Ուրախության ու տխրության մեջ. Ստեփանակերտում ապրող ադրբեջանուհի Ալմազը հուսով է, որ օրերից մի օր կհանդիպի հարազատներին

16-03-2011
486 դիտում
Ուրախության ու տխրության մեջ. Ստեփանակերտում ապրող ադրբեջանուհի Ալմազը հուսով է, որ օրերից մի օր կհանդիպի հարազատներին

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալմազ Սաբիրի Կասումովան թեև ամուսնու ազգանունն է կրում` Անտոնովա, սակայն բոլորը նրան որպես Ալմազ Սաբիրովնա են ճանաչում: Ալմազ Սաբիրովայի կապտականաչավուն աչքերն ամեն անգամ կարոտով ու թախիծով են լցվում, երբ հիշում է ընտանիքի անդամներին:

«Մամաս հայուհի էր, պապաս` ադրբեջանցի, բայց ես ծնվել ու ապրել եմ Ստեփանակերտում, բնիկ էստեղից եմ»,- ասում է նա ու խուսափում քույրերի ու եղբայրների անունները տալուց:

58 ամյա Ալմազն ասում է, որ մանկուց երազել է ռուսաց լեզվի ուսուցչուհի դառնալ և երջանիկ է իր աշխատանքով, ընտանիքով ու թոռներով, սակայն նրա համար կյանքը բաժանվում է երկու շրջանի` մինչև հակամարտությունն ու դրանից առաջ:

«Մայրս մինչև հորս հետ ամուսնանալը նշանված է եղել հայի հետ, սակայն 10-րդ դասարանում ընկել է թթի ծառից, ջարդել ձեռքը: Դրանից հետո նրա մոտ արյան վարակում է սկսվել, ու բժիշկները հեռացրել են ձեռքը»,- պատմում է նա:

«Եվ երբ նա դեռ հիվանդանոցում էր, նշանածը հետ է տվել նշանը` ասելով, թե նա չի կարող սրանից հետո լիարժեք մայր լինել, որից հետո ամուսնացել է մորս մոտ ընկերուհու հետ: Այդ վիճակում մորս թև-թիկունք է եղել ադրբեջանցի հայրս, որը մորս ամուսնության առաջարկություն է արել և նրան հոգ տարել»,- պատմում է Ալմազ Սաբիրովնան` մեծ տխրությամբ հիշելով մորը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվելուն պես Ալմազի քույրերն ու եղբայրները մեկնում են Բաքու, և նա Ստեփանակերտում մնում է մենակ և միայն վերջին տարիներին ինտերնետի շնորհիվ է, որ երբեմն կարողանում է կապ հաստատել նրանց հետ:

Բայց տիկին Ալմազը պատմում է, որ հայտնի դեպքերից հետո էլ երկու անգամ «հաջողացրել է» լինել Բաքվում, ընդ որում, մի անգամ` պատերազմի տարիներին:

«Առաջին անգամ մեկնեցի Բաքու, երբ դեռ խորհրդային անձնագրեր էին, պատերազմական իրավիճակ էր: Մայրս էր մահացել: Սարսափելի ժամանակներ էին: Սկզբից մեկնել եմ Երևան, այնտեղից` Թբիլիսի, Թբիլիսիից նոր` Բաքու, որպեսզի այցելեմ մորս գերեզմանին: Այն ժամանակ դա շատ վտանգավոր էր, բայց քանի որ անձնագրերը խորհրդային էին, դեռ չէին տարբերում»,- պատմում է նա:

Ալմազը հիշում է, որ ինքնաթիռում մի ադրբեջանցի, իր կողմը նայելով, կողքինին ասում է, թե նա կարծես հայուհի է: Իսկ մյուսն ասում է` չէ´, հայ չէ, ադրբեջանուհի է, անձնագիրը տեսել եմ: Սակայն ամեն դեպքում Ալմազի շուրջ իրարանցում է սկսվում, և ինքնաթիռում գտնվող ռուս լրագրողը, ով տեղյակ է լինում կնոջ ինքնությանը, պաշտպանում է նրան և բոլորին հավատացնում, թե նա ադրբեջանուհի է:

Երկրորդ անգամ, հիշում է, Բաքու է մեկնել արդեն 2000 թվականին` Բաքվում Հելսինկյան ասամբլեայի կազմակերպած համաժողովին մասնակցելու:

