«Վրաստանում տեղի ունեցող բացասական զարգացումները ոչ մի կերպ չեն կարող մեզ համար դրական լինել». վրացագետ

23-06-2019
628 դիտում
«Վրաստանում տեղի ունեցող բացասական զարգացումները ոչ մի կերպ չեն կարող մեզ համար դրական լինել». վրացագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վրացագետ Ալիկ Էրոյանցը։

- Պարո՛ն Էրոյանց, Վրաստանի մայրաքաղաքում վերջին օրերին բողոքի հուժկու ակցիաներ տեղի ունեցան այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում մեկնարկած Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ ռուս պատվիրակներից մեկը նստել էր խորհրդարանի խոսնակի բազկաթոռին։ Ընդդիմությունը ընդվզեց այդ տեսարանի դեմ, հետո հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, բախումներ տեղի ունեցան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրադարձությունները, սպասելի՞ էր այս բռնկումը։

- Իհարկե սա կանխատեսելի էր, քանի որ լավ գիտենք, թե վրաց հասարակությունն ու պաշտոնական Թբիլիսին ինչ կարծիք ունեն Մոսկվայի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հարցում վարվող քաղաքականության վերաբերյալ։ Կոնկրետ վրաց հասարակության զգալի հատվածի, նաև պաշտոնական Թբիլիսիի կողմից Ռուսաստանի Դաշնությունը համարվում է օկուպանտ, որն ըստ իրենց՝ օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։

Եվ այս հողի վրա, բնականաբար, ցանկացած նմանօրինակ միջադեպ կամ իրադարձություն, որը տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանում, այսպիսի տրամաբանական արձագանք կունենար։ Դա բավական խիստ արձագանք էր, մյուս կողմից էլ ընդդիմադիր վրաց գործիչներն օգտվեցին այդ հանգամանքից և շատ ավելի թեժացրին իրավիճակը։ Իհարկե, շատ ցավալի է, որ ոստիկանության կողմից ուժ կիրառվեց, և վիրավորներ եղան։ Նույնիսկ հայտնում են, որ մեկ վիրավոր հիվանդանոցում մահացել է։

Սրանք անցանկալի իրադարձություններ են, թեև, ինչպես ասացի, դա իր արմատներն ունի։ Այսինքն՝ Վրաստանում ոչ ոք չի մոռացել 2008 թվականի օգոստոսյան դեպքերը։ Վերջին տարիներին թվում էր, թե վրաց-ռուսական հարաբերությունները գոնե տնտեսական հարթության մեջ դրական արդյունքներ են ունենում, նկատի ունեմ և՛ առևտրաշրջանառության, և՛ զբոսաշրջիկների թվի աճը, մեղմացել էր մերժողական քաղաքականությունը Վրաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան մուտք գործելու հարցով։

Եվ սրա հետևանքով նահանջ է լինելու, քանի որ պաշտոնական Մոսկվայից արդեն արձագանք է եղել, գիտեք՝ դեպի Վրաստան ռուսական ավիաթռիչքները դադարեցվում են։ Եվ եթե կողմերը չփորձեն զսպվածություն ու հանդուրժողականություն ցուցաբերել, իհարկե, այս ամենն ավելի բացասական իրավիճակի կհանգեցնի, առանց այդ էլ լարված իրավիճակը ավելի կարող է լարվել։

Այսօր գոնե փոքր-ինչ հանդարտ է իրավիճակ Թբիլիսիում, թեև եթե դիտարկելու լինենք այն պահանջները, որոնք առաջադրվել են իշխանություններին՝ հրաժարականներ, նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ապա իշխանությունների քայլերից պարզ կդառնա, թե իրադարձությունները հետագայում ինչպես կզարգանան։ Այս պարագայում ավելի շատ իշխանությունների նախաձեռնություններից են կախված լինելու հետագա զարգացումները։

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս դեպքը նաև առիթ հանդիսացավ, որ վրաց հասարակությունը բարձրացնի երկրի իշխանության վերաբերյալ իր դժգոհությունը, նկատի ունեմ՝ երկրի ներսում կառավարման հետ կապված։

