Պատկան մարմինները հապաղում են բացահայտել Մաքսիմ Հակոբյանին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքը

22-04-2015
377 դիտում
Պատկան մարմինները հապաղում են բացահայտել Մաքսիմ Հակոբյանին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքը
«Փաստինֆո» Բրուցելոզի վարակն այժմ էլ տարածվել է Կոտայքի մարզում: Այս մասին ահազանգում է Իրազեկ և պաշտպանված սպառողը՝ ֆեյսբուքյան էջում։ Վկայակոչելով  Առողջապահության նախարարությանը՝ նշվում է, որ այս պահի դրությամբ Սոլակ համայնքում կա 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են:
 
«Հատկանշական է, որ մինչ օրս պատկան մարմինների կողմից չկա որևէ հայտարարություն առ այն, թե ի վերջո ինչն է հանդիսացել վարակի աղբյուր: Դեռևս մարտ ամսին Սյունիքի մարզի Կապան քաղաքում գրանցված բրուցելոզի դեպքից հետո, երբ մեծ աղմուկից հետո ի վերջո հայտնաբերվել էր 19 հիվանդ, բարձրաձայնել էինք, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես են հիվանդ կենդանիներին տրվել առողջությունը հաստատող փաստաթղթեր և ինչ ռիսկեր է պարունակում բրուցելոզի դեմ իրականացվող վակցինացիայի պիլոտային ծրագիրը, և ի վերջո, որ փուլում են հիվանդները վարակվել: Կոչ էինք արել նաև պարզաբանել, թե ինչու են լռել պատկան մարմինները՝ չբարձրաձայնելով և փորձելով թաքցնել դեպքը: Մինչ օրս նշյալ հարցերի պատասխաններն այդպես էլ չեն բարձրաձայնվել:
 
Ուշագրավ է, որ վակցինացման աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի որոշ համայնքներում (գյուղերում), և զուգադիպություն է, թե ոչ, սակայն հիվանդության 2-րդ բռնկումը հենց Կոտայքի մարզում է:
 
Հիշեցնենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն մշտապես բարձրաձայնել է վակցինացման հնարավոր ռիսկերի և վտանգների մասին և դեմ է եղել բրուցելոզի նկատմամբ կենդանիների վակցինացմանը, քանզի գործող ենթակառուցվածքների պայմաններում, կենդանիների համատարած համակարակալման և հաշվառման համակարգի բացակայության, տեղաշարժի անվերահսկելիության, ինչպես նաև մի շարք անհրաժեշտ պայմանների բացակայության պարագայում, մասնավորապես այն, որ անհնար է լաբորատոր փորձաքննության միջոցով պարզել արդյոք կենդանին հիվանդ է, թե՝ վակցինացված, վակցինացում իրականացնելը նպատակահարմար չէ:
 
Կոչ ենք անում պատկան կառույցներին ի վերջո պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել վարակի աղբյուրի հայտնաբերման ուղղությամբ, ինչն է հանդիսացել վարակի պատճառ, բրուցելոզի որ տիպն է ի վերջո ախտորոշվել մարդկանց մոտ, և ինչ գործողություններ են իրականացվում վարակի հնարավոր հետագա տարածումը կանխելու ուղղությամբ»:
 
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Կապանում բրուցելոզ հիվանդությամբ վարակված 18 անձինք աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ի մորթման արտադրամասում: Նշված ընկերության հիմնադիրներն են համարվում  ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ եւ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ  սահմանափակ պատասխանատվության ընկերությունները։ Իսկ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ-ի հիմնադիրները Մաքսիմ Հակոբյանի որդիներն են։
 
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած բոլոր անձինք բրուցելոզ հիվանդությամբ վարակվել են մանր եղջերավոր անասունների մորթի ընթացքում: