«Արցախյան հարցի լուծումը Մադրիդյան փաստաթուղթը «դուխով» աղբաման ուղարկելն է, մինչդեռ մեր հեղափոխությունից «դուխով» միայն գլխարկները մնացին». Քաղաքագետ

15-03-2019
2330 դիտում
«Արցախյան հարցի լուծումը Մադրիդյան փաստաթուղթը «դուխով» աղբաման ուղարկելն է, մինչդեռ մեր հեղափոխությունից «դուխով» միայն գլխարկները մնացին». Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

- Պարո՛ն Մարտիրոսյան,Անվտանգության խորհրդի վերջին նիստը տեղի ունեցավ Արցախում։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Արցախում և ի՞նչ էր այն խորհրդանշում։

- Որովհետև վարչապետը ցանկանում էր ինչ-որ ազդակ հղել Ադրբեջանին և համանախագահներին: Մանրամասն պատրաստվել էին նրա ներածական ելույթին, և, ըստ էության, այդ համատեղ արտագնա նիստի գլխավոր մեխն ու իմաստը հենց այդ ելույթն էր: Այո՛, մանրամասն նախապատրաստված ելույթ էր, բայց այն առավել մանրամասնացրեց այն բլեֆը, որով հիմա զբաղվում է պաշտոնական Երևանը:

Երևանում, իհարկե, հասկանում են, որ Մադրիդյան սկզբունքներով բանակցություններն իրենց փակուղի են տանելու, բայց չեն հասկանում, թե ինչպես կարելի է այդ իրավիճակից դուրս գալ: Եվ քանի որ հայկական դիվանագիտությունը վերջին երեսուն տարիներին վախվորածության և միջազգային հարաբերությունների մասին կեղծ և թյուր մակերեսային պատկերացումների վրա է խարսխված, չեն կարողանում գտնել միակ ճիշտ ուղին՝ այդ փաստաթղթից հրաժարվելու:

Փոխարենը խրթին և արդեն զավեշտալի դարձող բլեֆներ են հորինում, դրանք կատարելագործում և այլն: Դրա արդյունքում փոխանակ խնդիրը լուծելու՝ ավելի են խճճում, որովհետև դրսից ճնշումները, նման վարվելակերպի պարագայում, իրոք ուժեղանալու են:

Միակ ճիշտ տարբերակը Մադրիդյան բովանդակությունից ուղղակի և մեկ օրում հրաժարվելն է: Բայց Երևանի ավանդաբար վախկոտ և անգաղափար քաղաքականությունը դա չի կարողանում պատկերացնել և մարսել դրա միտքն անգամ: Արդյունքում՝ վարչապետի լավ մտադրություններ ունեցող, բայց վտանգավոր նոր ուղիներ տանող ելույթն էր Արցախում:

- Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված։ Կարո՞ղ ենք փաստել, որի նրանք այսպիսով մերժեցին Փաշինյանի առաջարկը Արցախը ներգրավելու բանակցային գործընթացում։ Եվ ի՞նչ է մնում անել այսքանից հետո։

- Թերևս այո՛: Բայց նաև համանախագահները ոչինչ չասեցին: Այդ հայտարարությունը վկայությունն է այն բանի, ինչ արդեն ասացի. բլեֆներն արժանանում են լուրջ ճնշումների, որովհետև հիմնական տարբերակը շարունակում է սեղանին մնալ: Հայաստանն այն չի հանում օրակարգից: Իսկ այդ պարագայում Երևանի յուրաքանչյուր գործողություն որակվելու է որպես ստանձնած պարտավորություններից խուսանավում: Սա Երևանում, ցավոք, փաստորեն ի զորու չեն հասկանալու:

- Ի՞նչ է սպասվում խնդրի կարգավորմանը առաջիկայում, որքանո՞վ ի վերջո կսկսեն բանակցել առանց երրորդ կողմի, թե՞ Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարվի առաջ քաշած սկզբունքներից։

- Եթե առաջ է քաշել, ապա պետք է գոնե իր բլեֆը պաշտպանի և պաշտպանի մինչև վերջ: Յուրաքանչյուր նահանջ պարտություն է լինելու: Իսկ լուծումն արդեն ասացի՝ Մադրիդյան փաստաթուղթը «դուխով» աղբաման ուղարկելն է: Ցավոք սրտի՝ մեր հեղափոխությունից «դուխով» միայն գլխարկները մնացին:

- Ռազմական շանտաժ անող Ադրբեջանը որքանո՞վ կսրի իրավիճակը, ի՞նչ սպասել Ադրբեջանից։

- Ադրբեջանը ռազմական շանտաժ չի անում, ինչո՞ւ ենք նման բնորոշում տալիս: Ադրբեջանը պատրաստվում է ռազմական լայնածավալ գործողության, բայց ցանկանում է իր այդ կառուցած ներուժով, եթե հնարավոր է՝ առանց դրա կիրառման հասնել հաջողության:

Դա շանտաժ չէ, ճնշում է: Դրան Երևանում վարչապետը պատասխանում է, որ յուրաքանչյուր լուծում պետք է հաշվի առնի հայաստանցիների, արցախցիների և ադրբեջանցիների շահերը: Նրա նախորդ դասականը կասեր՝ իյա՛, իրո՞ք: Իրո՞ք մենք ուզում ենք, որ Ադրբեջանի ժողովրդի շահերն էլ հաշվի առնվեն: Հասկանալի է՝ փոխզիջումները հենց դա են նշանակում: Բայց հասկանո՞ւմ ենք արդյոք, որ ադրբեջանական ժողովրդի ամենակարևոր շահը հայ ժողովրդի վերացումն է:

Խաղաղասեր և կառուցողական երևալու հայ բոլոր առաջնորդների մոլուցքը ոչ մեկի համար ոչինչ չարժե: Այն ընդամենը թուլության հաղորդագրություն է հղում և պարզ դարձնում թշնամուն, որ հայկական կողմում դիվանագիտորեն թույլ, այլոց ճնշումներին տեսականորեն առավել հեշտ տեղի տվող մարդիկ կարող են գտնվել: Ադրբեջանում հայկական կողմի շահերի վրա թքած ունեն և հպարտորեն հայտարարում են այդ մասին, և նրանց ոչ ոք չի նախատում, ընդհակառակն՝ հարգում են և փորձում հաշվի նստել:

- Նախորդ իշխանության ներկայացուցիչները շտապում են սա այս իշխանության ձախողումը համարել։ Իշխանությունն էլ ասում է, որ սա նախորդների թողած ժառանգությունն է։ Ինչպե՞ս եք գնահատում, մի՞թե սա ձախողում կարելի է համարել։

- Սա ձախողում տանող քաղաքականություն է անշուշտ: Հայտարարությունը դեռևս ձախողում չէ, ճնշում է, որը նոր Երևանը արդարացիորեն վաստակել է: Իսկ նախորդները թող լռեն: Այն աղբը, որը փորձում են վերամշակել նորերը, հենց նրանց՝ նախկինների արտադրանքն է: Նորերն էլ փոխանակ այն այրոց տեղափոխելու, փորձում են մի կերպ ծածկել և գարշազերծել այն: Չի լինելու և չի ստացվելու: Արդյունքում ստանալու ենք տոքսիկ մի միջավայր, որտեղ նախկինի հանցանքներն ու նորերի ապաշնորհությունը ազգային հարցին կարող են տեսականորեն և մեծ վնասներ հարուցել:

Մանե Հարությունյան

MediaLab.am