- Բնականաբար, պետությունը շնչող միավոր է, և թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում իշխանությունների կողմից տարվող քաղաքականության, բացթողումների պարագայում, իհարկե, դժգոհություններ առաջանում են։ Եվ, այո՛, դա Վրաստանում առկա է։ Եվ սոցիալ-տնտեսական ոչ լիարժեք իրավիճակը կամ իշխանությունների կողմից խոստումների ոչ լիարժեք կատարումը, բնականաբար, մշտապես քննադատության թիրախում էր պահում իշխանությանը։

Նման իրավիճակում, այո՛, կլինեն նաև այլ պահանջներ։ Բայց այս պարագայում, ինչպես ընդդիմադիրներն էին նշում, սա կապված չէ երկրի ներքին խնդիրների հետ, սա զուտ Վրաստանի արժանապատվության հարցն է։ Թեև, այո՛, այն հանգամանքները, որոնց մասին խոսեցինք, դրանք ևս այստեղ առկա են և ունեն կամ հետագայում ավելի շատ ազդեցություն կունենան, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընդդիմությունը, այս պարագայում՝ «Միացյալ ազգային շարժում» քաղաքական ուժը, 2012 թվականից սկսած ակտիվ պայքար է ծավալում իշխանությունների դեմ կամ նորից իշխանության գալու համար։ Այսինքն՝ այդտեղ կա նաև ընդդիմության ակտիվության հանգամանքը, և այս բոլոր գործոններն այստեղ առկա են։

- Հայաստանի վրա այս գործընթացներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ։ Արդեն հայտնի է, որ «Աերոֆլոտ» ընկերությունը Վրաստան ուղևորության համար որպես տարանցիկ երկիր է դիտարկում Հայաստանը։

- Առաջին հերթին պետք է նկատենք, որ Վրաստանում տեղի ունեցող այս բացասական զարգացումները ոչ մի կերպ չեն կարող մեզ համար դրական լինել։ Ընդհակառակը, որքան Վրաստանում կայունությունը պահպանվի, դա մեզ համար լավ է։ Բացի այն, որ բարիդրացիական երկկողմ բարձր հարաբերություններ ունենք, նաև միաժամանակ մենք հարևան երկրներ ենք։ Եվ այն տարանցիկությունը, որն այսօր Վրաստանն ապահովում է մեզ համար, իհարկե շատ կարևոր է։

Ցանկացած լարվածություն, որը կարող է հանգեցնել վրաց-ռուսական հարաբերությունների էլ ավելի վատթարացման, իհարկե Հայաստանի վրա կրկին բացասական կարող է ազդել։ Այո՛, կարող ենք ասել, որ այդ թռիչքներն ինչ-որ առումով ի նպաստ Հայաստանի կլինեն, հոսքը դեպի Հայաստան կակտիվանա, բայց, իհարկե, սա համադրելի չէ շահեկանության առումով։

Գուցե դա դրական է, բայց մյուս կողմից՝ պետք է հասկանանք, թե ինչ բացասական հողի վրա է դա առաջացել։ Դա կարճ ժամանակահատվածի համար մեզ կարող է շահ բերել, բայց ժամանակի ընթացքում ավելի կլարի վրաց-ռուսական հարաբերությունները, ինչը մեզ համար շատ բացասական է առանց այն էլ տարածաշրջանում այս լարվածության ու կոնֆլիկտների պարագայում։

- Այդուհանդերձ, որքանո՞վ եք հավանական համարում, որ Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են անցկացվել։

- Դա, իհարկե, կախված կլինի իշխանություններին հետագա քայլերից, մյուս կողմից՝ նաև այն ակտիվությունից, որը կարող են դրսևորել ընդդիմադիր ուժերը, նաև այն ակտիվ հասարակական զանգվածը, որը կարող է կրկին իր ձայնը բարձրացնել։ Իսկ ավելի հանդարտվելու պարագայում, չեմ կարծում, որ իշխանությունները դրան կգնան։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am