ՄԻԱՎ-ով վարակելով կանանց` ամուսիներն արգելում են նրանց հետազոտվել եւ բուժօգնություն ստանալ. «Ասում են դե կին է, վարակվում է` վարակվի»

02-06-2015
393 դիտում
ՄԻԱՎ-ով վարակելով կանանց` ամուսիներն արգելում են նրանց հետազոտվել եւ բուժօգնություն ստանալ. «Ասում են դե կին է, վարակվում է` վարակվի»

Անդառնալի հոգեկան ցավը, խաբված լինելու բութ զգացողությունը եւ ուշաթափության հասցրած անելանելի վիճակը  ամուսնանալուց մի քանի ամիս անց բաժին հասան 29-ամյա Կարինե Խաչատրյանին (անուն ազգանունը փոխված է), երբ պարզվեց, որ ամուսինը իմանալով իր ՄԻԱՎ ունենալու մասին, վարակել է նաեւ կնոջը:

«Ես մի դժոխքի մեջ էի հայտնվել,-«Մեդիալաբին» պատմում է Կարինեն,-որոշ ժամանակ համակերպվելով իրավիճակի հետ ուզում էի բժշկի գնալ, եւ պայքարել իմ կյանք մտած ՄԻԱՎ վարակի դեմ, երբ ամուսինս շատ բռի ու կոպիտ ձեւով հայտարարեց, որ ես ոչ տնից դուրս գալու իրավունք ունեմ, ոչ էլ «ինչ որ բուժում ստանալու»:

Մետ կես տարի պատանդի նման ամուսնու տանը ապրելով, Կարինեն զրկված է լինում որեւէ մեկի հետ կապ հաստատելու հնարավորությունից, ինչպես նաեւ հետազոտվելու, դեղորայք ու բուժում ստանալու հնարավորությունից:

Կես տարի անց, աղջկա կյանքում տիրող իրավիճակի մասին տեղեկանալուց հետո Կարինեի հայրը կարողանում է հարցով զբաղվող հասարակական կազմակերպության ջանքերի շնորհիվ դստերը օգնություն հասցնել:

«Իրական աշխարհ իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Մադոյանը «Մեդիալաբին» ասում է, որ նման դեպքերը եզակի չեն: Նա նշում է, որ շատ դեպքերում տղամարդիկ տեղյակ լինելով իրենց հիվանդ լինելու մասին, առանց խղճի խայթի վարակում են իրենց կանանց եւ արգելում բուժօգնություն ստանալ:

«Հեռախոսը կնոջ ձեռքից վերցրել էին, բժիշկները չէին կարողանում կապ հաստատել նրա հետ: Երբ մենք խորհուրդ էինք տալիս աղջկա հորը պարզապես վերցնի և տանի իր աղջկան հայրական տուն, կամ ստիպի բաժանվել, նա նույնպես հրաժարվում էր: Իսկ ամուսինը, սկեսուրն ու սկեսրայրը, գիտակցելով այդ ամենը և տեսնելով, որ աղջիկը անպաշտպան է, ավելի էին մեծացնում ճնշումները»,-պատմում է Հովհաննես Մադոյանը:

Մի քանի ամիս անարդյունք բացատրական աշխատանքներ տանելուց հետո, ՀԿ-ի աշխատակիցները անցնում են ավելի կոշտ մեթոդների և պարզապես սպառնում ամուսնուն, որ «դատի կտան»: Դրանից հետո ամուսինը համաձայնվում է, որպեսզի կինը բուժում ստանա:

«Տարբեր ձևերով՝ համոզելով,  բացատրելով, վերջացրած վախեցնելով, փորձում ենք միջամտել: Վախեցնելը դիտարկում ենք որպես ծայրահեղ և վերջին միջոց:  Այսինքն, եթե 6 ամիս շարունակ բացատրելով որևէ արդյունքի չենք հասնում, մնում է սպառնալիքի միջոցով ստիպել այդ տղամարդկանց, որպեսզի թույլատրեն իրենց կանանց հետազոտվել և բուժում ստանալ: Հիմնականում ստացվում է, բայց այդ ժամանակը, որ ծախսում ենք համոզելու վրա, անշրջելի հետևանքներ է թողնում: Դեպքեր են լինում, որ այդ ընթացքում զարգանում է մի այլ հիվանդություն, որը բավականին վատթարացնում է կնոջ առողջական վիճակը»,-ասում է Մադոյանը:

