ԱԺ նիստերի «տեսած» ունկնդիրը

17-01-2019
1319 դիտում
ԱԺ նիստերի «տեսած» ունկնդիրը

Առավոտվա կողմ, երբ ԱԺ նիստը նոր էր սկսվում, «Ֆեյսբուքում» մի նշում էի արել ընդհանրապես տրվող հարցերի մասին ու անմիջապես իմ հին ընկերներից ու միաժամանակ նոր պատգամավորներից մեկից հաղորդագրություն ստացա. «Մեկ էլ սենց ուշադիր առաջին խորհրդարանին են, չէ՞, հետևել, թե՞ սխալվում եմ»։ Ասեմ, որ պատգամավորը ամենաքսանամյաներից չէր, հակառակ դեպքում «թե՞ սխալվում եմ» հարցը չէր լինի։ Հաճելի էր նաև այն, որ մեր քննարկումը, որ կարող էր երկար տևել ու շատ երկարել, ընդհատվեց իր՝ « նիստը սկսվեց, հետո կխոսենք» ոչ անկարևոր նախադասությամբ։

Բայց, հիմա անդրադառնանք հարցին։ Ուշադրության առումով՝ գուցե նույն ուշադրությունն է, բայց ինչքան էլ որ մի մեծ բանակ անքննադատ կողմնակիցներ կան, միևնույն է, հասարակություն-ունկնդիրը արդեն «փչացել» է՝ շատ է «տեսած» ու ըստ այդմ՝ իրեն «տեսած է պահում»։ Իննսունի Ազգային ժողովին մենք նայում էինք սկզբում այնպես, ինչպես այբբենարանի տոնի հանդեսին նայում ենք մեր երեխայի ելույթին՝ « չսխալվես, չհուզվես, հուզվես էլ՝ոչինչ, հանգիստ, մի լարվի, շատ լավ ասեց, բայց տեսար ոնց ասեց, վայ, ապրես, դու»։

Հետո, դեպքեր են լինում, իրադարձություններ, տղաները դառնում են միահեծան, կոպիտ, ուժեղ, անբռնազբոս ու արդեն իրեն ձեռքերի վրա բերած սովորական մարդկանց նայում են « ժամանակ չկա, ասա» հայացքով, կամ՝ չեն նայում։ Մենք այս ճանապարհն անցել ենք։

Անգամ քաղաքագիտական որևէ նվազագույն շեմ չհաղթահարող մեկը, ով ապրել է Հայաստանում ութսունութից մինչև շատ հետոները, հրաշալի գիտի՝ ինչը ինչից հետո ինչպես է լինում։ Ու անգամ ամենաոչգրագետը սովորել է գնահատական տալ քաղաքական դեմքին իր ժեստիկուլյացիայի, բառապաշարի, միմիկայի, շեշտերի, հագուստի, քաղաքում երևալու ու չերևալու, նայած որտեղ երևալու ու մի շարք նման գործոններով։

Փորձված է ԱԺ նիստի ունկնդիրը։ Արդեն ամեն տաքսու վարորդ իր պրոֆիլատիկ «սաղ նույնն ա, բան չի փոխվելու»-ն ասելուց հետո սկսում է իր դիտարկումները ու զարմանալիորեն նրբանկատ բաներ է ասում, որ դու` որպես լրագրող կամ անցուդարձին ավելի տեղյակ ու գիտակ մեկը, չես զգացել։ Իրականում, այս փաստը անտեսվում է, ու անընդհատ արձանագրվում է այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը միաձայն ամեն ինչին կողմ է ու վերածվել մեկ չմտածող զանգվածի։ Մի պահ ես էլ ունեցա այդ մտավախությունը, բայց իրականում ժողովուրդը դեռ միաձայն դեմ է նախորդներին, ու «միաձայն դեմ»-ը ակամա ընկալվում է որպես «միաձայն կողմ»։

