Արժեքների հեղափոխությունը շարունակվում է. բարեգործական համերգ` ի պաշտպանություն քաղբանտարկյալների

10-04-2014
340 դիտում
Արժեքների հեղափոխությունը շարունակվում է. բարեգործական համերգ` ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Արժեքների հեղափոխությունը շարունակվում է…: 

Նման կարգախոսով վաղը` ապրիլի 11-ին ժամը 18:00-ին Թեքեյան կենտրոնում տեղի կունենա բարեգործական համերգ` երգահան, հեղինակային երգիչներ Ռուբեն Հախվերդյանի եւ Էդուարդ Զորիկյանի մասնակցությամբ:

Տեղի կունենա նաեւ Շանթ Հարությունյանի` օրերս տպագրված «Անհատական հեղափոխություն» գրքի շնորհանդեսը-վաճառքը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը չհամակերպվելով երկրում տիրող իրավիճակին, «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառով բողոքի նստացույց էր սկսել  Ազատության հրապարակում:

Նա նաև հայտարարել էր, որ առանց արյունահեղության հեղափոխություն են ուզում անել, քանի որ իրենք՝ հեղափոխականներով արյունահեղության չեն ձգտում:

Սակայն, երթի ժամանակ ոստիկանների և Շանթի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետեւանքով, Հարությունյանն ու շուրջ երկու տասնյակ համախոհներ ձերբակալվեցին:

«Մենք կունենայինք մեր երազած Հայաստանը, եթե Շանթի տեսակը գոնե մեր ժողովրդի 5 տոկոսի մեջ լիներ»,-«Մեդիալաբին» ասել էր Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանը`հավելելով, որ արցախյան ազատամարտի տարիներից Շանթը պայքարում է Հայաստանի անկախության համար:

«Արժեքների հեղափոխությունը շարունակվում է…» բարեգործական համերգի կազմակերպիչ «Շանթ և Ազատություն» հիմնադրամը նախատեսում է համերգի եւ Շանթի գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվել  քաղբանտարկյալների ընտանիքներին:

Մուտքն ազատ է:

© Medialab.am