«Դիմակ կրողը ցույց է տալիս, որ հարգում է օրենքը, երբ օրենքը հարգում ես, արդեն կարևոր չէ՝ որ իշխանությունն է, արդեն օրենքն է աշխատում». Նարինե Գրիգորյան

Նարինե Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը

– Նարինե՛, վերջին ամիսներին կորոնավիրուսային համավարակը իր կանոնները թելադրեց ողջ աշխարհին։ Մի քանի ամիս է՝ ինչ ամբողջ աշխարհն ապրում է այլ, աներևակայելի իրականության մջ։ Իսկ ի՞նչ փոխեց կորոնավիրուսը ձեր կյանքում։

– Երևի կարելի է ասել՝ ցնցեց և ստիպեց ավելի նորովի մտածել, փորձել հանդիսատեսի հետ շփման նոր տարբերակներ գտնել։ Ես միշտ սիրահար եմ եղել թատրոնում ուրիշ ձևով արտահայտվելու, բեմահարթակ կարող է լինել նաև սրճարանը, պատուհանը, աստիճանները, իսկ այս կորոնավիրուսը նաև օնլայն հարթակներում, հեռուստատեսային հարթակում էլ նոր մտածողության մոտեցում բերեց։

– Այսինքն՝ համավարակը չխանգարեց ստեղծագործելու և նոր նախագծերով հանդես գալու։

– Ոչինչ չի կարող խանգարել, երբ մարդն ուզում է ստեղծագործել։

Այս ընթացքում մենք նաև օպերատորներ դարձանք (ժպտում է)։ Համազգային թատրոնով ֆիլմ նկարահանեցինք՝ Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպի հիման վրա, 7-մասանոց ֆիլմ ենք ստեղծել։ Վարշամ Գևորգյանն է այդ ամենը կազմակերպել, քանի որ մենք տանը փակված էինք, Վարշամն ասել էր՝ դուք նկարահանեք ձեր հատվածները, ինքն առաջադրանքը տալիս էր՝ որ տեսարանները՝ ինչպես և այլն, մենք նկարահանում էինք և ուղարկում։

Ես հաճախ եղել եմ տեսախցիկից այն կողմ, բայց որ տեսախցիկը իմ ձեռքին լինի, այնքան նրբություններ իմացա հենց ստեղծման տեսանկյունից, կադր բռնելու, իմ դեմքը կադրում տեսնելու տեսանկյունից։ Երբ ես ու Սերգեյն էինք կադրում, մեր Եվան էր (աղջիկը) նկարում (ժպտում է)։ Հուլիսի 9-ին եթեր կգնա։ 

Նաև հեռուստանախագիծ ունեցանք մեր ֆեյսբուքյան էջում, որը հետո տարբեր հեռուստաընկերություններով ցուցադրվեց՝ Տավուշի, Վանաձորի և այլն։ Առակներ էինք պատմում այդ ամենածանր օրերին։

Մենք օնլայն ներկայայացում կատեգորիկ ցույց չտվեցինք, որովհետև ներկայացումը կենդանի արվեստ է, այդ արվեստի ձևը նախատեսված չէ այդ ձևաչափի համար։ Եվ մենք փորձում էինք հասկանալ՝ եթե հիմա կապը օնլայն է, ուրեմն այդ ձևաչափի համար ի՛նչ է ստեղծված՝ հաղորդում, կինո, կինոյի նոր տեսակ, դրա մեջ փորձենք ստեղծագործել, ոչ թե օնլայն թատրոն ցուցադրենք։

Այս տարի մեր թատրոնում հայտարարված էր ամերիկյան տարի՝ ներառված էին և՛ հայկական ստեղծագործություններ, և՛ ամերիկյան։ Ընտրեցինք Չարլզ Բուկովսկի, բանաստեղծությունների մի քանի թարգմանություններ կային, իսկ դրանք այնքան արդիական են, թվում է, թե Բուկովսկին հենց երեկ է գրել։ 

Նարինե Գրիգորյանը մեջբերում է Չարլզ Բուկովսկու բանաստեղծությունից մի հատված.

