Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ռոբերտ Ղազարյանը: Ռոբերտ Ղազարյանը ծնվել է 1976թ. Երևանում: 2001թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը, 2005թ-ին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան:
Ռոբերտ Ղազարյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հին Արևելքի պատմությունը, Հայոց պատմության հին շրջանը, Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի պատմության միջին և ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանը: Նա 4 գրքի և 31 հոդվածի հեղինակ է: Ռոբերտ Ղազարյանը 2005 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում: 2013-2020թթ. եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, 2020 թ. սեպտեմբերի 15-ից՝ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Ռոբերտ Ղազարյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի վարիչն է 2008թ-ից: 2015թ-ից առ այսօր նա ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլալեզու պարբերականի պատասխանատու քարտուղարն է, 2014 թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» ժողովածուի գլխավոր խմբագրի տեղակալը:
Ռոբերտ Ղազարյանը Հայաստանի պատմաբանների ասոցացիայի անդամ է: 2011-2015թթ. եղել է ԲՈԿ-ի 006 Համաշխարհային պատմություն մասնագիտական խորհրդի անդամ, «Մերձավոր Արևելք», «Հին Արևելք», «Արևելագիտությունը Հայաստանում» ժողովածուների խմբագրական խորհուրդների անդամ: