«Գավառական ֆաշուլյաները որոշել են Եվրոպայում պայքարել «ռասիզմի եւ մարդատյացության դեմ». Վահե Գրիգորյանը` ԵԽ-ում Հայաստանի նախագահության շուրջ»

30-05-2013
«Գավառական ֆաշուլյաները որոշել են Եվրոպայում պայքարել «ռասիզմի եւ մարդատյացության դեմ». Վահե Գրիգորյանը` ԵԽ-ում Հայաստանի նախագահության շուրջ»

Հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն անդրադարձել է ԵԽ-ում Հայաստանի` նախագահությունը ստանձնելուն: Իրադարձության կարեւորությունից զատ, Վահե Գրիգորյանը նաեւ բացատրում է, թե բացառիկ այդ իրադարձությունն ինչու է «սուսիկ-փուսիկ» անցնում:  Փաստաբանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Հայաստանն արդեն երկու շաբաթ է ստանձնել է Եւրոպայի Խորհրդում նախագահությունը: Տեւելու է վեց ամիս: Առաջին անգամն է Հայաստանի պատմության մեջ:

ԵԽ այսօրվա անդամների կազմն անփոփոխ մնալու դեպքում այս կարգավիճակը հաջորդ անգամ բախտ կվիճակվի ունենալ մի 24 տարի հետո:

Բայց այս ամենին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Հրաշալի այս դիվանագիտական, քաղաքական, իրավական եւ մշակութային հնարավորությունը, մի տեսակ, զինվորի մտադրությամբ փորձվում է յոլա տանելով անցկացնել, սուսիկ-փուսիկ անշառ վերջացնել, թողել գալ տուն:

Բայց ամենակարեւորը, մի տեսակ, էնպես անաղմուկ էլի, շատերի բերանը չընկնի. հանկարծ քաղաքական բանտարկյալ, բազմաթիվ մահվան ելքերով դեպքերի անարդյունավետ քննություն, համակարգային մակարդակով ընտրական իրավունքի խախտումներ, 2008թ.-ի մարտի 1-ի պես ոճրագործության պարտակում, ունեզրկված եւ անտուն կենտրոնի նախկին (գուցեեւ արդեն՝ Հայաստանի նախկին) բնակիչներ եւ այլ մանր մունր բաներ հանկարծ չբարձրաձայնվեն մամուլի եւ եւ հասարակության կողմից:

Մի խոսքով, երեւի, որ չուզողները հանկարծ էլի հարամ չանեն:

Մի խոսքով համեստ են:

Բայց էնպես չի, որ դուրսն էլ են սենց սուսիկ-փուսիկ, համեստ:

Մի շաբաթ առաջ նայում եմ, թե լավ բայց մեր խոսքն ինչ է լինելու այդ նախագահության ժամանակ, ինչ ենք մենք փորձելու ավելացնել էդ, այսպես կոչված, եւրոպական ժառանգությանը (եթե նման բան մնացել ա դեռ): Ու էս եմ գտնում.

«Հայաստանյան նախագահության ժամանակ հետեւյալ նպատակներն են հետապնդվելու.

• պայքար ռասիզմի եւ մարդատյացության դեմ Եվրոպայում. եվրոպական արժեքների տարածում միջմշակութային դիալոգի միջոցով;

• մարդու իրավունքերի ստանդարտների եւ իրավունքի գերիշխանության ամրապնդում;

• նպաստել/աջակցել դեմոկրատական հասարակություններին/հանրույթներին;

• ամրապնդել Եւրոպայի Խորհրդի դիրքերը եւրոպական կառույցներում»:

Չէ բայց զգում ե՞ք: Հլը վերհիշեք էս բանն անողների դեմքերն ու սրանց տեքստերը : Գավառական էս ֆաշուլյաները որոշել են Եվրոպայում պայքարել «ռասիզմի եւ մարդատյացության դեմ», էլ չասած, որ նպաստելու են պարոնայք նեմեցի, թոխմախի, լֆիկի, շմայսի, վովիկի, չոռնիի, սաշիկի, միշիկի եւ այլոց «դեմոկրատական հանրույթին»: Լեւոն Բարսեղյանը էստեղ կասեր. Ես էլ առողջություն չունեմ»:

© Medialab.am