Զոհված զինծառայողների ծնողները կկարողանան օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու ծրագրից

Պետության աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու ծրագրից կարող են օգտվել նաև պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հաշվի առնելով պատերազմից հետո որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում կառավարության կողմից աջակցություն տրամադրելու կարևորությունը՝ կառավարության որոշման նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ։ «Եվ նրանց համար սահմանվել են հիմնական և լրացուցիչ պահանջները՝ հնարավորություն տալով Արցախյան պատերազմի հետևանքով որդեկորույս ծնողներին ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս որոշմամբ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողությունների մասնակցության հետ կապված պատճառահետևանքային կապով զոհված որդու ծնողների համար չեն գործի անզավակ լինելու, օրենքով սահմանված կարգով ՔԿԱԳ ծառայություններում գրանցված լինելու և կնոջ 42 տարին լրացած չլինելու հիմնական պահանջները, որոնք գործող որոշմամբ առկա են։

«Այսպիսով, այս նախագծով հնարավորություն կընձեռվի, որպեսզի որդեկորույս ծնողները ևս մեկ անգամ հնարավորություն ունենան այս վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերագտնելու իրենց։ Կարծում ենք՝ շատ կարևոր նախագիծ է, նաև ցանկացողների մեծ հոսք ունենք։ Պիտի որ հաջողությամբ այն գործի»,- ընդգծեց նախարարը։