«Իրավապահ մարմինները պետք է իրավական գնահատական տան և՛ բռնության գործողություններին, և՛ ատելության խոսքի տարածմանը Նարեկ Մալյանի կողմից». իրավապաշտպան

05-03-2019
877 դիտում
«Իրավապահ մարմինները պետք է իրավական գնահատական տան և՛ բռնության գործողություններին, և՛ ատելության խոսքի տարածմանը Նարեկ Մալյանի կողմից». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում էՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

- Պարո՛ն Սաքունց, նախօրեին Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի ու «Ռեստարտ» ուսանողական խմբի անդամների միջև բախում է տեղի ունեցել: «Ռեստարտ» խմբի տղաները փորձել էին Նարեկ Մալյանին աղբարկղը նետել։ Ինչպե՞ս եք դա գնահատում։

- Նախ՝ այդտեղ պաշտոնատար անձանց կողմից չի կատարվել այդ գործողությունը, որ գնահատենք մարդու իրավունքների տեսանկյունից, այսինքն՝ ոստիկանության կամ պետական որևէ մարմնի կողմից։ Կարևորն այն է, որ ոստիկանությունը ժամանակին կարողացել է կասեցնել։ Իհարկե, ես անթույլատրելի եմ համարում որևէ ոտնձգության փաստ որևէ անձի կողմից։ Այն բռնության կոչերն ու ատելության խոսքը, որ կային Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ, միանշանակ անթույլատրելի է, ինչպես նաև անթույլատրելի է Դավիթ Պետրոսյանի և իր ընկերների կողմից կատարված այդ գործողությունը։ Որևէ մեկն իր վրա չպետք է վերցնի պատժելու, պատժիչ գործողություն իրականացնելու կամ պատասխանատվության ենթարկելու ֆունկցիա։

Կարծում եմ, որ ատելության խոսքի այդ դրսևորումները, իհարկե, նպատակ ունեին, և ինչպես ինքը՝ Նարեկ Մալյանն է խոստովանում, նպատակ ունեին սադրելու։ Երիտասարդները չպետք է սադրանքի տրվեին։ Կարծում եմ՝ իրավապահ մարմինները պետք է իրավական գնահատական տան և՛ բռնության գործողություններին, և՛ ատելության խոսքի տարածմանը Նարեկ Մալյանի կողմից։ Ավելին, դրանք ոչ թե զուտ խոսքեր էին, այլ գործողություններ, գործողություններ հրահրող կոչեր։ Սա ես համարում եմ, իհարկե, արդեն հեռացված կոռումպացված համակարգի սպասարկողների, նրանից օգտվողների վերջին ջղաձգումները, և քանի գնա հակակոռուպցիոն պայքարը, որքան ժողովրդավարական բարեփոխումները, իրավական պետության ձևավորման գործընթացները իրականացվեն, այդքանով իրենց ասելիքն ու տեղը կամ նման խոսքերի, նման արժեքային համակարգով մարդանց տեղը հասարակության մեջ կնվազի։

Սա դիմադրության վերջին ճիգերն են։ Ինձ համար շատ արտառոց էր իհարկե Ռոբերտ Քոչարյանի «168 ժամ»-ում ներկայացված հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերում էր վերստին Սորոսի հիշատակմանը։ Կարող եմ ենթադրել, որ Բաց հասարակության հիմնադրամների դեմ ուղղված այս վերջին ուժգնացումը մեկ կենտրոնից է։ Դա ակնհայտ կեղծիքի միջոցով պատասխանատվությունից խուսափելու փորձեր եմ գնահատում։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը ես բնորոշում եմ որպես սովորական հանցագործության մեջ մեղադրվող անձի վարքագիծ, որը ամեն կերպ, ամեն ջանք գործադրում է պատասխանատվությունից խուսափելու համար։ Կարծում եմ, շուտով, երբ դատական պրոցեսը սկսվի, այդ բոլոր կեղծիքները, ապատեղեկատվությունը հօդս կցնդեն ծանրակշիռ փաստերի ազդեցությամբ։

- Ատելության խոսքն ու հայհոյանքները, որ հնչում են Նարեկ Մալյանի և իր ընկերների կողմից, հանրության մոտ ի՞նչ արձագանք պետք է ունենային, իրավական առումով ի՞նչ պետք է անեին քաղաքացիները, ի՞նչ իրավական մեխանիզմներ կային այդ ամենի դեմն առնելու համար։

