«Այդ մարդիկ 30 տարի տզրուկի պես ապրել են մեր վզին, հիմա այդ տզրուկներին գցել ենք մեր վրայից, բա կնյարդայնանան, բա ի՞նչ կանեն». Լալա Մնացականյան

03-05-2019
1273 դիտում
«Այդ մարդիկ 30 տարի տզրուկի պես ապրել են մեր վզին, հիմա այդ տզրուկներին գցել ենք մեր վրայից, բա կնյարդայնանան, բա ի՞նչ կանեն». Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

- Տիկի՛ն Մնացականյան, մեկ տարի է անցել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից: Շատ է շահարկվում հարցը, որ ոչինչ չի փոխվել մարդկանց կյանքում: Դուք ի՞նչ եք նկատում, ի՞նչ է փոխվել:

- Ես համամիտ չեմ այդ գնահատականներին, որովհետև ամեն դեպքում գոնե ներքին համոզվածություն ունեմ, որ թալան, գռփել, անպատժելիություն չկան երկրում: Այսինքն՝ կա, բայց քիչ: Բնական է՝ դա չի կարող միանգամից վերանալ:

Բնական է, որ կան խնդիրներ, որոնք ինձ էլ դուր չեն գալիս, բայց դրանք ճակատագրական հարցեր չեն: Եվ ես կարծում եմ, որ ամեն դեպքում երկրում օրենքը գերակա է դառնալու: Եթե վաղը-մյուս օրը մեկը հասարակ քաղաքացուն վիրավորի, նա կարող է իր իրավունքները պաշտպանել: Նախկինում մարդն իրեն շատ անպաշտպան էր զգում, հիմա, կարծում եմ՝ ո՛չ:

- Որոշ շրջանակների կողմից նաև այն հարցն է բարձրացվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի նախկին վարկանիշը: Դուք նման միտումներ նկատո՞ւմ եք:

- Ոչ թե նրա վարկանիշն է նվազել, այլ ես կարծում եմ՝ չկան այն ոգևորվածությունն ու խանդավառությունը, որը կար նախորդ տարի: Դա բնական է, կյանքի նորմալ հուն ենք մտել: Ես չգիտեմ, թե ինչ առաջընթաց կլինի հետագայում, բայց մի բան փաստ է՝ մենք այլևս հետ նայելու իրավունք չունենք: Իսկ այդ բոլոր շահարկումները մեզ դարձյալ ցանկանում են վերադարձնել հնին, անընդհատ օրինակ են բերում հինը:

Բայց հնի ի՞նչն էր լավ, ոչ մի լավ բան ես 30 տարվա մեջ չեմ տեսել: Նույնիսկ երբ ասում են՝ ճանապարհներ են կառուցվել, ես ասում եմ՝ կառուցվել են մարդկանց արտագաղթի հաշվին: Մարդիկ երկրից արտաքսվել են, ստորացվել են, աղքատացել: Դրա հաշվին պետք չէր այդ ճանապարհները կառուցել: Ես միշտ հարց եմ բարձրացնում՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի սահմանին ռուս սահմանապահը կանգնի,  ինչո՞ւ, դա իմ երկիրն է:

Եվ շատ ոլորտներ տվել են ռուսին, հիմա ասում են՝ վատ է: Եվ դա ասում են այն մարդիկ, ովքեր տվել են: 30 տարի շարունակ տզրուկի պես ապրել են մեր վզին: Հիմա այդ տզրուկներին գցել ենք մեր վրայից, բա կնյարդայնանան, բա ի՞նչ կանեն:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարեց պայքարել մանիպուլյացիաների, ֆեյք նյուզի դեմ: Ի՞նչ եք կարծում՝ կոշտ մեթոդներ պե՞տք է այս հարցում գործի դրվեն, թե՞ այլ տարբերակով կարելի էր պայքարել:

