«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը` ԼՂՀ ճանաչման հարցով դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում կայացած քվեարկության կապակցությամբ

10-12-2010
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը` ԼՂՀ ճանաչման հարցով դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում կայացած քվեարկության կապակցությամբ
ՀՀ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ վերջինս` որպես անկախ պետություն, համապատասխանում է ինքնիշխան պետականության անհրաժեշտ չափանիշներին: Այսօրինակ որոշումն ուշացել է. այն պետք է ընդունվեր 1992-ին կամ առնվազն 1994-ին` հրադադարի հաստատմանը զուգընթաց, կամ նախորդեր Կոսովոյի անկախության ճանաչմանը կամ էլ Կոսովոյի հարցով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը:

Սակայն եթե 1992-ին եւ 1994-ին ընդդիմությունը չկարողացավ քվեարկության հասցնել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, ապա 2007թ. օգոստոսին` կանխատեսելով Կոսովոյի եւ այլ տարածաշրջանների անկախացմանն առնչվող զարգացումները, «Ժառանգություն» կուսակցության նախագահ  Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ: Արցախի անկախությունը չի կարող լինել բանակցությունների ու սակարկության առարկա. այն նվաճվել է Արցախի ժողովրդի տված հազարավոր զոհերի, բազում զրկանքների ու տառապանքների գնով:

Մենք վերահաստատում ենք «Ժառանգության» դիրքորոշումն առ այն, որ Մինսկի ձեւաչափով ընթացող բանակցությունների սեղանին դրված 1997-98թթ. փաթեթայինից ու փուլայինից մինչեւ 2007թ. փաթեթափուլային «Մադրիդյան» առաջարկներն անարդար են եւ հակահայկական, չեն արտացոլում ոչ Ադրբեջանի գործած ցեղասպանության եւ ոչ էլ նրա պարտադրած նախահարձակ պատերազմի արդյունքներն ու դրանցից բխած իրողությունները: Եթե այսպես շարունակվի, ինքնակապիտուլյացիայի ճանապարհով տանուլ կտանք խաղաղությունը, թեպետ հաղթել ենք պատերազմը:

Խաղի կանոնները, որոնք այսօր ընկած են բանակցային գործընթացի հիմքում, ակնհայտորեն ձեռնատու չեն հայկական կենսական շահերի, այդ թվում Արցախի կայացած պետականության պահպանման տեսանկյունից. փոխել դրանք` հնարավոր է միայն Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումով: Այդ դեպքում Արցախի կարգավիճակի եւ միջազգային իրավունքի շրջանակներում իրացված ապագաղութացման իրավունքն ու փաստը դուրս են բերվում սակարկությունների դաշտից, Արցախը վերադառնում է բանակցային սեղան եւ Ադրբեջանի հետ բանակցում տարածքային ճշգրտումների, փախստականների վերադարձի, մշակութային ժառանգության պահպանության եւ այլ հարցերի շուրջ: Իսկ Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցում է շրջափակումների վերացման, հաղորդակցության ուղիների վերաբացման, փախստականների վերադարձի եւ այլ օրակարգով:

Այսօր էլ դեռ ուշ չէր կատարել Արցախի Հանրապետության ճանաչման քայլը, եւ «Ժառանգությունը» վերստին` արդեն արտահերթ կարգով, մտցրեց օրինագիծը խորհրդարան` հույս տածելով, որ ԱԺ դե ֆակտո մեծամասնությունը, ի վերջո, վեր կկանգնի իր անհիմն վախերից ու մանր շահադիտական մոտեցումներից եւ կմիանա «Ժառանգության» նախաձեռնությանը` ապահովելով միասնական «կողմ» քվեարկություն: Մենք ակնկալում էինք, որ իշխանությունները կգիտակցեն, որ ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում եւ Արցախի ճանաչման հարցը հետզհետե ավելի է դժվարանում:  Որպես վերջին եւ ծայրահեղ զիջում` մենք պատրաստ էինք անգամ չդնել օրինագիծը քվեարկության` եթե կառավարող կոալիցիան պատրաստակամություն հայտներ մտցնել այն ԱԺ մեծ օրակարգ` հարմար պահին համատեղ որոշմամբ քվեարկության դնելու հեռանկարով:

Այդուհանդերձ, այսօրվա խոսուն քվեարկությունն ու դրա արդյունքները` կոալիցիան կազմող քաղաքական ուժերի չքվեարկելու խորապատկերին, եւ 13 «կողմ» ձայները ցույց տվեցին, որ իշխող վարչակարգը համակերպվել է դրսից հրամցված այն մտքի հետ, որ պետք է զիջեն հայ ազգային արժեքները` ներառյալ Արցախի ազգային օջախները շրջան առ շրջան, հարցականի տակ դնելով եւ չճանաչելով Արցախի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը:

Փաստորեն գործող վարչակարգը ոչ թե Հայաստանի ազգային շահի պահապանն ու առաջմղիչն է, ինչին կոչված է թեկուզեւ կեղծված ընտրությունների արդյունքում բռնազավթած մանդատով, այլ ակամայից վերածվել է մեզանում արտաքին ուժերի շահերը սպասարկող նախագծի, իսկ կամովին` սեփական գավառամտության եւ կարճատեսության պատանդի:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ վարչակարգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման այսօրվա տապալման բոլոր բացասական հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է դրա ղեկավարների եւ նրա կամքը հլու-հնազանդ կատարող կոալիցիայի վրա:

«Ժառանգություն» կուսակցություն

9 դեկտեմբերի 2010թ.

Երեւան