«Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքները պարզելու համար պետք է քրեական գործ հարուցվի, մեղավորները պետք է պատժվեն». Արթուր Սաքունց

15-04-2019
847 դիտում
«Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքները պարզելու համար պետք է քրեական գործ հարուցվի, մեղավորները պետք է պատժվեն». Արթուր Սաքունց

Ոստիկանություն բերման ենթարկված, այնուհետև հիվանդանոցում մահացած Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքները պարզելու համար պետք է քրեական գործ հարուցվի, մեղավորները պետք է պատժվեն: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով, որ դեպքից օրեր անց հանրությանը հայտնի չէ՝ քրեական գործ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ:

«Մենք իրավական աջակցություն ենք տրամադրելու հարազատներին, կներգրավվենք և իրավական ընթացք կտանք հարցին: Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա. արդեն մոտ մեկ շաբաթ է անցել մահվան դեպքից, յոթ օրվա ընթացքում չկա տեղեկություն՝ այդ դեպքով քրեական գործ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ: Ոչ միայն հստակ տեղեկություն չեն տրամադրում, այլև ավելին, ոստիկանությունը հայտնում է, որ ծառայողական քննություն է սկսել, երբ արդեն դեպքի մասին հրապարակումներ են եղել»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ ոստիկանության բաժնում անձի վատացած լինելու, ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխելու փաստով քրեական գործը արդեն իսկ պետք է հարուցված լիներ հատուկ քննչական ծառայության կողմից: Արթուր Սաքունցը շեշտեց, որ երբ բժշկական հաստատությունում մարդը մահանում է, անպայման հայտնում են ոստիկանությանը:

Եվ ոստիկանությունն այդ մասին անհապաղ պետք է տեղեկություն ներկայացներ գլխավոր դատախազություն, իսկ գլխավոր դատախազությունը պետք է անհապաղ քրեական գործ հարուցեր և քննությունը հանձնարարեր հատուկ քննչական ծառայությանը, որովհետև անձը գտնվել է ոստիկանության հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ոստիկանություն տեղափոխվելուց հետո ապրիլի լույս 8-ի գիշերը Էդգար Ծատինյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է: Ծատինյանի հարազատները պնդում են, որ իրենց որդու մահը վրա է հասել ոստիկանների ծեծի և բժիշկների անգործության հետևանքով:

Էդգարի մայրը՝ Լարիսա Եփարյանը, «Մեդիալաբի» հետ զրույցում ասել է, որ որդուն ոստիկանները տարել են ոստիկանության բաժին հարևան շենքում կատարված սպանության գործով, այնուհետև այնտեղ խոշտանգել են:

«Ոստիկաններն իմ տղային ասել են՝ հենց հիմա գրի, որ դու տեսել ես, որ այդ կնոջը հարևան Արմանն ու իր կինն են սպանել: Էդգարն ասել է՝ ես նման բան չեմ գրի, ես չեմ տեսել, ո՞նց ըտենց բան գրեմ: Ոստիկանն ասել ա՝ դե որ չես գրի, հեսա քրիստիկին կգցենք ջեբդ, կգնաս 7-15 տարի կդատվես: Էդգարը հարցրել ա՝ քրիստիկն ո՞վ ա, ասել են՝ կրիստալը: Եվ թմրանյութով պարկը գցել են գրպանը: Էդգարը վախից հանել ու էդ թմրանյութը գցել ա իր բերանը, կուլ ա տվել»,- ասել է Լարիսա Եփարյանը: Մոր պատմելով՝ իր որդուն տեղափոխել են հիվանդանոց, «Արմենիա» ԲԿ-ում պատշաճ բուժօգնություն չեն տրամադրել, ինչի հետևանքով որդին մահացել է:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ըստ նախնական բժշկական եզրակացության՝ Էդգար Ծատինյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա: Սակայն մահացածի մայրը պնդում է, որ որդին թմրանյութի տոպրակը կուլ տալու հետևանքով է մահացել, որևէ առողջական խնդիր նախկինում չի ունեցել: Ոստիկանության պետի հրամանով դեպքի հանգամանքները պարզելու համար ծառայողական քննություն է նշանակվել:

