«Ասում էր՝ երեխեքը մեղք են, ո՞նց թողնեմ գամ, մնաց, իրա երեխեքն էլ որբացան»․ Ռազմիկը չվերադարձավ ռազմի դաշտից

61-ամյա Շողիկ Ավագյանը պատերազմում կորցրել է ավագ որդուն։ Ասում է՝ պատերազմի օրերին հաճախ էր որդուն հորդորում տուն գալ՝ հատկապես, երբ 37 օր տղան թեժ պայքար էր մղել հակառակորդի դեմ, սակայն որդին անդրդվելի էր․

«Ասում էր՝ երեխեքը մեղք են, ո՞նց թողնեմ երեխեքին գամ, կվերջանա, կգանք։ Մնաց երեխեքին պաշտպանելու, իրա երեխեքն էլ որբացան»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է մայրը։

36-ամյա Ռազմիկ Գևորգյանը ծանուցագրով հոկտեմբերի 1-ից մեկնել է ռազմաճակատ, սկզբում մեկ շաբաթ եղել է Սիսիան քաղաքի զորամասում, այնուհետև տեղափոխվել կռվի թեժ կետեր՝ Հադրութ, Մարտունի։

Հարազատներն ասում են՝ մարտի դաշտից զանգելիս, իր բնավորության համաձայն, միայն հանգստացրել է:

«Ասում էր՝ վտանգավոր բան չկա։ Ինքը դժվարություններին դիմանում էր, շատ դիմացկուն էր, նենց էր անում, որ մենք ոչ մի բան չզգայինք։ Մենք էլ հավատում էինք»,- հուզվում է որդեկորույս մայրը ու նշում՝ երբեք մտքով չէր անցնի, որ պատերազմը կխլի որդուն։

«Կյանքում չէի սպասում, ինքը շատ դժվարություններ ա տեսել, դժվար ծառայություն ունեցել, բայց հաղթահարել ու դուրս ա եկել, մենք էլ էինք սպասում, որ էս էլ կհաղթահարի, կգա․.. Շատ անսպասելի էր, ինքը շատ ուժեղ տղա էր, ամեն ինչ հաղթահարում էր»։

Հարազատներին Ռազմիկի զինակից ընկերները պատմել են, որ, անկախ իրավիճակից, Ռազմիկը չի վհատվել, չի վախեցել, վտանգավոր իրավիճակներում քաջալերել է, անգամ հումորով, կատակով հուսադրել ժամկետային զինծառայողներին։

Մեկ ամսից ավելի հակառակորդի դեմ պայքարելուց հետո նոյեմբերի 7-ին Ռազմիկը զոհվել է արկի պայթյունից Մարտունու Ննգի գյուղի մոտակայքում։ 

«Լրիվ դատարկվեց մեր տունը, շատ ծանր վիճակում հայտնվեցինք, մինչև հիմա էլ չգիտենք՝ ոնց ենք ապրում»,- արցունքների միջից դժվարությամբ արտաբերելով բառերը ասում է որդեկորույս մայրը։

Ռազմիկը ամուսնացած էր, ուներ երկու աղջիկ՝ 11 և 6 տարեկան, շինարար էր, մեկնում էր նաև արտագնա աշխատանքի։ 

«Մասնակցել է Յարոսլավլ քաղաքի Սբ. Գևորգ եկեղեցու շինարարությանը»,- նշում է մայրը։ 

Մայրն ասում է՝ որդին երազում էր իր սեփական ձեռքերով իր տունը կառուցել։

Ռազմիկը բնավորությամբ բարի էր, հավասարակշռված, պատրաստակամ բոլորին օգնելու, երբեք իրեն հանդիպած դժվարությունները չէր բարձրաձայնում՝ պատմում է մայրը։

«Երբ ինչ-որ հարց էր առաջանում, ու նեղվում էինք, ժպիտով և ուրախ ասում էր՝ մա՛մ, պա՛պ, սաղ լավ ա լինելու»,- հիշում է որդու խոսքը մայրն ու ասում՝ ընտանիքի անդամները տարբեր իրավիճակներում միշտ Ռազմիկի խորհուրդն ու կարծիքն էին հարցնում։

«Ինքը մեր մեծ տղան էր, ամեն ինչ իրա ասածով էր լինում, եղբայրն իրենից երկու տարի փոքր է, Ռազմիկը ոնց ասեր՝ տենց պիտի աներ»։

Մայրն ասում է՝ օրն սկսում և ավարտում են Ռազմիկի մասին խոսելով, հիշելով․ «Ամեն որոշում ընդունելիս պատկերացնում ենք, թե ինքն ինչ կառաջարկեր»։

Ռազմիկ Գևորգյանը հուղարկավորվել է Արմավիրի մարզի Խորոնք գյուղում։

Ռազմիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am