Պատգամավորը բարձրացրել է Շահումյանի և Գետաշենի շրջաններից տեղահանված անձանց խնդիրների հավաքագրման և միջազգային հարթակներում պատշաճ ներկայացման անհրաժեշտության մասին

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր մասնակցել եմ «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով առցանց համաժողովին:

Խոսել եմ թե՛ Ադրբեջանից հեռացած հայ փախստականների և թե՛ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Շահումյանի և Գետաշենի շրջաններից տեղահանված մեր հայրենակիցների հետ առնչվող խնդիրների հավաքագրման և միջազգային հարթակներում պատշաճ կերպով ներկայացման անհրաժեշտության մասին: Իրապես համոզված եմ, որ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում այդ հարցերի բարձրաձայնումը կարևոր նշանակություն կունենա և ավելի ընկալելի կդարձնի մեր որդեգրած դիրքորոշումը նաև հակամարտության լուծման տեսանկյունից:

Արձանագրել եմ ՀՀ կառավարության կողմից վերջին շրջանում փախստականների հետ առնչվող խնդիրներին տրվող լուծումները, ինչպես նաև խոսել դրանց շարունակականության կարևորության մասին:

Նշեմ, որ համաժողովը համատեղ նախաձեռնել էին ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակը, ՀՀ Միգրացիոն ծառայությունը և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն»։