«Ես ղարաբաղյան պատվիրակության կազմում էի: Հորս մահվանից հետո այնտեղ չէի եղել: Գնալիս Շուշիից մի բուռ հող տարա հետս, հայրս Շուշիից էր: Այնտեղ հյուրանոցից մեզ բաց չէին թողնում. անվտանգության ծառայության աշխատակիցները մեզ հսկում էին` մեր իսկ անվտանգությունից ելնելով: Մեզ ասեցին` եթե ձեզ ինչ-որ բան պատահի, մեր ուսադիրները ուղղակի կթռնեն: Ասեցին` մենք ինքներս ամեն ինչ կանենք: Հաջորդ օրը նրանք մեքենա կանչեցին, ինձ հետ երկու թիկնապահ դրեցին, տարան քույրերիս մոտ, հետո երեկոյան նույն մեքենայով նույն թիկնապահները եկան և ինձ տարան հյուրանոց: Այդ օրը ես այցելեցի հորս և մորս գերեզմաններ»,- կարոտով անցյալի գիրկն է ընկնում Ալմազ Սաբիրովնան:

Նա ասում է, որ նույնիսկ պատերազմի ժամանակ Ղարաբաղը թողնելու ցանկություն չի ունեցել, և որ նման խնդիր երբեք իր առջև դրված չի եղել, քանի որ ինքն «արմատներով ու սրտով ստեփանակերտցի է»:

«Այս դեպքերի ժամանակ ես որևէ խնդիր չեմ ունեցել: Բոլորն իմ հանդեպ իրենց շատ կոռեկտ էին պահում: Երևի որովհետև ինձ այստեղ ընդունում էին որպես յուրայինի: Համ էլ ես մտածում էի` պատերազմը կավարտվի, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Եվ այն ժամանակ գնալու միտք չեմ ունեցել: Իսկ հիմա, երբ շուրջս ոչ ոք չկա, երբ ամուսնացրել եմ աղջկաս, և բարեկամներ չկային, որ զամբյուղը բռնեն, ծաղիկները պահեն, կիսեն ուրախությունս ու տխրությունս, հասկացա, որ փաստորեն մենակ եմ, ու կյանքը էլ հետ չես բերի»,- հոգոց է հանում տիկին Ալմազը:

Խոսելով պատերազմի մասին` տիկին Ալմազը հիշում է, թե ինչպես պատերազմի դժվար տարիներին, երբ օդում սուրում էին գնդակները, այն ժամանակ Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը որոշում կայացրեց, որ այն երեխաները, ովքեր մնացել են քաղաքում, չպետք է տարի կորցնեն, և դպրոցները պետք է վերաբացվեն:

«Երբ արդեն Շուշին գրավել էին, և վտանգը մի փոքր թուլացել էր, մենք սկսեցինք դպրոցները բացել: Հիշում եմ` այն ժամանակ դպրոցի տնօրենը կանչեց մեզ և ասաց, որ նման մտադրություն կա, և հավելեց, որ այն ուսուցիչները, ովքեր վախենում են, կարող են չգալ: Իսկ ես գալիս էի: Այսօրվա պես հիշում եմ. հենց այստեղ դասարան կար, ապակիներ չկային, մարտ ամիսն էր, բայց ձյուն էր գալիս: Եվ հանկարծ օդում հայտնվում էին ինքնաթիռներ, տագնապի ազդանշան... և երեխաները վազում ու փաթաթվում էին ինձ»,- հիշում է տիկին Ալմազը:

Արդեն շուրջ երեսուն տարի ռուսաց լեզվի ուսուցչուհի աշխատող ազգությամբ ադրբեջանուհի Ալմազ Անտոնովան պնդում է` իրեն Ղարաբաղում նախևառաջ սիրում են որպես մարդու, իսկ սիրողների համար այս դեպքում «կարևոր չէ իր ազգությունը»:

Բազմաթիվ դժվարություններ, պատերազմ, կարոտ ու մեծ բաժանում տեսած ադրբեջանուհին Ստեփանակերտում շարունակում է ապրել և հուսալ, որ մի օր բոլոր չլուծված հարցերը կլուծվեն, և կգա այն օրը, երբ ինքը նորից կկարողանա հանդիպել հարազատներին, «ուրախանալ և տխրել նրանց հետ»:

Քրիստինե Խանումյան

 

Լուսանկարները` Արեգ Բալայանի

 

 

© Medialab.am

 

---------------------------------------------------------------------------------

Հոդվածըպատրաստվելէ «Եվրասիա. համագործակցություն» հիմնադրամի (ԵՀՀ) ևԵրևանումՄեծԲրիտանիայիդեսպանությանաջակցությամբիրականացվող «Հայ-ադրբեջանականհարաբերություններիևղարաբաղյանհակամարտությանանաչառլուսաբանումէլեկտրոնայինլրատվամիջոցներում» նախագծիշրջանակներում:

 

Almaz eng

Almaz rus