Իրավապաշպան Արթուր Սաքունցի խոսքով՝ սոցիալական ցանցում ու լրատվամիջոցներում հրապարակումներից հետո վերստին տեղեկություն չեն հայտնում քրեական գործի մասին: Այնինչ դա պետության պարտականությունն է՝ անհապաղ քննություն սկսելու մահվան յուրաքանչյուր դեպքով:

Ըստ իրավապաշտպանի՝ քրեական գործի հարուցման այսքան ուշացումը կարող է այդ դեպքի հետ առնչություն ունեցող ոստիկանության աշխատակիցներին հնարավորություն տալ ոչ միայն պայմանավորվելու միմյանց հետ, այլ նաև չի բացառվում, որ այդ անձի հետ բերման ենթարկված այլ անձանց հետ, այսպես ասած, «բացատրական» աշխատանք կատարվի: Եվ ըստ էության դրանով նախաքննության վրա ազդեցություն կլինի:

«Այսինքն՝ մենք հիմա գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ արդյունավետ քննություն իրականացնելը ոչ միայն ուշացած է, այլ նաև չկատարելը խախտել է մարդու իրավունքը: Այստեղ առերևույթ և հիմնավոր կասկածներ կան թե՛ բռնության, թե՛ այդ թմրանյութի հետ կապված: Ոստիկանությունն իր հայտարարության մեջ նշում է, որ նա ինչ-որ բան է կուլ տվել: Այդ բանը ե՞րբ է կուլ տվել, որտե՞ղ: Հարազատները նշում են, որ կուլ է տվել ոստիկանության բաժնում»,- ասում է նա:

Արթուր Սաքունցի խոսքով՝ այն, որ այսօր ոստիկանության բաժիններում նման դեպքեր են գրանցվում, փաստում է այն մասին, որ համակարգում արմատական փոփոխություններ չեն իրականացվել: Մարդիկ, ովքեր բառացիորեն մեկ տարի առաջ մասնակցել են ցուցարարների նկատմամբ բռնությունների կիրառմանը, ըստ իրավապաշտպանի, այսօր էլ շարունակում են համակարգում ծառայել:

«Այսինքն՝ այստեղ պետք է նաև զտում կատարվի: Չէ՞ որ նույն կարմիր բերետավորները, նույն քրեական հետախուզության աշխատակիցները ոչ միայն շարունակում են ծառայել, այլ նաև պաշտոնի բարձրացում են ստացել: Այսինքն՝ եթե նույնիսկ քաղաքական իշխանությունը փոխվել է, ապա ոստիկանությունը պետք է արմատական փոփոխության ենթարկել: Եվ այստեղ անցումային արդարադատություն ասվածը իր բոլոր կոմպոնենտներով անհրաժեշտություն է դառնում, որ այդ անցումային արդարադատության հայեցակարգի շրջանակներում իրավապահ մարմինների շրջանում զտում անցկացվի»,- ասում է նա:

Արթուր Սաքունցի խոսքով՝ նույնը ԱԱԾ-ին է վերաբերում, մարդկանց հետապնդման ենթարկած անձինք այսօր այդ համակարգում շարունակում են աշխատել: Իրավապաշտպանը նկատեց՝ չպետք է լինի այնպիսի տպավորություն, որ ապօրինություններ և բռնություններ թույլ տվածները կարող են անպատիժ մնալ: Հակառակ դեպքում մենք գործ ունենք անպատժելիության մտածելակերպի ու անգործության հետ, որը բավական լուրջ խնդիրներ է առաջացնում:

«Եթե արմատական փոփոխություններ չանեն, մենք նորից այլանդակ վիճակ ենք ունենալու: Միայն ղեկավարների փոփոխությունը երաշխիք չէ, որ համակարգերը փոխվել են: Այդ համակարգերի նկատմամբ, քաղաքական իշխանությունից բացի, պետք է լինի նաև պառլամենտական հսկողություն: Որովհետև քաղաքական իշխանությունը բովանդակային փոփոխության է ենթարկվել, իսկ այդ մարմինները սովոր են աշխատել խիստ քաղաքական հրահանգների շրջանակում: Երբ քաղաքական հրահանգներ չկան, իրենք ինքնակառավարման ապօրինության ռեժիմի մեջ են գտնվում»,- հավելում է իրավապաշտպանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am