․․․Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ կոտրեց թիթեռնիկի փխրուն թևերը

ու չմտածեց այն մասին, որ ծաղիկը հեռու մի վայրում դեռ սպասում է նրա փոշուն:

Եվ այս խունացած ծաղիկը, որ չնվիրեցին աղջկան,

և աղջիկն էլ չհանդիպեց տղային,

և երեխա չունեցավ նա,

և երեխան չմեծացավ,

չդարձավ բժշկության մեջ հսկա արեգակ

և չգտավ միջոցը ՁԻԱՀ-ի բուժման:

Եվ վարակը դեռ զբոսնում է այս աշխարհում․․․

Չէ՞ որ հիմա ինչ տեղի է ունենում, վաղուց պոկված թիթեռնիկի թևերն են, այսօր բնությունը որ այս վիճակում է, մենք էլ այս վիճակում ենք։

Բուկովսկուց մեր թատրոնից Վիկտորյա Բաբլոյանը թարգմանեց ևս մոտ 20 ստեղծագործություն, Նունե Վարդանյանը թարգմանեց՝ մոտ 5 հատ, և մի շարք թարգմանություններ էլ վերցրեցինք և երիտասարդ՝ նոր դերասաններով օնլայն աշխատեցինք, և հիմա դա նկարահանել ենք, արդեն դրա մոնտաժն եմ անում, ուզում եմ ասել՝ մոնտաժ անել էլ եմ սովորել (ժպտում է)։ Օգոստոսին պատրաստ կլինի։ 

Մեկ այլ ծրագիր էլ ենք պատրաստել, երեխաների համար ստեղծել ենք «Բեյբի թատրոն», այսպես է կոչվում ձևաչափը, և հենց թույլատրվի, գնալու ենք մանկապարտեզներ՝ բակում այդ հարթակը դնենք, և 20 երեխայի համար խաղանք այդ ներկայացումը։

Բացի դրանից, որոշ փակօթյա ներկայացումներ բացօթյա կխաղանք։ Եվ շատ հնարավոր է, որ դրանք խաղանք հենց մեր նորակառույց թատրոնի տանիքում։ Այս ընթացքում, որ տանն էինք, մեր թատրոնը կառուցվում էր։ Գուցե խաղանք մեր դահլիճում, քանի դեռ պատուհանները դրված չեն։ 

– Այս օրերին արվեստը, մշակույթը ի՞նչ դեր կարող են ունենալ մարդկանց կյանքում։ Շատ է խոսվում համավարակի առաջացրած դեպրեսիայի մասին։

– Տեսնում ենք՝ բոլորը քաղաքականությամբ են ապրում, սոցիալական խնդիրներ, հանապազօրյա հացի խնդիրներ, բայց մարդը հոգի է, պիտի հիշի այդ մասին, էդ հիշեցնողը արվեստագետն է, ի վերջո արվեստագետն է, որ հիշեցնում է հավերժի մասին։ Կարելի է ողջ կյանքը անիմաստությունների վրա կորցնել, ողջ էներգիան, ողջ ջղայնությունը, ու էդպես էլ չզգալ, որ մենք ծնվել ենք զարգանալու համար, որ մեր հոգին կատարելության ձգտի։ Արվեստագետը պետք է հիշեցնի այդ մասին, օգնի և ինքն էլ առողջ մնա։ 

Հիմա ավելի քան երբևէ պետք է հնարավոր օղակներ գտնենք՝ արտահայտվելու, մարդկանց հետաքրքրելու, հիշեցնելու, որ ինչ տրված է՝ Աստծո կամքով է, պետք է ամեն վայրկյան սեր պահել հոգում։ Միայն այդպես կարող ենք մեզ օգնել, մեր երեխաներին, մեր երկրին ու ամբողջ աշխարհին։

Այդ առումով, մտածում եմ՝ մենք սխալ էինք, տեսաք՝ ինչքան ժամանակ լուռ էինք՝ 2-3 ամիս։ Եվ հիմա տեսնում ենք ընդհանուր այս դեպրեսիվ վիճակը, այս նյարդայնացումները ինչպես գլուխ բարձրացրեցին։ Առանց այն էլ մարդիկ տանն են, պարապ են, և դատարկությունը պիտի գեղեցիկով լցնես, եթե գեղեցիկը չկա, պիտի մի զահրումարով լցվի։