Հայաստանում անձին ՄԻԱՎ-ով վարակելը համարվում է քրեորեն պատժելի արարք: Ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ 123-րդ հոդվածի երկրորդ կետի, այլ անձին մարդու իմունային անբավարարության վիուսի հարուցիչով դիտավորությամբ, կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

1988թ. մինչև 2014թ. օգոստոսի 31-ը, համաձայն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վիճակագրական տվյալների, ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1806 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:  1806-ից 933-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ:

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1249 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 557 դեպք (31%): Ըստ վիճակագրական տվյլաների`  ՄԻԱՎ-ով ապրող կանանց  98 % վարակվել է սեռական ճանապարհով:

Ըստ մասնագետների, կողակցին միտումնավոր, կամ առանց տեղեկացնելու ՄԻԱՎ-ով վարակելու, ինչպես նաև հետագա բուժմանը խոչնդոտելու դեպքերը հիմնականում հանդիպում է արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց շրջանում և մեծամասամբ գյուղական համայնքներում:

Հովհաննես Մադոյանը նշում է, որ վարքի դրսեւորման պատճառները տարբեր են:

«Տղամարդկանց մի մասը կնոջը՝ որպես մարդ արարածի, չի ընկալում: Ասում են դե կին է, կվարակվի` կվարակվի: Դա կանանց նկատմամբ բռնության մի ձև է: Վստահ եմ, որ նման ընտանիքներում ֆիզիական բռնություն էլ է լինում: Կնոջ տեղը իրենք են որոշում, բուժում ստանա՞, թե՞ ոչ:  Մարդ կա «սպիդ դիսիդենտ է» , այսինքն,  մերժում է  ՄԻԱՎ վարակի առկայությունը՝ համարելով դա դեղագործական կազմակերպությունների հորինած հիվանդությունը փող աշխատելու համար: Հետևաբար, նրանք անիմաստ են համարում խմել դեղեր  և արգելում են իրենց կանանց էլ բուժվել»,-ասում է Մադոյանը:

Որոշ մարդկանց դեպքում պատճառ է հանդիսանում խորը դեպրեսիան և նրանց կանայք նույնպես զրկվում են իրենց առողջության մասին հոգ տանելու իրավունքից:

«Նման դեպք ունեինք, որ ամուսինը խմում էր դեղերը, բայց ինքը որոշել էր, որ շուտ է մահանալու, ու կնոջը ասում էր, որ դու ինձնից երկար չպետք է ապրես և արգելում էր նրան դեղեր ընդունել»,-հավելում է Մադոյանը:

ՁԻԱՀ-ի կանխարգեման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը ասում է, որ ոմանք չեն ցանկանում իրենց կարգավիճակի մասին տեղեկացնել զուգընկերոջը` վախենալով նրան կորցնելուց, զանազան ընտանեկան և անձնական խնդիրների առջև կանգնելուց:

«Նման ռեակցիան միանգամայն բնական է իր ախտորոշման մասին նոր իմացած մարդու համար: Նրան որոշակի ժամանակ և համապատասխան աջակցություն է անհրաժեշտ նոր կարգավիճակին հարմարվելու, օրենքով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցելու և ճիշտ, կշռադատված որոշումներ կայացնելու համար: ՄԻԱՎ վարակի ախտորոշում ստացած մարդկանց հետ աշխատում են մեր կենտրոնի մի շարք մասնագետներ, ովքեր տրամադրում են անհրաժեշտ տե­ղե­կություններ, հոգեբանասոցիալական աջակցություն և իրավաբանական խորհրդատ­­վություն»,-«Մեդիալաբին» ասում է Պետրոսյանը:

Նա հավելում է, որ յուրաքանչյուրի դեպքում ընտրվում է անհատական մոտեցում, քանի որ զուգընկերներից թաքցնելու պատճառները տարբեր են լինում:

«Արդյունքում, որոշ ժամանակ անց, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց զուգընկերները ևս անցնում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն»,-ընդգծում է Պետրոսյանը:

Ըստ մասնագետների, կողակցին վարակելու պատճառներից մեկն էլ այն է իրազեկման բացակայությունն է: Հաշվի առնելով այն, որ վարակակիրների մեծ մասը վարակվում են Ռուսաստան, Ուկրաինա արտագնա աշխատանքի ամիսներին, շատերը տարրական գիտելիքներ չունեն, թե ՄԻԱՎ-ն ինչ վարակ է, ինչպես է փոխանցվում, և ինչ քայլեր պետք է ձեռնարկել կանխելու, կամ բուժվելու համար:

