Դրույքաչափի դասավանդման ժամի փոփոխությունը բերելու է նաև ուսուցչի աշխատավարձի բարձրացման, ինչը խրախուսելի է. Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, գործադիրի որոշմամբ՝ շաբաթական 22 դասավանդման ժամը դարձավ 18 ժամ՝ տարրական դասարանների համար, իսկ միջին և ավագ դասարանների համար՝ 20 ժամ: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը: 

– Սա ես կբնորոշեմ որպես սխալի ուղղում, որովհետև որոշ ժամանակ առաջ հենց այդպես էլ կար՝ 18 ժամն էր համարվում մեկ դրույք, հետո այս կառավարությունը եկավ ու շատացրեց, այսինքն՝ աշխատավարձը պակասեցրեց ըստ էության: 

Հիմա իր սխալն ուղղում է, այն էլ՝ երկու փուլով, այսինքն՝ միանգամից չի դարձնում 18 ժամ, միջին դասարաններում դեռևս կլինի 20 ժամ, բայց սա, նաև ուսուցիչների անունից եմ ասում, շատ լավ է, որովհետև նշանակում է, որ ավելի քիչ ծանրաբեռնվածության դեպքում ուսուցիչները կստանան նույն աշխատավարձը, որն այս պարագայում խրախուսելի է: 

– Այսինքն՝ այս փոփոխությունը նաև նպաստելու է աշխատավարձերի բարձրացմա՞նը:

– Այո՛, որովհետև, եթե 18 ժամը վարձատրվում է ինչ-որ դրույքով, հիմա 20 ժամը կլինի դրանից 10 տոկոսով ավելի, այսինքն՝ եթե ստանում էր 100 հազար, ապա հիմա կստանա 110 հազար դրամ, մոտավոր հաշվարկով՝ նույն ժամերի պարագայում:

– Պարո՛ն Մխիթարյան, այսինքն՝ մինչև այս փոփոխությունը հանրապետության բոլոր դպրոցներում 18 ժամը համարվել է մեկ դրո՞ւյք:

– Այո՛, հետո փոխեցին, որին հետո նաև ավելացրին ատեստավորման մյուս բաները, հիմա ուղղակի սխալի ուղղում եղավ, որովհետև արդեն ակնհայտ է, որ այդ ատեստավորման գործընթացը որևէ դրական միտում չմտցրեց ուսուցիչների աշխատավարձերի պարագայում, նրանց սոցիալական վիճակը չլավացավ: Շատերը խուսափում են և այլևս չեն էլ գնա, ես գիտեմ, որ հատկապես վերջին շրջանում շատ ուսուցիչներ անգամ գրանցվել են, բայց չեն գնացել կամ գնացել են ու չեն մասնակցել այդ գործընթացին, ինչը նշանակում է, որ մենք կորցնում ենք կրթական համակարգը: 

Միակ ձևը սա էր, որ, իսկապես, պետք է ուսուցչի աշխատանքը հարգված լինի հասարակության մեջ, իսկ հարգանքի միակ ձևը, հազար անգամ ասել ենք՝ աշխատավարձն է: Աշխատավարձը իշխանության մենաշնորհը չէ, պետության մենաշնորհն է, որը պետությունը տալիս է բոլոր մարդկանց հարկերից: Նշանակում է, եթե պետությունը բարձրացնում է ուսուցչի աշխատավարձը, ապա հասարակության վերաբերմունքը ուսուցչի նկատմամբ գնում է դեպի դրականը, որը վերջին հաշվով նաև պիտի բերի կրթական համակարգի լավացմանը:

– Ուսուցիչները, որոնք հրաժարվել են ատեստավորման գործընթացին մասնակցելուց, ինչո՞վ են բացատրում իրենց այդ որոշումը:

– Վերջին շրջանի ամենակարևոր պահանջը, որ դնում էին ուսուցիչները, թեստերը կազմելու շատ սուբյեկտիվ մոտեցումն էր, երբ թեստերը կազմվում են այստեղից-այնտեղից արտագրելով: Կազմողները դրանք պատում են շղարշով, որ որևէ մեկը չիմանա, թե ինչ կա դրա մեջ, և ուսուցիչները, կոպիտ ասած, գնում են ինչ-որ մի բանի մասնակցելու, որի մասին գաղափար էլ չունեն: Իսկ արդյունքը լինում է այն, որ վերջին շրջանում մասնակից ուսուցիչների կեսից ավելին չի հաղթահարել այդ նվազագույն շեմը, այսինքն՝ իրենք դրանով ուսուցիչներին դուրս են թողնելու համակարգից, իսկ ուսուցիչն ինքնակամ չի գնա իր աշխատանքից զրկվելու քայլին: Գայթակղություն կա, որ աշխատավարձը կարող է բարձրանալ, բայց իրականությունը ցույց է տալիս հակառակը:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ կամավոր ատեստավորման գործընթացը նախարարությունը լիակատար ձախողել է:

– Այո՛, արդեն կարելի է արձանագրել, որ սա չկայացավ, ու դրա համար նախարարությունը ինչ-որ որոշումներ է կայացնում՝ կառչելով փրփուրներից, օրինակ՝ այն ուսուցիչներին, որոնք չունեին բարձրագույն կրթության դիպլոմ, ստիպում են գնալ կամավոր ատեստավորման, որպեսզի շարունակեն մնալ դպրոցում: Վարչահրամայական մեխանիզմներ են կիրառում, որպեսզի զարկ տան կամավոր ատեստավորման մեխանիզմին, բայց, միևնույն է, դա այլևս չի լինելու, որովհետև մարդիկ համաձայն են նույնիսկ սուսուփուս դուրս գալ դպրոցից, հատկապես գյուղական վայրերում, որտեղ դասաժամերը քիչ են, քան մասնակցել այդ խայտառակ գործընթացին, որն ուղղակի բերում է ուսուցիչների արժեզրկման: Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլ նաև բազմաթիվ ուսուցիչների, որոնք իրենց պատվից ցածր են համարում մասնակցել «ինչ-որ նորավարտի, որի տարիքի չափ ստաժ ունեն, կազմած թեստերով ինչ-որ ատեստավորման»:

– Պարո՛ն Մխիթարյան, դրույքի ժամաչափի փոփոխությունը որքանո՞վ կարելի է համարել շաբաթներ առաջ ուսուցիչների կազմակերպած բողոքի ցույցի արդյունք:

– Հնարավոր է, որ լինի դրա արդյունք, որովհետև ուսուցիչների բողոքներից մեկն էլ այն էր, որ իրենք շատ ժամանակ են ծախսում այդ էլեկտրոնային մատյանների, դասապլաններ կազմելու վրա, որի համար լրացուցիչ վճարները վաղուց կտրվել էին: 

Սա, այո՛, կարող է լինել այդ բողոքի արդյունք, որ որոշ չափով կոմպենսացվում է, բայց ուսուցիչները չպետք է մոռանան, որ իրենք կազմակերպված կարող են հասնել ավելիին: Դրա համար անհրաժեշտ է կազմակերպվել ու ընդհանրական պահանջներ ներկայացնել, որովհետև այդ պայքարը մեր ողջ հանրության ու արժեհամակարգի պահպանման համար է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am