«Խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի, նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները». Օմբուդսմենը դիմել է գործընկերոջը

16-07-2013
316 դիտում
«Խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի, նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները». Օմբուդսմենը դիմել է գործընկերոջը

Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր գործընկերոջը` Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին` Հրաչյա Հարությունյանի գործով

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը ձերբակալվել է Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որի հետեւանքով զեհվել են առնվազն 18 հոգի:

Երեկ հիվանդանոցից ուղիղ դատարանի դահլիճ` դեղորայքային քնից դուրս բերելուց հետո, վերջինիս տարել են կանացի ծաղկավոր խալաթով: Ցնցված եւ դեղորայքային ազդեցության տակ` Հրաչյա Հարությունյանը, ով ըստ մամուլի հրապարակումների արցախյան պատերազմի մասնակից է, Ռուսաստան էր մեկնել որդու շիրմաքարի գումարը վաստակելու համար:  Գլխիկոր, ձեռքերով դեմքը փակելով տղամարդը արտասվում էր:

Անդրեասյանի նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Ընդունեք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, բերման է ենթարկվել դատարան:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ:

Օրենսդիրը, սահմանելով «ոչնչով» եզրույթը, ենթադրում է անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում: Անձի արժանապատվության պաշտպանությունը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-դ հոդվածով: Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ անձի պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող գործողություններն անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, անթույլատրելի են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել Ձեր իրավասության ներքո գտնվող տարածքում, խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները, ինչպես նաև, Ձեր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն և տեղեկացնել ինձ արդյունքների մասին:

Կարևորելով ՀՀ և ՌԴ Օմբուդսմենների միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ կանխավ շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած օգնության համար:

Հարգանքով`

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ»:

© Medialab.am