«Մեկ էլ սենց ուշադիր առաջին խորհրդարանին են, չէ՞, հետևել» հարցը տարավ հետ, բերեց առաջ ու պարտադրեց նայել ներկային առանց իմ ցանկությունների ու հիասթափությունների, առանց իմ ուզածը տեսնելու։ Ուշադիր են հետևում, իհարկե։ Ոմանք դեռ ուսումնասիրում են իրենց ծանոթ նոր պատգամավորներին ՝ տեսքը, նստելու տեղը, խոսքը։ Մի մասը չարախնդում է՝ քվեարկել չկարողացան, կոճակը սխալ սեղմեցին, ընդմիջումից հետո ուշացան։ Մի մասը սպասում է պառլամենտական կռիվներին՝ սա էլ բնական է։ Մյուսները բովանդակային մասին են հետևում։ Շատերը նայում են որպես սերիալի նոր սեզոնի ու այդ մասին գրում են «Ֆեյսբուքում»։

Մի մասը ուզում է տեսնել նորընտիրների հաջողությունը, նայում է շատ հուզական։ Բայց այս տարանջատումը իրականում արհեստական է, որովհետև բոլորը սպասում են, և այն, ինչ լինելու է՝ լինելու է բոլորի հետ։ Անգամ ամենացինիկներն ու չարախնդացողները սպասում են իրերի դասավորությանը։ Անտեղյակներ չկան, որովհետև քաղաքագիտական դպրոցներում չսովորածները ունեն փայլուն երեսնամյա քաղաքական փորձ։ Այդ սերունդը դեռ միջին սերունդ է, նրանք գիտեն ինչից հետո ինչպես է եղել, ինչ անհավանական բաներ են հավանական դարձել, ինչ անհույս միահեծանություն է կորել անդարձ, կամ հետ դառնալու թեթև կամ ծանր հույսով։

Ազգային ժողովին հետևում ենք ուշադիր, այդպես հետևել ենք մեկ էլ իննսուն թվականին, բայց այն ժամանակ տասնութամյայի հիացած, ամեն բաղադրյալ նախադասությունից ցնցված, իսկ հիմա կյանք անցած խելացի, իմաստնացած, ցինիզմը միշտ գրպանում պահող մարդու նման, որը լավ բան է ուզում ու սպասում։

Այս նոր Ազգային ժողովի կյանքն իրականում շատ ավելի բարդ է լինելու, քան նախորդինը՝ ավտորիտարինը։ Եվ եթե «Իմ քայլը» քվեարկում է ԲՀԿ-ի թեկնածուի օգտին, ու նիստի ունկնդիրը դա արձանագրում է՝ չի նշանակում, որ նախորդ պառլամենտի նման ամեն ինչ իր գտած հունով կգնա հավերժ, ինչպես Վոլգան համանուն երգում։ ԱԺ նիստի ունկնդիրը այն «տեսած» ունկնդիրն է, որին մի ահագին ժամանակով հեռացրել էին պարտերից ու օթյակներից, ու ինքն անգամ ցանկություն չի ունեցել ամֆիթատրոնի աստիճաններին նստած հետևել «համերգին»։

Հիմա, ԱԺ նիստի այդ ունկնդիրը արդեն լսել է իր մասին «հպարտ քաղաքացի» արտահայտությունը, և, անկախ ամեն ինչից, բոլոր ենթադրություններից ու իրականություններից՝ ինքը սեփական աչքով տեսել է, որ ինքը կարող է․․․ ինքը կարող է հեռացնել մեկին, որին հեռացնելն անհնար էր դարձել, կարողացել է անցնել Մարտի մեկից հետո ստեղծված վախի չեզոք գոտին։

Այլևս, ամենաամբոխային համաձայնության դեպքում անգամ, երբ մի պահ հստակ զգա իր հանդեպ նախկին քամահրանքը՝ ինքը իննսունի հիացածը չէ, որին երբ լքեցին՝ շնչահեղձ էր եղել անհավանականությունից։ Ինքը դրան հաջորդած քսանամյա՝ առանց հակադեպրեսանտի մնացած ընկճվածը չէ, իրեն՝ ԱԺ նիստերի ունկնդրին, արդեն ասել են «հպարտ քաղաքացի», ու ինքը սեփական աչքով տեսել է, որ կարող է անել անհավանականը։ Եվ եթե ՝այո, այսպես ուշադիր ենք նայում ԱԺ նիստերը, ինչպես առաջին խորհրդարանինը, ապա միայն զգոն է պետք լինել դրանից, ունկնդիրը փոխված է, ունկնդիրն արդեն «տեսած է», ունկնդրին արդեն ասել են «հպարտ քաղաքացի»։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am