Ի՞նչ ուղերձ էր հղում Սերժ Սարգսյանը. Ըստ քաղաքագետների՝ Արցախի պաշտպանության հարցն ամենալավ թեման է՝ հայրենասեր երևալու համար

Դատարանի շենքի մոտ Սերժ Սարգսյանի կոչը՝ ուղղված իր կողմնակիցներին և Արցախի անունը հիշատակելը որևէ ուղերձ չէին պարունակում, պարզապես հայրենասեր երևալու փորձ էր։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Ձևը գտել են, ովքեր մեղադրվում են, այսպես ասած, ոչ հայրենասիրական արարքների մեջ, հանկարծ հիշում են, որ իրենք շատ հայրենասեր մարդ են։

Եվ, բնականաբար, դրա լավագույն թեման Արցախն է, Արցախի պաշտպանությունը, Արցախի պաշտպանությանը մասնակցությունը և այլն»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը։ Նրա խոսքով՝որևէ այլ ուղերձ չկար սրանում։

Հիշեցնենք, որ մատչելի գներով դիզվառելանյութի ձեռքբերման ծրագրի չարաշահումների գործով մեղադրվող Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին կոչով դիմել էր դատարանի շենքի մոտ իրեն սատարող կողմնակիցներին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով` չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին:

Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Նրա այս հայտարարությունը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել, հարցադրումներ են հնչում, թե ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը Արցախի խնդրի հետ։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2018 թ. ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թ. հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը դատարանի շենքի մոտ անհասկանալի բառակապակցություններ ասաց, որի նպատակը խառնակչությունն էր։

«Դատապարտված մարդու տեսք, հոգնած, նաև իր անցյալի մեղադրանքները գիտակցելով՝ անհեթեթ բառակապակցություններ էին, բայց մեջը խառնակչություն կար։ Արցախի մասը դիտավորյալ խառնեց և խառնակչության նպատակ ուներ։

Դեմքից երևում էր, որ շարքային բենզին ու սալյարկա գողացող է»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Շիրինյանը։ Նրա խոսքով՝ մենք այսօր նախկին իշխանություններին տեսնում ենք մերկ վիճակում, ոչ թագավորական գահի վրա։

«Եվ նրանց դեպքում հետաքրքիրն ինչ է, խոսքը Ռոբերտի, Սերժի, մյուսների մասին է, փոխանակ այդուհանդերձ ընդունեն քրեական հանցանքներն ու հակապետական գործունեությունը և կլանների ստեղծման փաստը, նման վարքագիծ են դրսևորում։

Իհարկե իրենք լավ գիտեն, որ այդ հանցանքներն արել են, ավելին գիտեն, քան մենք գիտենք, գոնե ասեն՝ կներեք, էլի։ Դրա փոխարեն ինչ-որ արդարադատության, արդար դատավորների մասին են խոսում։

Ասա ինքդ արդար դատավոր թողե՞լ ես համակարգում, որ արդարադատության հույս ունես։ Իհարկե բոլորը բլեֆ է»,- ասում է Շիրինյանը։

Քաղաքագետի խոսքով՝ շքեղ ու սև մեքենաներով տեսնելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ իր աչքի առաջ գալիս են կոմիսար Կատանին և «Ծովահրեշի» մաֆիան։

«Բայց ես նրանց պետք է խորհուրդ տամ՝ մի հատ դիտեն Նյուրնբերգյան դատավարությունը, այնտեղ կտեսնեն, որ նացիստներն իրենց ինչ-որ տեղ արժանապատիվ էին պահում։

Հանցանքն արել են, բայց այդքան չեն ստորանում։ Սրանք աչքերիդ մեջ նայելով՝ սուտ են խոսում։ Բա նրանց պաշտպանները, ի՞նչն են պաշտպանում։

Արդարադատությունը մարդկանց թվի հետ կապ չունի, հավաքվում են, թե իրենց ընկերների ինչն են պաշտպանում, անհասկանալի է։ Դա, իհարկե, արդարադատության վրա ճնշում գործադրելն է, բայց պետք է ասեմ, որ իրավունքի ու քաղաքականության տեսանկյունից ցուցարարների թիվն արդարադատության և կայացրած վճռի հետ որևէ առնչություն չունի։

Կարող են միլիոններով հավաքվել՝  կապ չունի։ Հավաքվել են գողապետության պարագլուխները, մեջք մեջքի տված իրենց ընկերոջն ուղարկում են կառափնարան»,- ասում է Լևոն Շիրինյանը։

Արցախի անվան տակ, ըստ քաղաքագետի, նախկին իշխանությունները շարքային գրպանահատությամբ են զբաղվել։

«Աբսուրդի բեմականացում էր այն, որ նա ասաց՝ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունն ինձ հետ է։ Հայ ժողովուրդը երկու օր առաջ է նրան շպրտել աթոռից, ինքն ասում է՝ ինձ հետ է։

Երևի իր կողքի մարդկանցից ամեն մեկն իր աչքին միլիոն է երևում։ Այնպես որ, դեպի կառափնարան, բայց՝ արդարադատության կառափնարան»,- հավելում է Շիրինյանը:

MediaLab.am