Դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհից արատավոր բարքերի մաքրումը մեզանում շոշափելի արդյունք չի տվել. Զարուհի Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, Հայաստանը հետընթաց է արձանագրել Freedom House-ի ազատության վարկանիշային աղյուսակում՝ նախորդ տարվա 55-րդ հորիզոնականից հայտնվելով 54-րդում։ Այս արդյունքն ինչպե՞ս եք գնահատում։

– Իրականում այդպես էլ կա, Հայաստանում հեղափոխությունից հետո որոշակի առաջընթաց իհարկե նկատվեց՝ կապված թե՛ խոսքի ազատության, թե՛ մարդու իրավունքների, ժողովրդավարության, նաև, ամենակարևորը՝ ազատ ընտրությունների անցկացման հնարավորության հետ, բայց հիմա որոշակի հետընթաց կա խոսքի ազատության մասով, որը մենք դիտարկում ենք լրագրողների հանդեպ սահմանափակումների տեսքով, մասնավորապես, խորհրդարանում, ինչպես նաև որոշակի խնդիրներ կան, որոնք նկատվում են տարբեր տիպի ակցիաների ժամանակ՝ ճնշումների, ոստիկանական գործողությունների, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքի խախտումների տեսքով, որը ևս ազդում է ժողովրդավարության ցուցանիշի վրա։ 

Իրականում նաև ընտրական գործընթացների մասով որևէ նոր առաջընթաց՝ որպես այդպիսին, դեռևս չենք գրանցել, միգուցե հետընթաց էլ չկա, չենք կարող պնդել, բայց նոր մոտեցումներ, ժողովրդավարության նոր տիպի դրսևորումներ, մասնավորապես, հանրաքվեների օգտագործում, ուղիղ ժողովրդավարության գործիքների օգտագործում այդպես էլ տեղի չունեցավ, թեպետև հեղափոխության ժամանակ անընդհատ բարձրաձայնվում էր ու նույնիսկ շահարկվում էր այն փաստը, որ հանրաքվեները լինելու են այն հիմնական գործիքները, որոնց միջոցով ժողովուրդն անմիջականորեն կարողանալու է իր խոսքն արտահայտել տարբեր հարցերի վերաբերյալ։

– Լրագրողների հանդեպ սահմանափակումների մասին ասացիք, երեկ էլ վարչապետի ասուլիսն էր, ու ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս կային լրատվականներ, որոնց ներկայացուցիչներին չէին հրավիրել։ Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում։

– Ոչ միայն դա, երեկ նաև «Առավոտ» առցանց լրատվամիջոցի յութուբյան էջի հետ կապված միջադեպը, որ կոտրել են, ինչն իհարկե դեռ բացահայտված չէ, բայց այդ համընկնումները, որոնք կան՝ կապված հրապարակվող նյութի անոնսի հետ, որն այդպես էլ չի հրապարակվում, որովհետև կոտրում են էջն ու ջնջում ամբողջ արխիվը, որոշակի նախանշաններ են, որ երկրում, մեղմ ասած, լրատվամիջոցների նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունք կա, իսկ ավելի կոպիտ ասած՝ հետապնդումներ։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, արձանագրվող այս հետընթացներն ի՞նչ են վկայում, մենք ժողովրդավարությունից հեռանո՞ւմ ենք, թե՞ դեռ չէինք էլ մոտեցել։

– Մենք ժողովրդավարության նշույլներ էինք ցույց տալիս, դեռևս չէինք մոտեցել այնքան, որ երկրում այդ ժողովրդավարությունը հաստատված լիներ, ու ասեինք, որ մենք ժողովրդավար երկիր ենք։ Այն նշույլները, որոնք արձանագրվեցին, միգուցե նախանշաններ կամ խոստումներ էին, որոնք, եթե լիներ բավարար կամք այն անձանց կողմից, որոնք իշխանության ղեկին են, ու այդ կամքը հետևողականորեն դրսևորվեր ոչ միայն խոսքի, այլ նաև գործի մակարդակում, միգուցեև մենք ունենայինք ժողովրդավարական երկիր, միգուցե ամրապնդվեին այն բոլոր նախանշանները, որոնք արդեն իսկ կային երկրում։ 

Այժմ այդ հնարավորությունը հեռանում է, ու, ցավոք, մենք հիմա առավել դիտարկում ենք այն իրավիճակը, երբ հետպատերազմյան երկրում առավել սահմանափակվում են ժողովրդավարության արժեքները, ու այդ սահմանափակվող տարածքում մատնանշվում է արտաքին պատերազմի հերթական վտանգը։

– Իսկ իշխանությունը, ձեր դիտարկմամբ, պատրա՞ստ է կամ գնո՞ւմ է դեպի ժողովրդավարություն՝ ամենատարբեր երևույթների դեմ պայքարելով, որոնք ժողովրդավարության ճանապարհին գլխավոր խոչընդոտներն են։

– Եթե դիտարկենք կոռուպցիայի դեմ տարվող քայլերը, ապա ինստիտուցիոնալ մակարդակում, իհարկե, թե՛ օրենսդրական դաշտն է բարելավվել, թե՛ ստեղծվել են բոլոր գործիքները, որոնք հնարավորություն են տալիս կոռուպցիայի դեմ համակարգային պայքար ծավալելու, բայց եթե նայում ենք կիրարկմանը, ապա տեսնում ենք, որ այդտեղ բավականաչափ խնդիրներ կան։ 

Մասնավորապես՝ այն դատավորները, որոնք Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ են նշանակվում և ունեն ՄԻԵԴ-ի մի շարք որոշումներով ամրագրված բավական խնդրահարույց անցյալ, այսինքն՝ դրանք ուղղակի ասեկոսեների մակարդակում չեն, այլ կան ՄԻԵԴ-ի հստակ վճիռներ, որոնք հստակ ներկայացվել են Հայաստանի դեմ հենց այդ դատավորների կայացրած որոշումների հետևանքով։ 

Այսինքն՝ մենք ունենք կիրակման հետ կապված լրջագույն խնդիրներ, ու միայն փաստաթղթային հիմքը բավարար չէ ասելու, որ Հայաստանում բավական են կամքը ու այն ամբողջ գործիքակազմը, որ կարող են ամրապնդել ժողովրդավարությունը, պայքար տանել արատավոր դրսևորումների դեմ, փոփոխություն գրանցել մարդու իրավունքների ոլորտում։ 

Մենք տեսնում ենք նաև, որ խնդիրները դեռևս մնում են նույնը բանակում, ու այն բոլոր հանցագործությունները, որոնք տարբեր ելքերով տեղի են ունենում, ընդ որում՝ դրանց քննություններում որպես այդպիսին առաջընթաց տեսանելի չէ։ Այսինքն՝ դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհից արատավոր բարքերի մաքրումը մեզանում շոշափելի արդյունք չի տվել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am