Խոնարհում Եղեռնի զոհերի հիշատակին Ստամբուլում. բարի կամքի դրսեւորո՞ւմ, թե՞ քաղաքականություն

01-05-2010
447 դիտում
Խոնարհում Եղեռնի զոհերի հիշատակին Ստամբուլում. բարի կամքի դրսեւորո՞ւմ, թե՞ քաղաքականություն

Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի օրը Թուրքիայում կազմակերպված սգո եւ հարգանքի արարողությունը, որը  նաեւ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, շատերի գնահատմամբ ոչ միայն բարի կամքի դրսևորում, այլեւ  քաղաքականություն էր:

Ապրիլի 24-ին մի խումբ թուրք մտավորականների նախաձեռնությամբ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կազմակերպված հիշատակի արարողության ժամանակ  մի քանի հարյուր մասնակիցներ մոմերով, ծաղիկներով եւ ցուցապաստառներով հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` «Սա մեր ցավն է, այս վիշտը բոլորինս է» կարգախոսով:

Հայ-թուրքական վիճահարույց հարաբերությունների ֆոնին, Հայաստանում, սակայն, բոլորը չեն, որ այս միջոցառման մեջ անկեղծություն են տեսնում:

«Թուրքիան շատ լուրջ խնդիր ունի իր առաջ դրված: Նա ուզում է ցույց տալ աշխարհին, որ փոխվել է: Չեմ կարծում, որ Թաքսիմ հրապարակում հավաքված մարդիկ չեն ընդունում Հայոց Ցեղասպանությունը, բայց այն հանգամանքը, որ կառավարությունն արտոնում և ուղորդում է այդ հավաքը, դա գալիս է Թուրքիայի պետական շահերից»,- «Մեդիալաբին» ասում է Ազգային Նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Ափրամյանը: Սակայն, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը չի կիսում այդ կարծիքը: Նա համոզված է, որ այդ ամենը հայ-թուրքական գործընթացի տված արդյունքներից մեկն է:

«Կա գործընթաց, ձեւավորվում են հասարակական խմբեր, բարձրացնում են հարցեր, որոնց մասին նախկինում չեն բարձրաձայնել»,-ասում է նա: Սուրենյանցի կարծիքով թեև հայ-թուրքական հարաբերությունները հայտնվել են փակուղում, սակայն երկու հասարակություններում  էլ, սկսված գործընթացի արդյունքում,  մարդիկ ավելի ռացիոնալ են դարձել:

«Ես չեմ կարծում, թե այս ակցիայի կազմակերպման գործում Թուրքիայի իշխանությունների աջակցությունը կար,-«Մեդիալաբին» ասում է  Սուրենյանցը,-Երկու հասարակություններում էլ ուղղակի, մարդիկ հասկացան այն, ինչ պիտի հասկանային»:

Թուրքիայում եւս, ինչպես եւ ենթադրելի էր,  «Սա մեր ցավն է, այս վիշտը բոլորինս է» ակցիան, որի մասին նախապես ծանուցվել էր ինտերնետով, միանաշանակ ընդունելության չի արժանացել:

Նման հրապայնականությունը հատկապես հունից հանել էր թուրք ազգայնականներին, որոնք մինչ ապրիլի 24-ը տարբեր ձեւաչափերով  սպառնալիքներ էին տեղում կազմակերպիչների հասցեին: Մասնավորապես  ակտիվ էին ազգայնական «Գորշ գայլերը», որոնք սպառնում էին  սպանել միջոցառմա կազմակերպիչներին:

Այդուհանդերձ, չնայած փորձերին,  ազգայնակններին չի հաջողվեց խանգարել արարողությանը: Հաղորդվում է, որ հավաքի ժամանակ Թաքսիմ հրապարակը շրջապատված է եղել  շուրջ 1000 ոստիկաններով, որոնց դիմադրությանն էլ հանդիպել են ազգայնականները։ Ըստ լրատվամիջոցների, բողոքի ակցիայի ժամանակ հավաքվածներից շատերը հուզմունքից արտասվել են։

«Այսպիսի մեծ հավաքույթ դեռևս չէր եղել: Ամսի 24-ին նախ մի 30 հոգի հավաքվեցին Բալըքլը հայկական գերեզմանատանը, Հրանտ Դինքի գերեզմանի մոտ: Հետո ժամը 19.00-ին Թաքսիմ հրապարակում մոտ 200 մարդ հավաքվեց: Ավելի շուտ, շատ փոքր մի խումբ մոտ տասը տարի առաջ Ցեղասպանության համար հավաքվել էր Անկարայում:

Բայց սա առաջին մեծ հավաքույթը եղավ»,-Ստամբուլից «Մեդիալաբին» պատմեց «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջին: Հավաքվածները նախ դուդուկի հնչյունների ներքո լուռ հարգանքի տուրք  են մատուցել 1915 թվականի զոհերի հիշատակին, այնուհետև հնչեցրել են կոչեր`«Հայերի, թուրքերի և քրդերի եղբայրություն», «ուս-ուսի՝ ընդդեմ ֆաշիզմի»: Թուրքիայում հայտնի արվեստագետ Զեյնեփ Թամբայը նաև կոչ է արել բոլոր թուրքերի, ովքեր իրենց սրտում զգում են այս մեծ ցավը, խոնարհվել 1915-ի զոհերի հիշատակի առջև: Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համոզմամբ,  Թաքսիմ հրապարակի ցույցը հայ-թուրքական վերջին գործընթացի ուղիղ արդյունքն է:

«Այսինքն, հենց գործընթացի արդյունքն այն է, որ նույնիսկ Թուրքիայում մարդիկ արթնացան և ասացին, որ պետք է մենք հայերից ներողություն խնդրենք կատարվածի համար»,-ասաց Սուքիաս Ավետիսյան:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, սակայն, այնքան էլ չի կիսում նման կարծիքը: Նրա խոսքերով այս դեպքում մենք գործ ունենք Թուրքիայում ներքաղաքական փոփոխությունների հետ:

Մելքոնյանը շեշտում է, որ վերջի տարիներին Թուրքիայում ձախակողմյան-սոցիալիստական ուժերը ավելի հաճախ և համարձակ են խոսում հայկական խնդրի և ընդհանրապես ցեղասպանության մասին:

«Ես չէի ուզի դա կապել հայ-թուրքական գործընթացի հետ,-«Մեդիալաբին»  ասում է Ռուբեն Մելքոնյանը,-Եթե հիշում եք, անցյալ տարի էլ նմանատիպ մի ակցիա էր կազմակերպվել` «Ներողություն հայեր» խորարգրով:

Ես դա կկապեմ ներթուրքական որոշ գործընթացների և տաբուների կոտրման հետ»: Լիաննա Խաչատրյան Թաքսիմ հրապարակ. «Սա մեր ցավն է, այս վիշտը բոլորինս է» - Լուսանկարը տրամադրել է «Ակոսի» խմբագրությունը

© Medialab.am