2013-ի մարտից Հայաստանի մարզերում գրանցված հղի կանայք Երեւանում այլեւս անվճար ծննդօգնություն չեն ստանա:
Առողջապահության նախարարի հրամանով` Ծննդօգնության եւ երեխայի առողջության պետական հավաստարագրերը տեղայնացվել են:
Հղի կանանցից շատերը նախընտրում են ծննդաբերել մայրաքաղաքի բժշկական հաստատություններում, քանի որ չեն վստահում մարզային բուժհիմնարկներին:
Այս տարվա մարտից մարզային գրանցում ունեցող կանայք մայրաքաղաքում ծննդաբերելու համար ստիպված կլինեն հավելյալ գումար վճարել: Այսուհետեւ միայն Երեւանում գրանցված կանայք իրավունք կունենան օգտվել անվճար ծննդօգնությունից:
Որոշումը կայացվել է 2012-ի նոյեմբերին նախարար Դերենիկ Դումանյանի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում, որին մասնակցել են նաեւ մարզպետարանների առողջապահության վարչությունների պետերն ու ներկայացրել մարզային ենթակայության բուժհաստատությունների իրավիճակը:
«Այսուհետեւ ծննդաբերությունը կկազմակերպվի վարչատարածքային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ հղին ծննդօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել ըստ իր բնակության վայրի. մարզի բնակիչը` իր մարզում, Երեւանի բնակիչը` Երեւանում», – լրագրողների հետ 2012-ի ամփոփիչ հանդիպմանը բացատրեց նախարար Դումանյանը:
Ծննդօգնության պետական հավաստագիրը Հայաստանում ներդրվել է 2008 թվականի հուլիսի 1-ից: Այն պետության կողմից երաշխավորվող անվճար բուժօգնության եւ բուժսպասարկման իրավունք տրամադրող փաստաթուղթ է:
Նախարարության տվյալներով`պետությունը երեւանյան բուժհիմնարկին մեկ հղիի համար 135 հազար դրամ է հատկացվում, իսկ մարզի պարագայում` 97 հազար:
«Այսուհետեւ, սակայն, բուժհիմնարկների միջեւ, աշխարհագրական դիրքով պայմանավորված, տարբերություն չի դրվելու, անվճար ծննդօգնության հավաստագիրը նույն արժեքն է ունենալու»,- պարզաբանում է առողջապահության նախարարը:
Նախարարությունում այժմ մշակվում է ծննդկանների ուղեգրման կարգը`ըստ ծննդօգնության ծառայության կազմակերպման մակարդակների:
Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքերով` այս որոշումը մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների անհիմն հոսքը կանխելուն է ուղղված:
Պաշտոնական տվյալներով` 2012-ին հղի կանանց 36%-ը ծննդաբերել են մարզերում, իսկ 64%-ը` մայրաքաղաքի բուժհիմնարկներում:
«Այս քայլի շնորհիվ կապահովվի բժշկական համապատասխան ծառայությունների համար հատկացված պետական միջոցների հասցեականությունը, այսինքն` պետբյուջեից մարզին հատկացված գումարը կմնա հենց տվյալ մարզում»,- ասում է Սարիբեկյանը:
Նախարարության` այսպես կոչված բարեփոխումներից դժգոհ են մարզերում գրանցված կանայք, ովքեր պատրաստվում են ծննդաբերության:
35-ամյա Արմինե Ասատրյանն ունի 2 երեխա, շուտով կծնվի 3-րդը: Երկու երեխաները ծնվել են մարզում 3-րդ երեխան ծնվելու է քաղաք Երեւանում: Արմինեն գրանցված է Գեղարքունիքի մարզում, սակայն արդեն 10 տարի է տեղափոխվել է եւ ապրում է Երեւանում: Ուստի, 3-րդ երեխան ծնվելու է Երեւանում. նա տեղյակ է, որ ունենալով մարզային գրանցում եւ ապրելով Երեւանում, ծննդաբերելու համար պարտադիր կերպով պետք է գումար վճարի:
