«Կալանավորը մահացավ, ո՞վ է պատասխանատու նրա մահվան համար. պատասխանատվության ենթարկվողներ չկան, դա եղել է և մնացել է». իրավապաշտպան

28-01-2019
549 դիտում
«Կալանավորը մահացավ, ո՞վ է պատասխանատու նրա մահվան համար. պատասխանատվության ենթարկվողներ չկան, դա եղել է և մնացել է». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

- Տիկի՛ն Ալեքսանյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում օրերս մահացել է լրագրող Մհեր Եղիազարյանը, որը դրանից առաջ 44 օր հացադուլ էր հայտարարել և դադարեցրել հունվարի 17-ին։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը։

- Արդարադատության նախարարությունն անգամ պարտավորված չի զգում բացատրություն տալ տեղի ունեցածի վերաբերյալ։ Իհարկե, առաջին պատասխանատուն արդարադատության նախարարն է, որը պետք է տեղյակ լիներ մարդու առողջական վիճակի մասին։ 40 օրից ավելի հացադուլը անդառնալի կորուստների է բերում, և վերականգնելը շատ դժվար է, հետևաբար նրանք պատասխանատու են մարդու առողջական վիճակի, ֆիզիկական գոյության հմար։ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Մհեր Եղիազարյանին, տեղյակ են եղել նրա վիճակից, բայց լռել են, թե ինչ վիճակում է գտնվում այդ մարդը, որպեսզի մենք էլ տեղեկանայինք։

Այսինքն՝ որևէ տեղեկատվություն չկար այդ մարդու վիճակի մասին։ Էլ չեմ ասում այն մասին, որ դատարանն ու քննչական մարմինները նրա խափանման միջոց կալանքը չէին փոխարինել գրավով։ Բացարձակ անտարբերություն ու անպատասխանատվություն է եղել, այսինքն՝ վստահ են, որ պատասխանատվության չեն ենթարկվելու։ 21-րդ դարում, Հայաստանը, որ իբր ժողովրդավարական երկիր է, հեղափոխություն է տեղի ունեցել, առաջ է ընթանում, մարդը մեկուսարանում մահանում է։ Սա արտառոց երևույթ է։

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ համակարգում ոչինչ չի փոխվել։

- Մենք մի հարցում էինք արել կոռուպցիայի հետ կապված, և արդարադատության նախարարությունից մեզ դեռ ամռանը գրավոր պատասխանել էին, որ այդ համակարգում կոռուպցիա չկա։ Այսինքն՝ մարդիկ համարում են, որ այդտեղ կոռուպցիա չկա, այնինչ կոռուպցիայի մեջ թաղված է, այլև ինչ ուզում անում են մարդկանց հետ։

Դա փակ համակարգ է, որը պետք է առավելագույնս թափանցիկ դարձնել, ոչ թե թողնել, որ մարդը մահանա։ Սա բացահայտ անտարբերություն ու բացահայտ անպատժելիություն է, որը միշտ եղել է։ Նախկինում էլ, երբ մարդիկ մահացել են կալանավայրում, մենք քննության տվյալները չենք իմացել, որովհետև վստահ են եղել, որ ոչ ոք չի պատժվելու։ Ամենաահավորը դա է։

- Իսկ ՄԻՊ-ն ինչո՞ւ է լռել, չի ահազանգել, որ կալանավորի վիճակն օրհասական է։

- Մենք ընդհանրապես չենք տեսնում ՄԻՊ-ի դերակատարումը որևէ հարցում, որևէ երևույթի վերաբերյալ։ Շառից-փորձանքից հեռու, լուռ ու մունջ գոյատևում են իրենց համար։ Այլ վիճակ կլիներ, եթե մենք տեսած չլինեինք, թե ինչպես էր աշխատում նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը շատ լավ աշխատել է, երբ ամեն ինչին արձագանքում էր, միջամտում էր հրատապորեն։