- Ես չեմ կարող ասել, թե ով պետք է զբաղվի այդ գործով, բայց ես մեկ-երկու անձնական վիրավորանք եմ լսել հենց վարչապետի հասցեին և կարծում եմ՝ միայն այդ վիրավորանքի համար այդ մարդկանց կարելի էր պատասխանատվության կանչել: Մանավանդ երբ վիրավորանքը եթերից է հնչում: Դու կարող ես չհամաձայնել նրա վարած քաղաքականությանը, բայց անձնապես վիրավորելու իրավունք չունես: Հիշեք, թե նախկինում ինչ կլիներ նման անձանց հետ, եթե որոշեին սահմաններն անցնել: Այո՛, այդ ամենը մանիպուլյացիա է, հնի վերադարձ: Գիտե՞ք ինչ, իսկապես ամեն ինչն է քանդված, ի՞նչ մեկ տարի, երկար ժամանակ է պետք վերականգնելու համար: Անձամբ ես շատ հարցերում ավելի կտրուկ ու կոշտ կլինեի:

- Այսինքն՝ կարծում եք մեղմ քաղաքականությո՞ւն է վարվում նման ուժերի դեմ:

- Այո՛, շատ հարցերում մեղմ են: Ես համոզված եմ, որ վարչապետն ու իր թիմակիցներն ամեն դեպքում զբաղված չեն ալան-թալանով, չեն գռփում, աղքատի ու որբի բերանից հաց չեն խլում, ոնց որ նրանք արեցին:

- Այդուհանդերձ, նոր իշխանությունում էլ կարծես կոռուպցիան տեղ ունի: Վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերալ գործեր են հարուցվել: Սա նորմա՞լ գործընթաց է:

- Ես ուղղակի չեմ հասկանում, թե ի՛նչ է կատարվում Դավիթ Սանասարյանի շուրջը: Ամեն դեպքում, ինքն ինձ վրա լավ երիտասարդի տպավորություն է թողնում: Իհարկե կլինեն կոռուպցիոն դրսևորումներ, բա այդ մարդիկ հո գետնի տակը չեն անցնել, նրանցից ոմանք շարունակում են մնալ պետական համակարգում: Մենք ուզում ենք քնել, առավոտյան արթնանալ ու տեսնել, որ կոռուպցիա չկա, այդպես չի լինում:

Տասից  վեցը-յոթը կաշառակեր էին: Բա նրանք ո՞ւր գնացին: Եվ ես գտնում եմ, որ կոռուպցիոն հանցագործություններ կատարած անձինք շատ խիստ պետք է պատժվեն, որովհետև չարիքը հենց այդտեղից է սկսվում: Այդ կոռուպցիայի արմատները գալիս են դեռ ճորտատիրական Ռուսաստանից, որի «գուբերնիան» էինք մենք, հետո եկավ Սովետի «երջանիկ» ժամանակահատվածը, և կաշառակերությունը վերելք ապրեց: Ասում են՝ Սովետում կաշառակերություն չկար: Ո՞նց չկար, կաշառակերությունը number one-ն էր: Այն, ինչ մենք Ռուսաստանից ժառանգեցինք ու որդեգրեցինք՝ որպես մեր արժեհամակարգ, ինչքան հնարավոր է դրանից շուտ և արագ պետք է ձերբազատվենք:

- Եթե ամփոփենք, հեղափոխությունից մեկ տարի անց ի՞նչ ունենք և ո՞ւր ենք գնում այսօր:

- Մենք ճանապարհ ենք ընկել, գնում ենք: Այո՛, մենք որոշել ենք իսկապես ունենալ մի երկիր, որը կունենա Դեմք: Մեր երկիրը դեմք չի ունեցել: Մենք և՛ կենցաղով, և՛ մշակույթով նմանակում էինք սրան-նրան: Հիմա որոշել ենք ունենալ դեմք: Մենք ընթացքի մեջ ենք, ես հավատում եմ, որ այդ ճանապարհը մեզ կտանի դեպի մեր դիմագիծը, մեր ազգային ու ուրույն դիմագիծը: Շատ դժվար է դիմակայել, բայց կկարողանանք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am