«Եթե չենք ուզում հլու-հնազանդ դատական համակարգ ունենալ, պետք է լուրջ վերահսկողություն սահմանենք վեթինգի գործընթացի նկատմամբ». Վարուժան Հոկտանյան

26-06-2019
416 դիտում
«Եթե չենք ուզում հլու-հնազանդ դատական համակարգ ունենալ, պետք է լուրջ վերահսկողություն սահմանենք վեթինգի գործընթացի նկատմամբ». Վարուժան Հոկտանյան

Դատական համակարգի վեթինգը պետք է շատ զգույշ իրականացվի և նաև քաղաքացիական հասարակության կողմից շատ լուրջ վերահսկողության պայմաններում, որպեսզի նոր կամակատար համակարգ չձևավորվի։

«Մեդիալաբի» հետ զրույցում նմանդիտարկում է անում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը։

«Քաղաքացիական հասարակությունը պետք է ներգրավվի այս աշխատանքներում։ Երբ ասում ենք՝ վեթինգ, այդ վեթինգի իրավունքը նաև քաղհասարակությունն ու լրատվամիջոցներն ունեն։ Այսինքն՝ դա շատ ավելի լուրջ ձևով պետք է արվի, և միայն ԲԴԽ-ն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չպետք է դրա համար պատասխանատու լինեն, քանի որ այդ երկու կառույցները կարող են լինել իշխանությունների կամակատարը, և այդ պայմաններում արդեն վատ զարգացումներ կլինեն»,- ասում է Հոկտանյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ դատավորների նկատմամբ իրականացվելիք վեթինգի վերաբերյալ առանձին օրենքի նախագիծ չի մշակվի, վեթինգը կիրականացնենԲարձրագույնդատական խորհուրդն ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին արդեն ԱԺարտահերթ նիստում քննարկման է ներկայացրել իր հեղինակած օրենքի նախագիծը, որը վերաբերում է նաևԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորմանը։ Միրզոյանն ասել է, որԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներգրավվելու է դատավորների վեթինգի գործընթացում։

«Կարգավորումներից մեկն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առաջարկում ենք իրավունք վերապահել դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել»,- ասել է ԱԺ նախագահը։

Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ արդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ նշելով, որ նման կարգավորումների նախատեսումը և գործելաոճը չեն բխում միջազգային հանրաճանաչ նորմերից, սկզբունքներից և ստանձնած պարտավորություններից։ Դրանք, ըստ կոալիցիայի, չեն արտացոլում թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման արժեքները, չեն արտացոլում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած հրապարակային դիրքորոշումները և կարող են որակվել որպես իշխանությունների կողմից մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ նախագիծ և մեկ քայլ հետ։

Մասնավորապես, հակակոռուպցիոն կոալիցիան խնդրահարույց է համարում նախագծում այն դրույթները, ըստ որոնց՝ փոփոխվում են հանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները։ Դրանք կոալիցիան անվանում է խիստ իշխանամետ, քանի որ նախ՝ դուրս է եկել անկախ մասնագիտացված խորհրդի կողմից մրցույթի անցկացման կարգը, որն ապահովում էր նաև քաղաքացիական հասարակության մասնակցությունը նշյալ գործընթացներին։

«Բացի այդ, առաջարկվող իրավակարգավորմամբ հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող քաղաքական ուժը՝ 1-ը Կառավարության կողմից և 2-ը՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին ևս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության»,- նշվում է հակակոռուպցիոն կոալիցիայի տարածած հայտարարությունում։

Վարուժան Հոկտանյանը հիշեցնում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը 2017 թվականի հունիսին է ընդունվել, բայց երկու տարի անց մենք դեռևս չունենք այդ հանձնաժողովը։ Ազգային ժողովը նոր է հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ արագ քայլեր անում։

Ինչ վերաբերում է գործընթացի բովանդակությանը, Հոկտանյանն ասում է, որ սկզբունքորեն վեթինգը վատ բան չէ, եթե իսկապես ծառայելու է հայտարարված նպատակին։ «Իսկ հայտարարված նպատակն անկախ դատական համակարգի ստեղծումն է։ Բայց անկախությունը կլինի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման՝ չկոռումպացված լինելու համար։ Մյուս այդպիսի անհրաժեշտ պայմանը կլինի նաև դատավորների աշխատավարձերի բարձրացումը, ինչին վերջերս անդրադարձավ նաև վարչապետը։ Այսինքն՝ եթե հայտարարված նպատակը սա է, ես ողջունելուց զատ այլ բան չունեմ ասելու։ Բայց հնարավոր են բացեր, մենք պետք է մտածենք, թե ինչ անենք, որ այդ կասկածները փարատվեն»,- ասում է նա։

Ըստ Հոկտանյանի՝ հաշվի առնելով մեր քաղաքական մշակույթը, այսինքն՝ մեր քաղաքականության մեջ ժողովրդավարության տարրերի շատ թույլ լինելը, առավել ևս, որ ներկայումս խորհրդարանում կա ճնշող մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ, մեծ ռիսկ կա, որ իրենց հլու-հնազանդ դատական համակարգ կփորձեն ձևավորել։ «Ես հակված չեմ դա պնդելու, ավելի շատ հակված եմ ասելու, որ եթե մենք չենք ուզում դա ունենալ, պետք է շատ լուրջ քաղաքական ու քաղաքացիական վերահսկողություն սահմանենք գործընթացի նկատմամբ։ Պետք է ներգրավվեն նաև հասարակական կազմակերպությունները, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը»,- ընդգծում է նա։

Խնդիր է այն, թե, ըստ Հոկտանյանի, ինչ կազմ կունենան այդ հանձնաժողովն ու նոր Բարձրագուն դատական խորհուրդը։

«Եթե մենք տեսնենք, որ նորից գործում է «յուրայիններ-ոչ յուրայիններ» սկզբունքը, այդ չափանիշով ընտրվեն անդամները, մեծ խնդիրներ կառաջանան։ Ուղղակի ասել, որ պետք է անկախ լինեն, քիչ է, պետք է վերահսկողություն լինի նաև ոչ պետական խաղացողների կողմից, հասարակական վերահսկողությունը շատ կարևոր է»,- նկատում է նա։

Ըստ Հոկտանյանի՝ եթե մենք վեթինգի արդյունքում ստանանք ոչ անկախ դատական համակարգ, որը դարձյալ կծառայի օրվա քաղաքական ուժին, ապա երկու շատ լուրջ խնդիր կունենանք։ Առաջին՝ լիովին կվարկաբեկենք վեթինգը, այլ երկրներում էլ մեզ մատով ցույց կտան։ Երկրորդ վտանգավոր խնդիրն այն է, որ դա կունենա պարբերական բնույթ, այսինքն՝ ամեն նոր իշխանություն կսկսի վեթինգով։

Իսկ եթե վեթինգի արդյունքում իսկապես արժանի մարդիկ գան դատական համակարգ, դա շատ ավելի դժվար կլինի հետագայում վերանայելը։

«Եթե նորից գան կամակատարներ, սպասարկուներ ու հաճախորդներ, ապա կլինի այն, ինչ մենք հիմա ունենք։Դատական համակարգը նախորդ վարչակարգի օրոքառաքինություններով չի փայլել, բայց եթե այլ ուժի ծառայող համակարգ ներդրվի, դա շատ վատ կավարտվի»,- ասում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am