Այս պատերազմի պայմաններում վարչապետի հայտարարությունը սթափեցնող և հարձակողական բնույթ ունի․ Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը 

– Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր՝ Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա։ Ի՞նչ է սա նշանակում, և ինչպե՞ս եք ընդհանրապես գնահատում այս հայտարարությունը։

– Տեսեք՝ ադրբեջանական քարոզչությունը մեկ հանգամանք է միշտ մեր աչքը մտցնում, և դա այն է, որ Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող գոյատևել կամ չի կարող պահել Արցախը, կամ Հայաստանն առանց Ռուսաստանի առոչինչ է։ 

Դա նորություն չէ և դա Ադրբեջանի բազմամյա քարոզչությունն է։ Նրանք միշտ նման սրացումների ժամանակ հույսը դնում են այն բանի վրա, որ վճռական լուծումների դեպքում Ռուսաստանը չի ընտրի հայանպաստ դիրքորոշում և, ասենք՝ հարցը կլուծի հօգուտ Ադրբեջանի կամ կիսատ-պռատ։ 

Այս պատերազմի պայմաններում վարչապետի հայտարարությունը սթափեցնող և հարձակողական բնույթ ունի։ Դա, իմ կարծիքով, ճիշտ է, որ Ադրբեջանը հույսը չի դնի այն բանի վրա, որ Ռուսաստանը կարող է միջամտել ու պարտադրել մի որոշում, որը Ադրբեջանի պահանջները կբավարարի։ 

Վարչապետը նման հայտարարությամբ փորձել է ցույց տալ, որ Հայաստան պետությունը և չճանաչված Արցախի Հանրապետությունը կարող են իրենց ներքին ուժերով լուծել այդ հարցը։ 

Նման հայտարարությունները պետք են ու օգտակար են Ալիևին սթափեցնելու համար, որովհետև մենք ներկա պահին տեսնում ենք, որ Ալիևի կայծակնային պատերազմի պլանը տապալված է, մի քանի օրում Ստեփանակերտ մտնելու նրանց մտադրությունները, ըստ էության, չեն իրականանում։ 

Այս պարագայում, երբ Հայաստան պետությունը հայտարարում է, թե անկախ արտաքին դիրքորոշումներից՝ մենք կլուծենք հարցը, սա արդեն Ադրբեջանին մտածելու և սառը դատելու, իրենց այդ արկածախնդրային քաղաքականությունից հրաժարվելուն միտված պետք է լինի։ 

Բայց ես չեմ կարծում, թե հակամարտության լուծումը միայն Երևանում և Բաքվում է, որովհետև չկան երկկողմանի բանակցություններ, չկա զիջումների այն սահմանը, որին կարող են գնալ Հայաստանը և Ադրբեջանը։ 30 տարվա ընթացքում այդ զիջումների ձևաչափը չի գտնվել։ 

– Այս անգամ շատ ակտիվ է Թուրքիան և կարծես փորձում է այս տարածաշրջանում թելադրող դառնալ, ուժ ցուցադրել։ Ինչի՞ կարող է հանգեցնել նրա ակտիվությունը։

– Տարածաշրջանում Թուրքիայի թելադրող դառնալու ձգտումը գալիս է 18-րդ դարից։ Հիշեք Պետրոս Առաջինի կասպիական արշավանքը, մինչև Առաջին համաշխարհային պատերազմ ձգված 7-8 ռուս-թուրքական պատերազմները։ Դա նորույթ չէ։ 

Եվ ամեն անգամ, երբ ռուսական ազդեցությունը երևում է Հարավային Կովկասում, Թուրքիան իր գլուխը բարձրացնում է։ 

Հիշեք՝ ինչպես էին նրանք ակտիվացել Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես էին ներթափանցել Վրաստան, և այսօր Աջարիայի ամբողջ տնտեսական համակարգերը Թուրքիայի ձեռքին են արդեն։ Նույնիսկ վայրեր կան, որ, ասում են՝ ամեն ինչ վերցրել են իրենց ձեռքը։ 

Այնպես որ, Թուրքիան ակտիվացել է, ուզում է ներթափանցել Հարավային Կովկաս, ցանկանում է այստեղ ռուսական ազդեցությունը փոխարինել թուրքականով, այդ ամենը ինձ համար նորություն չէ։ 