Չմոռանամ ասել, որ մենք շատ հաճախ բարձրաձայնում ենք, զանգահարում ենք ՄԻՊ, որ մարդը հացադուլ է հայտարարել, վատ վիճակում է, գուցե դա օգնում է, որովհետև ՄԻՊ-ը հաճախ տեղյակ չի լինում։ Այսօրվա ՄԻՊ-ն ընդհանրապես ոչինչ չի անում։

- Նախկինում իրավապաշտպաններն էլ էին ավելի շատ արձագանքում, հիմա կարծես ավելի լուռ են դարձեն։ Դուք նման բան նկատո՞ւմ եք։

- Ես չգիտեմ, թե ինչու են իրավապաշտպաններն ավելի քիչ արձագանքում։ Որոշ իրավապաշտպանների դիրքորոշումը համահունչ է իշխանությունների դիրքորոշմանը։ Ի դեպ, միակ փոփոխությունը, որ Արտակ Զեյնալյանն արել է, քրեակատարողական վարչության պետի փոփոխությունն էր, բայց ՔԿՎ պետի մասին արդեն կարծիքներ կային, որ լավ սերտաճած է կրիմինալի հետ, բայց, այդուհանդերձ, նա նշանակվեց։ Սա խոսում է այն մասին, ամեն ինչ ավելի վատ է, քան մենք կարծում էինք, որ կարող է լինել։

- Այսինքն՝ քանի դեռ խնդիրը համակարգային լուծում չի ստացել, նման դեպքեր էլի՞ են լինելու։

- Այս պահի դրությամբ ոչ մի պարզաբանում չեն տվել։ Ես կարծում եմ, որ այս դեպքը պետք է վարչապետի ուշադրության կենտրոնում լիներ։ Փակ համակարգերում վիճակը սարսափելի է։ Ուզում եմ նաև հիշեցնել եզդի զինծառայողի մասին, որը փակված է ռազմական ոստիկանությունում, առողջական ծանր վիճակով, տուժողի կարգավիճակում, անպաշտպան ու անօգնական վիճակում է։

Չի կարողանում ինքնուրույն հագնվել, տեղաշարժվել։ Փակ համակարգում բացարձակ անտարբերություն է։ Մենք մեկ շաբաթից ավելի ահազանգում ենք այդ զինվորի մասին։ Նամակ ենք տարել պաշտպանության նախարարություն, բայց ոչ մի արձագանք։

Իբր՝ իրենք գիտեն, որ նա սիմուլյանտ է, բայց նա ծանր առողջական վիճակում է գտնվում։ Եթե այդ տղային որևէ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունը նախարարի վրա է ընկնելու։ Տեսեք՝ հիմա կալանավորը մահացավ, ո՞վ է պատասխանատու նրա մահվան համար։ Պատասխանատվության ենթարկվողներ չկան։

Դա եղել է և մնացել է։ Ես ինձ մեղավոր եմ զգում, որ չեմ իմացել այդ մասին, որևէ տեղեկատվություն չեմ տեսել, որ իմանամ այդ անձի մասին։

- Նոր իշխանությունների օրոք ՔԿՀ-ում մահվան արդեն երկրորդ դեպքն է։ Առաջինը Արմենակ Մնջոյանն էր։ Այսինքն՝ վերջին շաբաթների ընթացքում սա երկրորդ դեպքն է։

- Այո՛, ցմահ ազատազրկված Արմենակ Մնջոյանին ուշ էին օգնություն ցույց տվել։ Դուք իրավացի եք, փաստորեն դեպքը կրկնվել է, բայց ոչինչ չի փոխվում։ Առաջին դեպքից հետո գոնե պետք է զգոնություն լիներ, պարզաբանում տային, բայց ոչ մի բան չկա։ Արդարադատության նախարարությունում ոչինչ չի փոխվել։

Արտակ Զեյնալյանը պարտավոր էր անմիջապես հայտարարություն անել, հրապարակավ պարզաբանումներ ներկայացնել, բայց ոչինչ չի արել ու չի էլ անի։ Նա իրեն չի կապում որևէ երևույթի հետ։ Շատ վատ է վիճակը հատկապես քրեակատարողական հիմնարկներում, և դատապարտյալների կյանքում ոչինչ չի փոխվում։

Մանե Հարությունյան

MediaLab.am