Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 26 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«2020թ. նոյեմբերի 14-ից սկսված, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 473 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։