Հենց իրավիճակը լարվում է, ներթափանցման հնարավորություն է ստեղծվում։ Այդպես էլ պետք է լիներ, որովհետև այդ երկիրը 80 մլն-անոց պետություն է, տարածաշրջանային ուժային կենտրոն, իր աշխարհաքաղաքական դիրքով այն երկիրն է, որը աշխարհի բոլոր ծայրերում գտնվող ուժերի ու պետությունների համար լուրջ նշանակություն ունի, նրա ձեռքին են Սև ծովից Միջերկրական ծով ձգվող բոլոր նեղուցները և այլն, և այլն։ 

Նրա անկանխատեսելի վարքագիծը հատկապես սիրիական ճգնաժամում ցույց է տալիս, որ Թուրքիայի քաղաքական էլիտան վտանգավոր է։ Մենք պետք է այս հանգամանքները նկատի ունենանք և ոչ թե քարոզչական աղմուկ բարձրացնենք՝ վայ-վույ, Թուրքիան գալիս է, իսկ ե՞րբ չի եկել։ 

Միայն ռուսական ազդեցությունն է, որ հակակշռել է այդ երկրին։ Իսկ ի՞նչ դեր են կատարել եվրոպական մարդասիրական պետությունները, միջազգային հանրություն աբսուրդ հասկացությունը ի՞նչ դեր է կատարել։ 

Տարածաշրջանում կատարվածը ֆիքսել են ու գնացել։ Բայց գործուն միջամտություն խնդիրների լուծման ուղղությամբ չեն արել։ Այնպես որ, մենք մեր հույսը պետք է դնենք մեր ուժերի վրա։

– Այս օրերին Ռուսաստանից պարբերաբար հնչում էին հայտարարություններ, որ սահմանին լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը։ Այսօր վարչապետը անդրադարձել է այդ հարցին ու հայտարարել, որ կարիք չկա, քանի որ մեր բանակը կարող է մեզ պաշտպանել։ Ինչո՞ւ ռուսական կողմը սկսեց շրջանառել այդ հարցը։

– Ընդհանուր առմամբ խաղաղապահների գոյությունը շատ լավ բան է, բոլոր հակամարտություններում հարցը մեծ մասամբ կարգավորվել է այդ ճանապարհով։ Հակամարտությունների պատմությունը ցույց է տվել, որ թե՛ ՄԱԿ-ի, թե՛ առանձին կառույցների խաղաղապահները դրական դերակատարում են ունեցել։ Ընդհանուր առմամբ, այդ հանգամանքին իմ մոտեցումը դրական է։ Բայց այս ամեն ինչի արդյունքում նման հայտարարությունները, իմ կարծիքով, փորձ են շոշափել մեր տրամադրությունները։ Ինֆորմացիոն սլիվ են տվել, որ տեսնեն, թե ի՛նչ կարծիք ունենք այս փուլում այդ հարցի շուրջ։ Բայց խաղաղապահներ բերելու գաղափարը նոր չէ։ 

Սակայն խաղաղապահ բերելու գաղափարը կարող է լինել հետևյալ պարագայում, երբ երկարատև պատերազմի արդյունքում կողմերն այնքան հյուծվեն, որ երկու կողմին էլ ձեռնտու լինեն խաղաղապահները։ 

– Ի վերջո, պարո՛ն Քեռյան, հակամարտության նման սրացումը, որում հայկական զինված ուժերը առավելություն ունեն, ի՞նչ կարող է տալ հայկական կողմին, կարո՞ղ է ամրապնդել մեր դիրքերը։

– Իհարկե, այս հակամարտությունում հաղթանակը կարող է ամրապնդել մեր դիրքերը, և հետագայում, երբ արդեն գա բանակցությունների վերսկսման ու հարցի լուծման ինչ-որ մի կետ, մեր դիրքերն ավելի ամուր կլինեն։ 

Բայց հարցն այն է, թե բանակցություններն ի՛նչ ձևաչափով նորից կսկսվեն, և կողմերն ի՛նչ վիճակում կլինեն պատերազմից հետո։ Շատ կուզեինք, որ թելադրողը լիներ Հայաստանը, բայց հիմա, երբ պատերազմը մի քանի օրվա ընթացք ունի, և մենք առայժմ մարտավարական հաջողություն ենք արձանագրել ու ոչ թե ռազմավարական, չպետք է ընկնել երազանքների գիրկը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am