինչպես էլ ես կամ ուրիշները նրանց վերաբերվենք, հետաքրքիր են, բայց նրանք այլևս որևէ բան չեն կարող փոխել: Փոխելու է ոչ թե թեկնածուն, փոխելու են ոչ թե ընտրությունները: Մենք չենք կարող ընտրություններ անցկացնել Հայաստանում, մինչև չլինի համակարգի փոփոխություն: Ամբողջ աշխարհում սկզբում ընտրություն են անցկացնում, հետո կատարում են փոփոխություն: Մեզ մոտ, քանի որ խունտան իշխանության է եկել ոչ ընտրությունների արդյունքում, սկզբում պետք է լինի փոփոխություն, իսկ հետո կլինեն նորմալ, ազնիվ ու մաքուր ընտրություններ:

Լիանա Գալստյան

© Medialab.am