- Բոլոր դեպքերում ատելության խոսքը, որ ուղեկցվում էր բռնության գործողություններ հրահրելու սպառնալիքներով, մենք տեսնում ենք, որ դրանք նաև ուղեկցվում են սադրանքներով։ Այդուհանդերձ, լավագույն պատասխանը կլիներ ոչ թե նույն ոճով հակադարձելը, այլ մնալ բարձրության վրա և չիջնել այդ մակարդակին, որովհետև խնդիրների քննարկման այն մակարդակը, որ փորձում են պարտադրել հասարակությանը այդ խմբերի կողմից, շատ ցածր է, շատ ճղճիմ է, և, իհարկե, այդ մակարդակում որևէ բովանդակային հարց հնարավոր չէ քննարկել։

Ավելին, դա նպատակաուղղված է բովանդակային խնդիրներն աղճատելուն, հանրային ուշադրությունը դրանցից շեղելուն։ Այն, որ կոռուպցիոն համակարգը խժռել է երկիրը, անվտանգությունը, զինված ուժերը, պետական ապարատը, կրթության համակարգը, գիտական համակարգը, տնտեսական համակարգը՝ սա որպես փաստեր արդեն կան և շարունակելու են նորանոր փաստեր ի հայտ գալ։

Պարզապես, օգտվելով առիթից, ուզում եմ ասել, որ հենց այդ ատելության կոչերի կամ հանրային օրակարգը ձևափոխելու, աղճատելու փորձերի լավագույն պատասխանը պետք է լիներ բարեփոխումների իրականացումը, կոռուպցիոն սխեմաների վերջնական բացահայտումը, դատաիրավական բարեփոխումները, տնտեսական բարեփոխումները, պետական կառավարման համակարգի բարեփոխումները։ Այս ուղղությամբ պետք է ջանքեր գործադրել, ոչ թե հակադարձել այդ ցածր մակարդակի հասցվող ճիգերին։

- Ամեն դեպքում, մարդու իրավունքները ոտնահարվում են նաև, երբ այդպիսի ատելության քարոզ է իրականացվում համացանցում։

- Կրկնում եմ՝ դրա համար կան այլ մեթոդներ։ Չպետք է տուրք տալ այդպիսի սադրանքների։ Դրանց նպատակը հենց սադրելն է, որի մասին խոստովանում է հենց Նարեկ Մալյանը՝ ժամանակին լինելով մի իրավական մարմնի ղեկավարի խորհրդական, որը բազմիցս բռնություններ է կիրառել հենց այդ նույն «Ռեստարտի» տղաների նկատմամբ ու մնացել անպատիժ։ Այն ժամանակ մենք իհարկե հասկանում էինք, որ իրավիճակն այլ էր, բայց մենք պետք է նաև գիտակցենք, որ չպետք է ատելության խոսքին ատելության խոսքով պատասխանել։

Դա միանշանակ է, դա բարեփոխումներ կատարելու համար ամենևին ոչ բարենպաստ մթնոլորտ կարող է դառնալ։ Իսկ ատելության խոսքի, ատելության մթնոլորտի ձևավորումն ինքնին խոչընդոտում է ժողովրդավարական բարեփոխումները, որովհետև դրանք ոչ թե բազմակարծության մշակույթ են ձևավորում, այլ ատելության մշակույթ։

Իսկ ատելության մշակույթի պայմաններում իրավական և ժողովրդավարական բարեփոխումները չեն կարող հաջողություն ունենալ։ Նկատի ունեմ, որ նման փորձերը հենց ուղղված են ժողովրդավարության հաստատման դեմ, թափանցիկ, հաշվետու իշխանության ձևավորման դեմ։ Իշխանությունը պետք է իրականում գործի առանց սխալվելու իրավունքի, և իշխանության վարքագիծը որոշիչ է լինելու։ Ի դեպ, վերջին շրջանի հակասորոսյան արշավները ևս հովանավորներ ունեն։

Այսպես կոչված հակասորոսյան արշավը՝ հանձին Ռոբերտ Քոչարյանի, ունի հոգևոր հովանավոր, եթե ոչ հովանավորության այլ ձևեր։

Մանե Հարությունյան

MediaLab.am