Մաշադյանները. Հեղափոխությամբ բարգավաճողները

18-02-2019
4363 դիտում
Մաշադյանները. Հեղափոխությամբ բարգավաճողները

Միշտ ցնցվել եմ այն ճարպկությունից, թե ինչպես է պաշտոնը գտնում մարդուն օրենքի այն դրույթով, որ նրան արգելում է նշանակվել էդ պաշտոնին: Հենց հարցնում ես նշանակողին, ասում է՝ գիտե՞ք, նշանակումից երեք րոպե առաջ էդ օրենքն իր ուժը կորցրել է:

Կոռումպացվածի անխաթար համբավ ունեցող ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի որդին՝ 23-ամյա Հարություն Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ: ՀՀ դատախազությունն արդեն պարզաբանել է, թե ինչու է այդ «պատանին» նման պաշտոնի տեր դարձել: Որովհետև, ըստ «Դատախազության մասին» օրենքի պահանջի, դիպլոմավորված մասնագետ է և տիրապետում է հայերենին: Իսկ տարիքային արգելք օրենքը չի սահմանում:

Մի փոքր վերափոխելով «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի հայտնի արտահայտությունը, հարցնենք՝ բայց ինչո՞ւ հենց Հարություն Մաշադյանը: Այս երիտասարդը բանակում չի ծառայել, թեպետ դատախազությունը վստահեցնում է, որ ծառայել է:

Սա անարգանք է ծառայություն անցած իրավաբանների հասցեին, որոնք ուղղակի աշխատանք չունեն կամ ունեն, բայց ոչ մի առաջխաղացում: Երկրորդ՝ այս երիտասարդը ՀԱՅՐ ունի, որի նմանին շատերը չունեն: Էլ չեմ ասում՝ իրավաբաններ կան, որոնք գրեթե ի ծնե հայր չունեն:

Մենք ինչ-որ բան լսե՞լ ենք այս երիտասարդի տաղանդավոր բացահայտումների կամ իրականացրած քննության մասին, հատկապես բանակում տեղի ունեցած հանցագործությունների մասին: Ո՛չ: Մենք նրա ՀՈՐ մասին ենք լսել: Հայրն առաջինն էր, որ հայտարարեց, որ ՊԵԿ-ի համար գաղտնիք չի եղել օլիգարխների մշակած և երկար ժամանակ կիրառած այն սխեման, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ բացված կեղծ ԱՁ-ներ:

Ռաֆիկ Մաշադյանի դուստրը Սերժ Սարգսյանը իշխանության օրոք 2017-ի նոյեմբերին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում քաղաքապետարանի քավորությամբ ձեռք է գցում միանգամից երկու շինություն:

ՀԱՅՐՆ այդ ժամանակ ղեկավարում էր ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների տեսչությունը: Մի խոսքով:

Սակայն սպանիչ է դատախազության այն ձևակերպումը, թե օրենքը, որն արգելում էր 25 տարեկանից ցածր երիտասարդին նշանակել դատախազի պաշտոնին, ուժը կորցրած է ճանաչվել Մաշադյանի առաջին նշանակումից (կայազորի դատախազը նրա երկրորդ նշանակումն է) երկու ամիս հետո: Հասկացա՞ք:

Որդի Մաշադյանն արդեն 22 տարեկանում դատախազ էր: Էս երիտասարդը ավարտելուց անմիջապես հետո նշանակվել է, ու դեռ ընթացքում էլ, ըստ դատախազության, երկու տարի բանակում է ծառայել:

Ու դա ասվում է նոր Հայաստանում:

Եթե ամփոփենք, կարող ենք ասել, որ դատախազությունում Սերժ Սարգսյանին դեռ հրաժեշտ չեն տվել: Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկի համբավն ունեցող Ռաֆիկ Մաշադյանը դեռ «պեռվի կռուգ» մարդ է: Այսինքն՝ նոր Հայաստանում ՊԵԿ-ի պաշտոնյան դեռ որդի է տեղավորում աշխատանքի: Ես չգիտեմ, դժվարանում եմ ենթադրել, որ վարչապետ Փաշինյանն այս դրվագից տեղյակ չէ: Կարող եմ ենթադրել, որ չառարկելու համար ավելի համոզիչ փաստարկներ ունի:

Բայց հեղափոխությունը ծնվեց ոչ իշխանության իմացածից, որը մենք չգիտեինք: Հեղափոխությունը ծնվեց մեզ հիմարի տեղ դնելուց:

Դատախազության պատասխանը բավարար չէ, դա արդարացում է: Այդպիսի արդարացումներում էր լցված Սերժ Սարգսյանի իշխանության ամբողջ ճամփան: Արժե՞, որ էդ նույն ճամփեն մեզ ուղեկցի:

Մհեր Արշակյան

MediaLab.am