«Ռուսաստանը շտապում է ինքը բացել միջանցքը, քանի դեռ այլ ուժային կենտրոններ ավելի կտրուկ գործողությունների չեն դիմել». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Լաչինի միջանցքի շրջափակումից ավելի  քան մեկ ամիս անց կարծեք թե առաջին անգամ ռուսական կողմից հուսադրող հայտարարություն է հնչում միջանցքը ապաշրջափակելու մասով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այս հայտարարությունից ի՞նչ սպասելիքներ ունենանք։

– Ապաշրջափակման առումով սպասելիքներն իհարկե մեծ են։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն ինքը շտապում է միջանցքը բացել, քանի դեռ այլ ուժային կենտրոններ ավելի կտրուկ գործողությունների չեն դիմել, որովհետև դրա որոշ նախանշաններ կան։ Մյուս կողմից էլ՝ հիմնական նպատակները, որոնց համար այդ շրջափակումն արվել էր, իսկ դրանք Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելն ու արագ որոշ հարցեր լուծելն էր՝ սկսած «Զանգեզուրի միջանցքից», արդեն ակնհայտ է, որ հնարավոր չէ իրականացնել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի համար։

Բնական է, որ Ռուսաստանը այս պարագայում կբացի միջանցքը, ու դա կփորձեն ներկայացնել որպես Ռուսաստանի բավական լուրջ դիվանագիտական հաջողություն։ Հայաստանի ներսում գործող ռուսական 5-րդ շարասյան անդամներն էլ, իհարկե, կողջունեն այդ քայլը, գուցե նաև շնորհակալական ակցիաներ անցկացնեն։

Լավրովի մյուս հայտարարությունը, թե «հիմա ռուս զինվորականները ուսումնասիրում են ադրբեջանցիների ներկայացրած տվյալները, թե հայկական կողմը, խախտելով եռակողմ համաձայնությունները, այդ միջանցքով ականներ է տեղափոխել, որոնք հետո օգտագործվել են ադրբեջանական դիրքերի մոտ տարածքներ ականապատելու համար», հող են նախապատրաստում հետագա քայլերի համար, մասնավորապես՝ Արցախ տեղափոխող երեխաների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները արդարացնելու համար։

– Կասեք՝ ի՞նչ ուժային կենտրոններ նկատի ունեք, որոնցից, ինչպես ասում եք, Ռուսաստանը փորձում է առաջ ընկնել, ու նաև կխնդրեմ նշեք այն նախանաշանները, որոնց մասին ասում եք։

– Առաջին հերթին նկատի ունեմ Արևմուտքը։ Նախանշաններից մեկը, օրինակ՝ Եվրամիության կողմից Հայաստան երկու տարով քաղաքացիական առաքելություն ուղարկելն է, ինչն անուղղակի կերպով կապված է Լաչինի միջանցքի հետ ու որոշակի առումով հնարավորություն էր տալու Հայաստանին ավելի մեծացնել խնդրի հետ կապված միջազգային աղմուկը։

Այլ ազդակներ ևս կան, որոնք հիմնականում կապված են Արևմուտքի հետ, ու քանի որ Հայաստանը կարողացավ այս իրավիճակը ներկայացնել որպես հումանիտար ճգնաժամ, դա էլ իր հերթին Ադրբեջանի անհանգստությունն առաջացրեց, ինչը մենք երեկ տեսանք, երբ գազամատակարարումը դադարեցնելուց ժամեր անց վերականգնեցին գազամատակարարումը, այսինքն՝ իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը մտավախություններ ունեն, որ գուցե ինչ-որ մեկն առաջ ընկնի, ու միջանցքը բացելու դափնիներն ինքը ստանա։

Ռուսաստանը փորձում է առաջ ընկնել, ու, կարծում եմ, որ կստացվի, ու, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս միջանցքը կբացվի, ու դա կներկայացվի ռուսական դիվանագիտության խոշոր հաջողություն։

– Լավրովն ասել է նաև, որ ԵՄ այդ ուղարկվելիք առաքելությունը կարող է անարդյունավետ լինել, եթե Բաքուն դեմ լինի դրան, ու նաև նշել է, որ իրենք «մինչև հիմա պատրաստ են ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման»։ Այս մասով ձեր մեկնաբանությունը խնդրեմ։

– Այստեղ կա երկու կարևոր գործոն․ առաջինն այն է, որ Հայաստանը ԵՄ անդամ չէ ու ԵՄ անվտանգային համակարգում մասնակցություն չունի, փոխարենը ՀԱՊԿ-ի անդամ է ու այդ կառույցի անվտանգային համակարգում պետք է լիներ: Երևի Լավրովը «մոռանում» է սրա մասին և խոսում է ՀԱՊԿ-ի կողմից քաղաքացիական-դիտորդական առաքելություն ուղարկելու մասին, ինչը Հայաստանի համար որևէ նշանակություն չի կարող ունենալ։

ԵՄ-ի կողմից քաղաքացիական առաքելությունը իհարկե քայլ է առաջ, որովհետև, ինչպես ասացի, Հայաստանը, չլինելով այդ կառույցի անդամ, այնուամենայնիվ, որոշակի օգնություն է ստանում։ ՀԱՊԿ-ից Հայաստանի սպասելիքներն այլ էին, ՀԱՊԿ-ը պետք է ռազմական ու քաղաքական օժանդակություն տրամադրեր, բայց դա տեղի չունեցավ։

– Դրա համար, Լավրովը, ըստ էության, մեղադրում է հայկական կողմին՝ ասելով, որ հրաժարվել են դրանից, ինչ է թե իրենց կողմից հստակ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի գործողություններին։

– Իհարկե, ես հենց դա եմ ասում, որ մեղադրում է հայկական կողմին՝ «մոռանալով», որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ու ՀԱՊԿ-ը պետք է քաղաքական ու ռազմական օժանդակություն ցուցաբերեր և ոչ թե քաղաքացիական, ինչը անում է ԵՄ-ն՝ չլինելով Հայաստանն ընդգրկող անվտանգային կառույց, այսինքն՝ այստեղ կարգավիճակների տարբերություն կա, ինչն այս դեպքում վճռորոշ է, որը իհարկե ձեռնտու չէ Լավրովին։

Ռուսաստանը իհարկե խանդով է վերաբերվում այլ գործընկերների հետ փոխհարաբերություններ հաստատելու Հայաստանի փորձերին, բայց Հայաստանի իշխանության համար պետության շահը գերակա է։

– Պարո՛ն Ղևոնդյան, իսկ ԵՄ առաքելության տեղակայմանը Ադրբեջանը կհամաձայնի՞։

– Այդ առաքելությունը տեղակայվելու է Հայաստանի սահմանների ներսում, ու դրա համար Ադրբեջանի համաձայնությունը էական չէ, որովհետև ԵՄ կանոնադրության ու գործառույթների մեջ կան մեխանիզմներ, որոնց դեպքում երրորդ երկրի համաձայնությունը պարտադիր չէ։ Հետևաբար այս դեպքում Ադրբեջանի համաձայն լինել-չլինելը նշանակություն չունի։

– Իսկ իր սահմաններից ներս, եթե նման առաջարկություն ստանա, կհամաձայնի՞ առաքելության տեղակայման։

– Ամենայն հավանականությամբ՝ կմերժի, թույլ չի տա իր կողմում դիտարկումներ անել, բայց Հայաստանի սահմաններից ներս Ադրբեջանը դրան խոչընդոտելու իրավասություններ չունի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am