«Լրատվամիջոցները պետք է հասկանան, որ գրագողությունը քաղաքացիական մեծ պատասխանատվության կբերի». փաստաբան

07-02-2019
1284 դիտում
«Լրատվամիջոցները պետք է հասկանան, որ գրագողությունը քաղաքացիական մեծ պատասխանատվության կբերի». փաստաբան

Հայաստանում լրատվամիջոցները չեն օգտվում իրենց իրավունքներից և հաճախ դատի չեն տալիս իրենց հոդվածները «գողացող» գործընկեր լրատվամիջոցներին: Դա հանգեցրել է այն իրավիճակին, որ գրագողությունը տարածված երևույթ է համարվում: Այս դեպքում որակյալ լրատվական արտադրանք թողարկող ԶԼՄ-ները տուժում են, քանի որ ոչ բարեխիղճ լրատվամիջոցներն առանց պատշաճ հղման վերցնում ու արտատպում են գործընկերների արտադրանքը:

Փաստաբան Արա Ղազարյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ իրականում խնդիրն ունի պարզ լուծում:

«Եթե մեկ դատական գործ լինի, որով կսահմանվի փոխհատուցման բարձր չափ, միանգամից բոլորը դաս կքաղեն դրանից: Այսօր ինչո՞ւ է այս իրավիճակը, որովհետև ԶԼՄ-ներն իրենք իրենց իրավունքները չեն պաշտպանում: Հիմա չգիտեմ՝ ընկել են իներցիայի մեջ, գուցե գերխնդիրն արագությունն է, չեն ուզում գլուխ դնել, փաստաբան վարձել ու գումարներ ծախսել: Բայց այդ երևույթի հասցրած վնասները գնալով մեծանալու են, որովհետև դա հեշտ գումար աշխատելու ձև է»,- ասում է Արա Ղազարյանը:

Նա հիշեցնում է, որ այս հարաբերությունները կարգավորվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով: Այդ օրենքով այլ ԶԼՄ-ների հոդվածների ազատ օգտագործման շրջանակները նեղացվել են: Հոդվածը կարելի է վերարտադրել, բայց ոչ ամբողջությամբ:

Այս օրենքով լրատվամիջոցները կարող են դատական կարգով վերականգնել հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող լրատվական նյութի նկատմամբ իրենց իրավունքը: Օրենքը սահմանում է բարեխիղճ վերարտադրել նյութը, այլ լրատվամիջոցի հոդվածների վերարտադրումը թույլատրվում է միայն նպատակն արդարացնող ծավալով:

Այսինքն՝ չպետք է բացահայտվի լրատվական նյութի էական մասը: Նյութի ամբողջական վերարտադրությունը հնարավոր է իրականացնել միայն հեղինակի համաձայնությամբ: Եթե խախտվում են այդ պայմանները, Արա Ղազարյանի խոսքով, պետք է քայլեր ձեռնարկել:

«Լրատվամիջոցները պետք է իրենք իրենց իրավունքները պաշտպանեն, պետք է դիմեն դատարան կամ էլ ինքնակարգավորման դիտորդ մարմին, այսինքն՝ յուրաքանչյուր դեպք պետք է հանրայնացնել, տեղեկացնել, որ մարդիկ գողություն են արել»,- հավելում է փաստաբանը:

Ըստ Արա Ղազարյանի՝ լրատվամիջոցները պետք է հասկանան, որ գրագողությունը քաղաքացիական մեծ պատասխանատվության կբերի: Եթե խոսքը վերաբերում է լրատվությանը, ըստ նրա, դա չի հատում այն շեմը, որ քրեական պատասխանատվություն կիրառվի: Բայց քաղաքացիական պատասխանատվությունը որպես հակակշիռ կարող է լինել:

Եթե գործող օրենքը չի կիրառվում, Արա Ղազարյանի խոսքով, միգուցե օրենքը փոփոխելու, պատասխանատվության չափը բարձրացնելու կարիք կա: «Հիմա, եթե քաղաքացիական պատասխանատվությունը չի աշխատում, չեն դիմում դատարան, նշանակում է՝ արդյունավետ չեն համարում այս օրենքը: Այսինքն՝ այո՛, քաղաքացիական պատասխանատվության չափը պետք է բարձրացվի, գումարային չափերը պետք է բարձրացնել, որպեսզի հնարավոր լինի հակակշռել»,- նկատում է նա:

Հարցին՝ ինչո՞ւ են ԶԼՄ-ները խուսափում դատական հայցեր ներկայացնելուց անբարեխիղճ գործընկերների դեմ, փաստաբանը պատասխանեց, որ տարբեր պատճառներ կարող են լինել: «Հավանաբար մեծ վնասներ չեն կրում, գուցե անարդյունավետ են համարում, գուցե չգրված օրենքներ կան, որ լրատվամիջոցը լրատվամիջոցին դատի չպետք է տա»,- նկատում է նա:

Դատարան հայցեր ներկայացնելու հետ կապված մեկ խնդիր էլ կա՝ դատարանները գերբեռնված են, նման գործերի քննությունը երկար ժամանակ է պահանջում:

«Դրա համար գուցե ավելի լավ է, եթե հարցը լուծվի ինքնակարգավորման տիրույթում: Օրինակ՝ ԱՄՆ-ում հին պրակտիկա կա, շատ մեծ հեղինակություն վայելող ինքնակարգավորման մարմին, որը զբաղվում է միայն հեղինակային իրավունքով: Մարդիկ հենց այդ մարմնին են դիմում: Իրենք կազմում են ընդհանուր կանոնակարգ, ստորագրում են դրա տակ և սկսում են աշխատել այնպես, որ մեկը մյուսի հոդվածները չգողանա:

Եթե գողանան, դիմում են այդ մարմնին, որը պետական մարմին չէ, ինքնակարգավորվող մարմին է: Հայաստանում նման մարմին չկա: Կա դիտորդ մարմին, որը զբաղվում է էթիկական խնդիրներով: Հիմա այստեղ էթիկական խնդիր կա, բայց խնդիրը նաև օրենքի դաշտում է, որովհետև օրենքի խախտում էլ կա»,- եզրափակում է Արա Ղազարյանը:

Լուսանկարը`«Ֆոտոլուր»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am