«Խորհրդարանական ընդդիմությունն ասում է՝ Նիկո՛լ, դու գնա, մենք գանք, բայց մենք տեսել ենք նրանց գալը». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, խորհրդարանական ընդդիմությունը Քրեական օրենսգրքում լրացումներ է առաջարկում, որով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքները կարող են քրեականացվել: Դուք նման փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

– Ես չգիտեմ՝ ո՛րն է նման նախագիծ ներկայացնելու նպատակը, բայց մի բան գիտեմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությունը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որ կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով:

Իսկ ինչ վերաբերում է նման հանցակազմի ներդրմանը, ուզում եմ ուշադրություն հրավիրել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածին, որով, ըստ էության, կարգավորված է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը բռնությամբ փոխելուն ուղղված հայտարարությունները ենթակա են քրեական պատասխանատվության: Ես չգիտեմ, եթե ես ճիշտ եմ հասկանում հարցի էությունը, ապա այդ հարցը կարգավորված է:

– Հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ իշխանական խմբակցության պատգամավորները ևս այդ հոդվածն էին վկայակոչում և պնդում, որ նման լրացման անհրաժեշտություն չկա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում ընդդիմությունն այս նախաձեռնությամբ:

– Ակնհայտ է մի բան՝ խորհրդարանական ընդդիմության վարքագիծը պարզ է՝ հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով ցույց տալ, որ մենք գործ ունենք «դավաճան», «կապիտուլյանտ», «Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելուն պատրաստ» «Հայաստանը թուրքացնելուն պատրաստ» վարքագիծ դրսևորող իշխանության հետ: Գլոբալ առումով խորհրդարանական ընդդիմության ամբողջ նպատակը սա է:

Հիմա պետք է գործող իշխանությունը իր գործունեությամբ հիմնավորի, որ ինքը առաջնորդվում է ոչ թե այս կամ այն պետության շահերով, այլ սեփական երկրի շահերով: Սա է խնդիրը:

Կներեք, մի բան ասեմ, էլի. ենթադրենք հիմա Ապշերոնում նստած ոմն ցնդած երևույթ հայտարարում է, որ Երևանը ադրբեջանական քաղաք է, Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզը ադրբեջանական տարածք է, հիմա մենք ի՞նչ պետք է անենք…

– Նախագծի հեղինակներից մեկն ասում է, որ քրեական գործ կհարուցվի Հայաստանում և միջազգային հետախուզում կհայտարարվի:

– Շատ լավ, ուրեմն հիմա, ըստ էության, Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունները տեղավորվում են Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարքի տրամաբանության մեջ: Դա հստակ ամրագրված է: Ես չեմ կարծում, թե Ադրբեջանի նախագահը փորձելու է խաղաղ մեթոդներով նվաճել Հայաստանը, բնականաբար, բռնի միջոցներով նա փորձելու է իր նպատակին հասնել: Բացի այդ, Քրեական օրենսգիրքը նախատեսում է նաև այլ դրույթներ պատերազմական հանցագործությունների համար:

Մեծ հաշվով, ես կարծում եմ՝ այն, ինչի մասին այսօր բարձրաձայնում է խորհրդարանական ընդդիմությունը, արդեն իսկ կարգավորված է ՀՀ քրեական օրենսգրքով:

– Այդ դեպքում, ըստ ձեզ, ի՞նչ օրակարգ է առաջ մղում խորհրդարանական ընդդիմությունը:

– Հայաստանի Հանրապետության խորհրդարանում որևէ օրակարգ այսօր չի սպասարկվում, որը կվերաբերեր Հայաստանի Հանրապետությանը և նրա ապագային: Այսօր Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները բովանդակային առումով ընդգծված ու տեսանելի են, և դրանք վերաբերում են թե՛ պաշտպանական խաթարված համակարգի, թե՛ մարտունակ բանակի վերականգնմանը, թե՛ ժողովրդագրական վիճակի բարելավմանը, թե՛ տնտեսական ծանր իրավիճակին, թե՛ արտաքին քաղաքականության համատեքստում աշխարհաքաղաքական գլոբալ տեկտոնական շարժումների համատեքստում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը:

Փոխանակ այս ու շատ այլ կարևոր հարցերի վերաբերյալ քննարկումներում կարողանանք ներքին հանդուրժողականության մթնոլորտ ձևավորել ու փորձել համատեղ ուժերով վերականգնել Հայաստանի խարխլված հեղինակությունը, տնտեսական ներուժը, զբաղված են «ապուշը դու ես» կարգի քննարկումներով: Գործողները նրանց են մեղադրում ամեն ինչի համար, նախկինները գործողներին են մեղադրում ամեն ինչի համար, իսկ իրականում երկիրը թաղված է խորքային խնդիրների մեջ, որոնք հրատապ լուծում են պահանջում:

Ընդ որում, խորհրդարանական ընդդիմությունը թող չփորձի չքմեղանալ, որովհետև ինքն իր բաժին պատասխանատվությունն ունի նրանում, ինչ երկրում կատարվում է: Խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում ինքն իր չափով իշխանություն է ու պարտավոր է խորհրդարանական վերահսկողություն իրականացնել իր չափով և իր մանդատների հաշվով: Բայց նրանք մեծ հաշվով թռած են: Խոշորագույն ռազմավարական բնույթի հարցերում նրանք թռած են: Հարց՝ խորհրդարանական ընդդիմությունն ի՞նչ դիրքորոշում ունի մարտի 8-ից Ադրբեջանի կողմից Արցախում գազի սնուցման դադարեցման վերաբերյալ:

Խորհրդարանական ընդդիմությունն ասում է՝ Նիկո՛լ, դու գնա, մենք գանք, բայց մենք տեսել ենք նրանց գալը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am