Պասիվության պատճառը իրավիճակի անակնկալ լինե՞լն էր։

– Հենց դա է։ Այն ամբողջ աշխարհի համար նորություն էր, ոչ ոք այսպիսի խնդրի առաջ չէր կանգնել, բոլորն էլ չգիտեին՝ ինչպես է պետք ճիշտ պայքարել, նույնիսկ մինչև հիմա։

Մենք շատ ենք մեղադրում կառավարությանը՝ այս ինչ արեցին, պետք է պատասխան տան, բայց չգիտենք՝ ինչքան մեծ սխալներ է արել Բրիտանիայի կառավարությունը, Ֆրանսիայի իշխանությունը։

Այսօր դիմակ կրողը ուղղակի ցույց է տալիս, որ հարգում է օրենքը։ Երբ օրենքը հարգում ես, արդեն կարևոր չէ՝ որ իշխանությունն է, արդեն օրենքն է աշխատում։ Մի բան պարզ երևաց, որ մենք չենք հարգում մեր օրենքը, մենք անընդհատ փիլիսոփայում ենք, որ, օրինակ՝ կորոնավիրուս չկա։

Կուզեի ընդհանրապես չխոսել այս բաներից, կուզեի մենք շատ ակտիվանանք, որ մարդիկ էլ ուրիշ ձևով սկսեն ապրել ու շնչել։

Թատերարվեստի մի շարք ներկայացուցիչներ «կրիր դիմակ», «փրկիր մշակույթը» վերնագրով ֆլեշմոբ են սկսել՝ թատրոն վերադառնալու ցանկությամբ։

– Ֆլեշմոբը սկսեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը,և ես հասկացա, որ պետք է միանալ՝ միասնական բոլորին հիշեցնելով թատրոնը, կարոտ առաջացնել և բոլորին նորից ներքաշել մշակութային կյանք։

– Ի՞նչ հորդոր կամ խորհուրդ կուղղեք մարդկանց համավարակի այս դժվարին օրերին։

– Ամեն ինչում պետք է տեսնել զարգացման հնարավորություն, եթե ինձ տրված է այս իրավիճակը, ուրեմն միտքս պիտի ճկուն լինի։ Կարելի էր, իսկապես, թևաթափ լինել ու ոչինչ չանել, չստեղծագործել։

Այն մարդը, որ փորձում է իրավիճակի մեջ իրեն տրված դասը սովորել՝ սովորում է, ով չի ուզում՝ չարանում է, սկսում է անիմաստ հարձակվել կառավարության վրա, անիմաստ պայքար է տալիս։ Փոխանակ մեր հոգին սիրով լցնենք, իրար վրա գոռգոռում ենք։ Վաղը ավելի վատ բան կլինի, եթե հիմա չզգոնանանք։ Հիմա պետք է շատ դասեր քաղենք ու սկսենք ավելի խելամիտ ապրել, փորձենք ավելի էկոնոմ ապրել, աղբ չթափել, քիչ լույս վառել, ավելի քիչ ջուր։

Այսօր կյանքը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհն եմ ես։ Մի մարդ Չինաստանում հիվանդացավ կորոնավիրուսով, ու ամբողջ աշխարհը հիվանդացավ։ Այսինքն՝ չկա, որ միայն ես, իմ ընտանիքը լավ լինեն, հիմա մենք պիտի շատ համաշխարհային մտածենք, մեր մտածողությունն էլ պիտի լայնանա:

Շատ-շատ բաներ սովորեցրեց կորոնան։

– Իսկ ինչ եք կարծում, ինչո՞ւ հանրային առողջությանը վտանգ ներկայացնող համաճարակի պայմաններում շատերը չեն պահպանում կանոնները, տեսնում ենք, որ վիրուսի տարածման տեմպերը չեն նվազում։

– Շատ կարևոր հարց եք տալիս, անկեղծ չգիտեմ, չեմ ուզում վատ բաներ ասել, բացասականին բացասական ավելացնել։ Ուզում եմ, որ ամեն մարդ հասկանա, որ սա հնարավորություն է, մենք հիմա շատ ինֆորմացիա ունեցող դարում ենք, հնարավորությունների դարում ենք, ամոթ է այդպես անգիտակից ապրելը։ 

Արփինե Արզումանյան

MediaLab.am