Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է սկսել Արցախը ճանաչելու գործընթաց

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը:

«Կոչ եմ անում շարժվել պլանով և ճանաչել Արցախի անկախությունն՝ իր հետևանքներով: Հնարավորությունը բացվել է, եկեք քննարկենք, լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, էլ ե՞րբ ենք դա անելու: Հայ ժողովուրդը հետ գնալու տեղ չունի, պետք է գնալ առաջ»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին նշեց Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովում ունեցած իր ելույթում:  

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը պիտի լուծի այս հարցը և չթողնի հաջորդ սերունդներին: Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչի կարծիքով, պետք է այս պատերազմով հարցը լուծել վերջնականապես:

«Չենք կարող կանգնել: Ես կարծում եմ, որ մենք ինչ ունեինք կորցնելու, կորցրել ենք: Մենք տարիներ շարունակ ասել ենք՝ եկեք փխրուն խաղաղությունը պահպանենք, քանի դեռ բանակցում ենք: Պարոն վարչապետ, տվեք հրամաններ շարժվել առաջ: Եթե պատմությունը թողեցինք կիսատ, ապա մենք շարունակելու ենք արնաքամ լինել, իսկ մենք արնաքամ ենք լինում արդեն շուրջ 25-ից ավելի տարի:  Մենք պետք է մեր իրավունքները պաշտպանենք, և որևէ մեկը չի կարող մեզ դատապարտել: Այո, մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք և այսօր նույն ցեղասպանություն իրականացնողներն ուզում են կրկին ցեղասպանություն իրականացնեն 100 տարի անց: Մենք մեզ պաշտպանում ենք ցեղասպանությունից: Թե դիվանագիտական, թե քաղաքական թիկունքն իր գործն անում է, ամուր է, մենք բոլորս միասնական ենք, քան երբևէ»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ համաձայն է գործընկերոջ գնահատականներին, այն է՝ հայ ժողովուրդը հետ քայլի տեղ չունի:

«Ամեն մեկս մեր տեղում պետք է մեր գործն անենք: Որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ արդեն դիմել եմ եվրոպական բոլոր կառույցներին, քաղաքական խմբերին՝ հստակ ներկայացնելով իրավիճակը և Թուրքիայի անթույլատրելի մասնակցությունը: Այո ինձ չի բավարարում միջազգային կառույցների հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումները, կողմերի միջև պարբերաբար հավասարության նշան դնելու այս գործելաոճը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ ներկայում պատերազմ է և Ադրբեջանը թքել է միջազգային բոլոր պայմանագրերի, կոնվենցիաների վրա:

«Ես, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, առաջարկում եմ հենց այս պահին համարել սկսած Արցախի ճանաչման գործընթացը: Սա միջազգային հանրության, խաղաղ բանակցային գործընթացին ուղղված չէ: Բավական է, մենք գործ ունենք մի թշնամու հետ, որի հետ խոսել խաղաղության լեզվով հնարավոր չէ»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է գնահատական տա Թուրքիայի ուղղակի մասնակցության այս գործընթացին: