«Գամար ջոբա». Վրացի Զվիադիի թխած պուրիները Երևանի Վրացական փողոցում սիրում են ու գնահատում

18-09-2010
1136 դիտում
«Գամար ջոբա». Վրացի Զվիադիի թխած պուրիները Երևանի Վրացական փողոցում սիրում են ու գնահատում

«Ո՞նց ես, Գոգո´»,- ամեն առավոտ ալյուրոտ Զվիադին ժպիտով դիմում է տաք ու համեղ պուրի առնող երեխաներին:

Երևանի Վրացական փողոցի վրացական պուրին մեծ համբավ ունի ոչ միայն համի, թարմության, այլև ժպտերես, ազգությամբ վրացի հացթուխ 40-ամյա Զվիադի Կավիաշվիլիի շնորհիվ:

Հացի կրպակն այնպիսին է, որ գնորդը կարող է տեսնել, թե ինչ կատարվում է ներսում. ինչպես է Զվիադին պատրաստում հացի գնդերը, ինչպես է գունդը ձգում` երկարացնելով հատուկ պատրաստված տախտակի վրա ու թե ինչպես է այդ տախտակը բռնած` գլխով գցվում թոնրի մեջ, ոտքերը մի վայրկյան ճոճում օդում ու, խմորը խփելով թոնրի ամենաներքևի պատին, դատարկ տախտակով, հաղթական ու քրտնած դեմքով դուրս պրծնում:

Երբ մոտիկից ես նայում սպիտակամաշկ ու կարմրաթուշ Զվիադիին, երևում է, որ մազերի ծայրերը խանձված են:

Զվիադին աշխատելիս սիրում է վրացական երաժշտություն լսել, երբեմն էլ քթի տակ վրացերեն ինչ-որ բան է խոսում: Մեկ տարի է` նա ապրում ու աշխատում է Երևանում:

«Ոնց որ Վրաստանում ապրեմ, տարբերություն չկա»,- ասում է նա:

Տնօրինությունը Զվիադի համար տուն է վարձել, աշխատանքային ժամերը առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ն են: Աշխատավարձը գործարքային է` կախված պուրիի վաճառքից:

«Նորմալ է,- աշխատավարձի մասին ասում է Զվիադին,- կարողանում եմ մի քիչ էլ հետ գցել»:

Վրաստանում նա երկու երեխա ունի, եղբայր, ցավով նշում է, որ կնոջից բաժանված է:

Սրբուհին` կրպակի ժպտերես վաճառողուհին, թաքուն պատմում է, որ Զվիադին ուզում է ամուսնանալ հայ կնոջ հետ, մնում է հարմար կին գտնել:

«Մենք նրան շատ ենք սիրում»,- պատմում է Սրբուհին. երբ ամռանը երկու շաբաթով Զվիադին գնացել էր Վրաստան հանգստանալու, բոլորը կարոտել էին նրան: Զվիադին Վրաստանում ապրում է Օնսկի շրջանում:

«Երբ մտածում եմ հայրենիքիս մասին, հասկանում եմ, որ մարդկանց եմ կարոտում, թե չէ այստեղ ինձ լավ եմ զգում, բոլորն ինձ լավ են վերաբերվում»,- ասում է նա:

Հաճախորդները հաճախ են խնդրում լուսանկարել նրան, Զվիադին հաճախորդների արած լուսանկարները պահում է դարակում, իսկ Սրբուհին շատ է ուզում, որ այդ լուսանկարները շրջանակի մեջ դնեն ու կախեն պատերից:

Վրացական փողոցում ապրողներից շատերը նախկին վրացահայեր են ու գիտեն լեզուն, ոմանք էլ, Զվիադիին սիրելով, հատուկ նրա համար որոշ արտահայտություններ են անգիր անում, որ ուրախացնեն հացթուխին:

- Գամար ջոբա,- ներս է մտնում ժպիտը դեմքին առաքիչը:

- Ռոգա րախար,- ալյուրը ձեռքերից թափ տալով` ժպտում է Զվիադին:

-Կարգադ,- լսվում է պատասխանը:

Վրացերեն «բարև, ո՞նց ես - լավ» սովորական հարց ու պատասխանից հետո ամեն մեկն անցնում է իր գործին. Զվիադին երկար ձողի օգնությամբ տաք, կարմիր հացերն է հանում «թոնդիրից», իսկ առաքիչն արկղերով հացը տանում է մեքենայում դասավորելու: Որոշ ռեստորաններ միայն այստեղ են հաց պատվիրում:

Զվիադին մեծ հաճույքով է անում իր գործը:

«Եթե գործդ չսիրես, լավ չի ստացվի»,- ասում է նա, իսկ իր պատրաստած պուրիի համի գաղտնիքը բացատրում է շատ պարզ` «մարդու ձեռից ա»:

Ասում է, որ Հայաստանում աղ քիչ են օգտագործում, օրինակ` Վրաստանում պուրին ավելի շատ են համեմում աղով, բայց այստեղ մարդիկ բողոքում են շատ աղից:

«Ամեն ինչի մեջ եք աղ քիչ գցում, օրինակ` խորովածի, քյաբաբի մեջ աղ չկա»,- ասում է նա:

Զվիադի Կավիաշվիլիի նման մի քանի վրացի էլ  են ապրում Երևանում, նրանք էլ են պուրի թխում: Սակայն Սրբուհին ասում է, որ «Վրացական պուրի» խանութները ցանցային չեն.

«Մենք ոչ մեկի հետ կապ չունենք: Համ էլ` մերը բոլորից համեղ ա, մեր հաճախորդներն են ասում»,- գոհ-գոհ ասում է նա:

Զվիադին երեկոյան հանգստանում է վրացի ընկերների հետ, երբեմն սրճարան են գնում, երբեմն էլ` եկեղեցի:

Ալյուրոտ աշխատասեղանի մոտ` պատին, սրբապատկեր կա. «Ընկերոջս հետ ռուսական եկեղեցի էինք գնացել, այնտեղ են տվել: Մենք հավատով ռուսական եկեղեցուն ավելի մոտ ենք»:

Զվիադիի ամենամտերիմ ընկերը` «թոնդիրը», վրացի է պատրաստել, որը նույնպես ժամանակավորապես ապրում է Երևանում:

Երբ հացի կրպակում վրացական բարձր երաժշտություն է լսվում, դա ընդամենը Զվիադիի բջջային հեռախոսն է զանգում: Զվիադիին հեռախոսով խոսելիս տեսնողին կարող է թվալ, թե նա բարկացած վիճում է.

«Իրականում վրացերենը մուննաթոտ ու կոպիտ լեզու է, շատ հնարավոր է, որ առօրյա ինչ-որ բաներից խոսեն, բայց մեզ թվա, թե վիճում են»,- ասում է 33-ամյա Անի Մխոյանը, որը հաճախ է Թբիլիսիում լինում:

Անիենց ընտանիքը միայն Զվիադիի թխած հացն է գնում. «Որ սոված եմ լինում` աչքիս առաջ մենակ էս հացն ա գալիս»,- ասում է նա: Մինչդեռ դեղագետ Անահիտ Կոշկարյանը զարմանում է, որ մարդիկ պուրի են առնում. «Մյուս օրն էլ ուտելու բան չի, մենակ տաք-տաք ա համեղ»,- ասում է նա:

Արփի Մաղաքյան

Լուսանկարները` Իննա Մխիթարյանի

© Medialab.am