«Եթե սկսում ես քրեական ենթամշակույթի դեմ պայքար մղել, հակազդեցությունն անպայման կլինի». Դիտորդը՝ քրեակատարողական հիմնարկներում անհնազանդության մասին

06-09-2019
«Եթե սկսում ես քրեական ենթամշակույթի դեմ պայքար մղել, հակազդեցությունն անպայման կլինի». Դիտորդը՝ քրեակատարողական հիմնարկներում անհնազանդության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը

- Պարո՛ն Ռևազյան, սեպտեմբերի 5-ին առանձին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ: Տեղեկություն կա, որ դրանք կապված են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի նախագծի դեմ, որը Կառավարությունն ընդունեց վերջերս: Ի՞նչ մանրամասներ կհաղորդեք:

- Հիմա որևէ տեղեկություն չեմ կարող հաղորդել, քանի որ ուսումնասիրություններ ենք իրականացնում: Կարգի համաձայն՝ ճիշտ չէ հիմա ինչ-որ տեղեկություն հրապարակելը: Բայց մոտավոր հասկանում ենք, թե ինչի՛ հետ է կապված եղել խնդիրը:

- Ճի՞շտ են տեղեկությունները, որ ընդվզումը կապված է օրենսդրության փոփոխության հետ:

- Այն, որ մենք տարիներ շարունակ միշտ բարձրաձայնել ենք, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն անհրաժեշտ է, դա միանշանակ է: Օրենսդրությունը պայքարի էլեմենտներից մեկն է: Բայց, իմ կարծիքով, միայն օրենքի փոփոխությունը աշխատանքի շատ փոքր մասն է, որն այդ ոլորտում պետք է արվի: Միայն դրանով դժվար է ռեալ արդյունքի հասնել: Զուգահեռ անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ անել: Այն, որ հակազդեցություն պետք է լիներ, դա նորմալ ու բնական է:

- Այսինքն՝ այս իրավիճակը սպասելի՞ էր, որ քրեական տարրերը կսկսեն ակտիվանալ:

- Հնարավոր չէր ասել՝ այս իրավիճակը հիմա՞ կլիներ, թե՞ հետո, բայց ընդհանրապես, եթե սկսում ես քրեական ենթամշակույթի  դեմ պայքար մղել, հակազդեցությունն անպայման կլինի: Ավելին, իսկ եթե հայտարարեն, որ պայքար է գնում, և հակազդեցություն չլինի, դա կարող է հիմք հանդիսանալ մտածելու, որ այդ պայքարը չի տարվում: Դա այնքան արմատացած ու հզոր համակարգ է, որ այդպես հեշտ չէ վերցնել ու մեկ շարժումով արմատախիլ անել:

- Ի՞նչ բարեփոխումներ պետք է արվեն ըստ ձեզ: Վարչապետն ասում ՝ քրեական տարրերին ու «օրենքով գողերին» պետք է ուղարկել իրենց տուն՝ բանտ: Դա խնդրի լուծո՞ւմ է:

- Դա հասկանալի է, բայց աշխատանքները պետք է սկսել քրեակատարողական հիմնարկների աշխատակազմից: Նախ՝ կադրերի լուրջ խնդիր ունենք, եղած կադրերին արժանապատիվ աշխատավարձով ապահովելու խնդիր ունենք: Այսինքն՝ դեռ ներսից այդ համակարգը պետք է առողջանա, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պայքար մղել ինչ-որ երևույթի դեմ: Իհարկե, այս ամենը չպետք է լինի մարդու իրավունքների խախտման հաշվին: Խստագույնս պետք է պահպանվեն մարդու իրավունքները, ինչ էլ արվի, պետք է լինի օրենքի շրջանակներում:

Օրենքը խստացնելը պայքարի բաղադրիչներից մեկն է: Ավելին, ես չէի ասի, որ դա առանցքային կոմպոնենտն է: Նաև հասարակության վերաբերմունքը պետք է փոխվի: Հասարակության մեջ էլ պետք է այդ վերաբերմունքը ձևավորվի, պետք է իրականում ցույց տրվի, թե ինչ է իրենից ներկայացնում քրեական ենթամշակույթը: Այդ քայլերը պետք է և՛ քրեակատարողական հիմնարկների ներսում իրականացվեն, և՛ դրսում՝ հանրության շրջանում:

- Եթե անդրառնանք անհնազանդության դեպքերին, դրանք կարող են ուղղորդվել, այսպես կոչված, «զոն նայողների» կողմի՞ց, թե՞ այլ գործոն էլ կա:

- Այո՛, ընդհանրապես համակարգը հենց այդպիսին է: Սա նաև ցույց է տալիս, թե իրականում քրեակատարողական հիմնակներն ո՛ւմ կողմից են ղեկավարվում, ինչպե՛ս են կառավարվում: Դա իշխանության պայքար է, փողի, շահի պայքար է:

- Հեղափոխությունից հետո շարունակ պատկան մարմիններից ասում էին, թե քրեակատարողական հիմնարկներում արտոնյալներ չեն լինելու, նրանց դեմ պայքար է մղվում: Ի՞նչ եք նկատել, անցած ամիսներին պայքարը արդյունք տվե՞լ է:

- Երբևէ լուրջ պայքար չի մղվել, եթե ասում են՝ մղվել է, ինչ-որ կոսմետիկ, ձևական բաներ են եղել: Տարբերությունն այն է, որ մինչև հեղափոխությունը շատ քրեական հեղինակություններ սերտորեն կապի մեջ են եղել տարբեր պաշտոնյաների, նրանց ազգականների հետ:

Դա տեսականորեն հնարավորություն չէր տալիս լուրջ պայքար մղել այս համակարգի դեմ: Հիմա կարծես թե այդ կապերն արդեն չկան կամ այդքան սերտ չեն, ինչպես նախկինում էր: Տարբերությունը դա է:

Հիմա կարծես թե փորձում են պայքար մղել, բայց դա պետք է լուրջ քայլերով ուղեկցվի: Ոչ թե պետք է միայն օրենք փոխեն, համակարգային համալիր գործողություններ են պետք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am