«ՄԻԱՎ-ով ապրող մարդը ազատ է տնօրինել իր կյանքը և ապրել ազատ , անկախ խարանի , առանց խտրականության այնքան ժամանակ, քանի դեռ նա դիտավաորությամբ, կամ պատահաբար չի վնասում այլոց առողջությոնը»,-ասում է Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ տնտեսական իրավունքներով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

Նա նշում է, որ դիտավորությամբ այլ անձի ՄԻԱՎ-ով վարակելը քրեական պատասխանատվության է ենթարկվում ոչ միայն ՀՀ Քրեական օրենսգրքով, այլև ՀՀ ընտանեկան օրենսգրքում սահմանված դրույթներով:

«Այստեղ միակ լուծումը կնոջ ձեռքին է, որ նա դիմի ոստիկանություն, եթե ամուսինը դիտավորությամբ վարակել է իրեն, կամ արգելում է բուժվել: Որովհետև ինչքան էլ իրավապաշտպանները, ՀԿ-ները փորձեն օգնել, չեն կարող միջամտել, փաստը միայն կինը կարող է հայտնել: Իրականում փակ շրջան է ստացվում, որ խնդիրը բարձրաձայնողը և իր իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինողը կինն է, բայց հենց ինքն էլ ամուսնու կողմից  ճնշման է ենթարկվում: Այնուամենայնիվ, այստեղ լուծումը կնոջ համարձակությունն է»,-ասում է Տաթևիկ Խաչատրյանը:

Մինչդեռ ՀՀ Դատական դեպարտամենտից հայտնում են, որ այս քրեական հոդվածներով ինչպես 2014-ին, այնպես էլ նախորդ տարիներին որևէ  գործ չի հարուցվել:

Մասնագետների կարծիքով, սա մենտալիտետի հարց է, երբ կինը բողոք չի ներկայացնում ոստիկանություն, որպեսզի դատական գործընթացներ չսկսեն և ոչ մեկ չիմանա իրˋ ՄԻԱՎ վարակ ունենալու մասին:  Կանայք լռում են՝ համարելով դա ներընտանեկան, նեղ անձնական խնդիր, որը պետք է լուծվի հենց ընտանիքում:

«Մյուս կողմից մեկ այլ վտանգ կա, եթե մարդը իմանա, որ ինքը գաղտնի վարակել է ու դրա համար քրեական գործ է հարուցվելու, այլևս կխուսափի գնալ հետազոտվելու, կամ բուժվելու:  Այդ կատեգորիայի մարդիկ կփոխեն իրենց հեռախոսահամարը, կկտրեն կապը բժիշկների հետ, կփոխեն տան հասցեն  և կկորցնեն կապը մեր ՀԿ-ի հետ: Դրա հետևանքով վերջում այդ ՄԻԱՎ-ով ապրող մարդը կհայտնի մի հիվանդանոցի ռեանիմացիայում՝ ծայրահեղ վիճակում, ու մենք մեր ուզած դրական արդյունքին չենք  հասնի»,-ասում է Մադոյանը

Խնդրին որևէ լուծում տալու համար այս տարի Առողջապահության նախարարությունը մշակել է  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենդրական նախաձեռնության փաթեթը, որը մինչև տարվա վերջ կներկայացվի Կառավարություն, այնուհետև Ազգային ժողով:

«Այս նախագծով առաջարկվում է բժշկական գաղտնիքի խախտում կատարել և անձի առողջության մասին տեղեկատվություն հաղորդել ընտանիքի մյուս անդամներին, կամ համատեղությամբ բնակվող այլ անձանց, եթե ՄԻԱՎ-ով ապրող անձը հրաժարվում է այդ տեղեկատվությունը տրամադրել իր ընտանիքի անդամներին ու վարակում է նրանց,-«Մեդիալաբին» ասում է ՀՀ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Իզաբելա Աբգարյանը:- Այսինքն այդ դեպքում հնարավոր կլինի կանխել, կամ հնարավորինս շուտ հետազոտել, բուժօգնություն տրամադրել այն անձանց, ովքեր ապրում են ՄԻԱՎ ունեցող մարդու հետ, բայց տեղյակ չեն դրա մասին»:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am