Հայաստանը մեկ հորիզոնականով նահանջել է Freedom House-ի ազատության աղյուսակում. «Ազատություն»

Հայաստանը հետընթաց է արձանագրել Freedom House-ի ազատության վարկանիշային աղյուսակում՝ նախորդ տարվա 55-րդ հորիզոնականից հայտնվելով 54-րդում։ Հայաստանը, ըստ կառույցի, մասամբ ազատ երկիր է։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

«Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցը նշում է, որ Հայաստանը 2018 թվականի հակակառավարական ցույցերից և իշխանափոխությունից հետո դեռևս գտնվում է «կարևոր անցումային գործընթացում և լրջորեն տառապում է» 44-օրյա պատերազմի հետևանքներից։

Կազմակերպությունը հիշեցնում է անցած տարվա արյունալի իրադարձությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի սեպտեմբերյան հարձակումը, որի հետևանքով զոհվել է մոտ 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր, սպանվել է 3 խաղաղ բնակիչ, ևս 20 զինծառայող՝ գերեվարվել:

«Պաշտոնական զեկույցներում առկա հավաստի ապացույցների համաձայն՝ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել», – արձանագրում է կառույցը, որն այդ օրերին հատուկ հայտարարությամբ դատապարտել էր Ադրբեջանի հարձակումները և Ալիևի վարչակազմին կոչ արել անհապաղ դադարեցնել Հայաստանի տարածքի վրա մահաբեր ոտնձգությունները։