«Մարզերում նորածինների մահացության ցուցանիշը շատ բարձր է: Բացի այդ, բոլոր անալիզները չես կարող հանձնել մարզային բուժհաստատությունում: Այսինքն` թող բոլոր հիվանդանոցները հասցնեն երեւանյան հիվանդանոցների մակարդակին, հետո միայն տեղայնացում կատարեն», – ասում է Արմինեն`արդեն պատրաստվելով վճարովի ծննդօգնությանը:
Մարզային հիվանդանոցների հետ կապված տհաճ հիշողություններ ունի 28-ամյա Հասմիկը, որը կիսում է մարզաբնակ հղիների մտահոգությունը: Ըստ նրա` իր առաջին փոքրիկին կորցրել է հենց մարզային բուժհաստատության պատճառով:
«Առաջին հղիության ժամանակ դիմեցի մեր մարզի պոլիկլինիկա, սակայն ինչ-որ անալիզների համար ստիպված էի գնալ մեկ այլ հիվանդանոց եւ վճարել դրանց համար, քանի որ մեր պոլիկլինիկան նման անալիզներ չէր ընդունում: 27 շաբաթական հղիության ժամանակ, սակայն, իմ վիճակը կտրուկ վատացավ, ինձ ուղարկեցին Երեւան շատ ծանր վիճակում՝ իբր պաշտպանվելու: 8 օր վերականդանացման բաժնում պառկելուց հետո կեսարյան վիրահատություն արեցին: Առաջնեկս թերհաս էր ծնվել եւ 2 օր ապրեց»,-պատմում է Հասմիկը` հավելելով, որ եթե տեղացի բժիշկներն ավելի ուշադիր լինեին, ինքն այսօր միգուցե 2 բալիկ ունենար:
ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը համաձայն չէ մարզաբնակ կանանց քննադատական կարծիքի հետ: Նրա խոսքերով` պետությունը մեծ ներդրումներ է կատարում` մարզային բժշկական կենտրոնները զարգացնելու համար:
«Ծննդօգնության տեղայնացումը մարդկանց նաեւ ավելորդ ծախսերից հետ կպահի, Մենք դա անում ենք, որ մարդիկ ավելորդ տեղը չհասնեն Երեւան եւ ավելորդ ծախսեր չանեն: Եթե մի քանի տարի առաջ չունեինք արդիական սարքավորումներով հագեցված մարզային ծննդատներ, ասում էինք, որ մարդն ընտրում է ավելի լավ կահավորվածը եւ դրա իրավունքն ունի, իսկ հիմա պետք է ձգտենք տեղերում սպասարկել ծննօգնությունը, քանի որ անհրաժեշտ սարքավորումներ ու բարձր որակավորմամբ մասնագետներ ունենք նաեւ մարզերում»,- ասում է Բաբլոյանը:
Հայաստանում գործում են ծննդօգնության 62 հաստատություններ, որից 11 ծննդատուն` Երեւան քաղաքում: Ծննդօգնության ոլորտում 2009-2010թթ. բարեփոխումների փաթեթով` հիմնանորոգվել եւ սարքավորումներով են ապահովվել Իջեւանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի, Աշտարակի, Գորիսի բժշկական կենտրոնները, ընթացքի մեջ են Ապարանի, Կապանի, Մեղրու բժշկական կենտրոնները: Որպեսզի ծննդօգնության ոլորտում աշխատող մասնագետները չլքեն մարզային բուժհիմնարկները, առողջապահության նախարարի հանձնարարականով`մարզային ծննդատների աշխատավարձի ֆոնդ է ուղղվել 115 մլն դրամ:
Հղիները, սակայն, համոզված են, որ այդ ներդրումները ոչինչ չեն կարող փոխել, քանի դեռ չեն փոխվել մարզային մասնագետները:
«Եթե մարզերում համապատասխան որակյալ մասնագետներ լինեին, հավատացեք, ոչ մի հղի չէր գնա Երեւանում ծննդաբերելու», – միաբերան ասում են մարզաբնակ կանայք:
Արփի Հարությունյան
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: www.iwpr.net
Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի
© Medialab.am