«Հնարավոր չէ մարդուն աշխատանքից ազատել միայն այն բանի համար, որ ՀՀ վարչապետը այդպես է ցանկանում». փաստաբաններ

11-04-2019
1146 դիտում
«Հնարավոր չէ մարդուն աշխատանքից ազատել միայն այն բանի համար, որ ՀՀ վարչապետը այդպես է ցանկանում». փաստաբաններ

Փաստաբան Նորայր Նորիկյանը նուրբ թեմա է համարում այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Նորագավիթի մաքսատան աշխատակիցը կոշտ մեթոդներով նկատողության արժանացավ: «Մեդիալաբին» փաստաբանը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդը բարձրագույն արժեք է, հետևաբար, նախ պետք է հարգել մարդու իրավունքները:

«Կարելի է հարցերը կարգավորել այլ տոնայնությամբ ու այլ շեշտադրումներով: Վերջին հաշվով այդ աշխատակիցը երիտասարդ է, հնարավոր է՝ սիրած աղջիկ կամ կին, ընտանիք ունի: Մի կողմից մենք խնդիր ունենք պետական համակարգի արդյունավետ աշխատանքի հետ կապված: Ինձ համար էլ է վիրավորական, որ ՀՀ պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշը կարող է այդպես արհամարհված լինել, դրված լինել սենյակի ինչ-որ մութ անկյունում: Բայց մյուս կողմից, եթե մենք համարում ենք, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով մարդը բարձրագույն արժեք է, և մարդու արժանապատվությունն անքակտելի է, հետևաբար մենք պետք է մարդու արժանապատվությունը, նրա ինքնասիրությունը հարգենք, գիտակցենք, որ գործ ունենք բարձրագույն արժեքի հետ»,- «Մեդիալաբին» ասում է Նորիկյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Նորագավիթի մաքսատուն կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել էր աշխատակիցներից մեկի վրա՝ հորդորելով դիմում գրել ու տուն գնալ: Տեսնելով, որ մաքսատան սենյակում եռագույն դրոշը մի անկյունում կեղտոտ գցված է, վարչապետն ասել էր. «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմում կգրես, կգնաս տուն: Լսեցի՞ր: Ով աշխատել է այս սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք ինձ»,- ասել էր Փաշինյանը: Մաքսատան տեսուչ Հայկ Մարտիրոսյանը վարչապետի հորդորից հետո հայտարարել է, որ աշխատանքից ազատման դիմում է գրել:

«Որքանով հասկացա, տեղեկություն է տարածվել, որ այդ տղան դիմում է գրել և սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: Եթե դա այդպես է, ուրեմն որևէ իրավական հետևանք չի կարող առաջանալ: Մարդը դիմում է գրել, ասել է՝ ինձ աշխատանքից ազատեք: Այլ խնդիր է, որ պետական աշխատողին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու խնդիրը կարգավորվում է տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերով, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Հիմա ՀՀ օրենսդրությունն այս մասով հստակ է, աշխատակցին հնարավոր չէ աշխատանքից ազատել միայն այն բանի համար, որ ՀՀ վարչապետը կամ որևէ այլ պաշտոնատար անձ այդպես է ցանկանում»,- «Մեդիալաբին» ասում է Նորայր Նորիկյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ պետական հաստատությունների աշխատակիցներին աշխատանքից ազատելու և աշխատանքի ընդունելու իրավասություն ունի միայն տվյալ կառույցի ղեկավարը, տվյալ դեպքում աշխատանքից ազատելու իրավասություն ունեն ՊԵԿ-ի կամ այդ մաքսատան ղեկավարը: Ընդ որում, նրանք էլ աշխատակցին աշխատանքից կարող են ազատել՝ հիմնվելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի կամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վրա և կոնկրետ հղում տալ, թե որ հոդվածի որ դրույթներն է խախտել այդ աշխատակիցը:

Այսինքն՝ եթե իրականացվում է վարչարարություն, ըստ փաստաբանի, այդ վարչարարությունը պետք է իրավաչափ լինի, հիմնված լինի ՀՀ իրավական նորմերի վրա: Եթե այդ իրավական նորմերից դուրս վարչարարություն է իրականացվում, ըստ Նորիկյանի, ապա պետք է հետևություն անել, որ իրականացվում է ոչ իրավաչափ վարչարարություն: Բայց դատարանն է իրավասու տալու այդ հարցի պատասխանը, թե արդյոք մաքսային ծառայության աշխատակցին աշխատանքից ազատելու հանգամանքն իրավաչա՞փ է եղել, թե՞ ոչ:

Փաստաբան Հովհաննես Չամսարյանը կարծում է, որ անձին պատասխանատվության ենթարկելուց առաջ պետք է իրականացվի ուսումնասիրություն: Եթե մեղավոր են ավելի բարձր օղակի աշխատակիցները, նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Ուսումնասիրություն չիրականացնել ու ասել, թե ով պետք է կրի պատասխանատվությունը, ըստ փաստաբանի, իրավական առումով ճիշտ չէ:

«Իրավունքի տեսանկյունից խախտում կա: Ընդունում ենք, որ մեր պետության դրոշը պատշաճ վիճակում պետք է պահպանել, դա որևէ մեկը կասկածի տակ չի դնում, բայց կարծում եմ, որ աշխատակցին ասել՝ դիմում գրի, գնա տուն, ճիշտ չէ: Նախքան դա ասելը պետք է իրականացվեր ուսումնասիրություն և պարզվեր, թե ում մեղավորությունը կա: Առանց մեղավորությունը պարզելու այդ աշխատակցին նման պահանջ ներկայացնելն իրավաչափ չէ: Աշխատակիցը դիմում գրել է, թե չի գրել՝ այս պահին էական չէ: Կարծում եմ, որ նախ պետք է ուսումնասիրություն կատարվեր և պարզվեր, թե ինչո՞ւ է դրոշը նախ այդ վիճակում, ո՞ւմ մեղավորությունն է, արդյոք աշխատակցի պարտականությո՞ւնն էր դա, արդյոք այդ աշխատակիցն է անարգել այդ դրոշը»,- «Մեդիալաբին» ասում է Հովհաննես Չամսարյանը:

Նրա խոսքով՝ արդեն շրջանառվում և ցիտվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որ դրոշ անարգելն առաջացնում է քրեական պատասխանատվություն: Շատերը գրում են՝ գոհ եղեք, որ քրական գործ չի հարուցվել: Ըստ փաստաբանի՝ եթե կան քրեական գործ հարուցելու հիմքեր, պետք է հարուցվեր նաև քրեական գործ և պարզվեր՝ արդյոք անարգե՞լ են դրոշը, կամ ո՞ւմ մեղավորությունն է եղել:

Իրավունքի տեսանկյունից երբ դիտարկում ենք այն հարցը, թե արդյոք վարչապետն իրավունք ունե՞ր մաքսատան աշխատակցին ասել՝ դիմում գրի և գնա, Հովհաննես Չամսարյանը ասում է, որ վարչապետը նրան պարզապես հորդորեց դիմում գրել, ոչ թե աշխատանքից ազատեց: Եթե աշխատակիցը չէր ուզում, կարող էր դիմում չգրել:

«Բայց ամեն դեպքում այդ աշխատակցին աշխատանքից ազատելու լիազորություն վարչապետը չունի: Այդ լիազորությունները կարծեմ պատկանում են ՊԵԿ-ի նախագահին: Եթե նա գտներ, որ այդ աշխատակիցը պետք է ազատվի աշխատանքից, պետք է ազատվեր՝ բայց իրավական ընթացակարգը պահպանելով»,- նշում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am