Երևանի «մաման» լացացրեցիք, գոնե «Դոլմաման» թողեք հանգիստ. Տիգրան Խզմալյանի դիմումը` քաղաքապետին եւ կառուցապատողին

22-02-2016
2869 դիտում
Երևանի «մաման» լացացրեցիք, գոնե «Դոլմաման» թողեք հանգիստ. Տիգրան Խզմալյանի դիմումը` քաղաքապետին եւ կառուցապատողին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ կառուցապատող Սամվել Մայրապետյանին իր խոսքն է հղել հայտնի կինոռեժիսոր, հասարական գործիչ Տիգրան Խզմալյանը` խոսելով այս անգամ մայրաքաղաքի դեմք հանդիսացող «Դոլմամա» ռեստորանի շուրջ ծավալվող մտահոգիչ զարգացումների մասին: Խզմալյանի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Մեծապատիվ պարոնայք` ես չեմ ձանձրացնելու Ձեզ Երևանի պատմական ժառանգության կամ քաղաքային փխրուն ու անկրկնելի մշակույթի մասին անկարևոր և Ձեզ համար միայնգամայն անհետաքրքիր քարոզներով: Խոսենք իբրև գործարար մարդիկ` գործնական լեզվով: Թեև ես չեմ հավակնում համեմատվել Ձեր կարողությունների ու ձեռներեցության հետ, սակայն որպես գործող կինոռեժիսոր և նախկին «Երևան» կինոստուդիայի նախկին տնօրեն ունեմ որոշ պատկերացումներ ոչնչից որոշ նյութական ու մշակութային արժեքներ ստեղծելու, ինչպես նաև հեղինակային իրավունքի վերաբերյալ:

Վերջին տասնամյակում Երևանի մասին գրված, նկարահանված ու հնչեցված բոլոր զբոսաշրջիկային ուղեցույցներում, հաղորդումներում, համացանցային գրառումներում եւ միջազգային տեղեկագրերում իբրև ՀՀ մայրաքաղաքի տեսարժան եւ օտարերկրյա հյուրերի այցելության համար խրախուսելի վայր անպայման նշվում է «Դոլմամա» ռեստորանը: Ամերիկյան լրագրողներն ու ֆրանսիացի խոհարարները, իտալացի շինարարներն ու ռուս զբոսաշրջիկները միաձայն շեշտում են ոչ միայն «Դոլմամայում» ներկայացված հայկական խոհանոցի անզուգական որակը, այլ նաեւ հնաոճ ու բարձրաճաշակ միջավայրի բացառիկ մթնոլորտը, որը ստեղծել է հիմնադիր ու սեփականատեր Ժիրայր Ավանյանը:

Բիզնեսում, ինչպես հայտնի է Ձեզ, մեծապատիվ պարոնայք, սա կոչվում է համբավ, reputation, հեղինակային իրավունքով պաշտպանվող ոչ նյութական արժեք եւ համարվում է ամենաթանկ, դժվար ձեռքբերվող եւ անփոխարինելի մի բան, որին հասնում են տարիների ծանր, անբիծ ու անթերի աշխատանքով: Եւ այս ամեն ինչի դիմաց դուք առաջարկում եք Ժիրայր Ավանյանին 65 միլիոն դրամ «փոխհատուցում», կամ 120-130 հազար դոլար, այսօրվա անկայուն կուրսով: Այլ կերպ ասած, դուք գնահատում եք միջազգային համբավ ստացած միակ երևանյան ռեստորանը երկուսենյականոց բնակարանի կամ մեկ ներկայացուցչական դասի ավտոմեքենայի գնով:

Դե եթե հիշենք, որ տասը տարի առաջ Երևանի քաղաքապետարանը ընդամենը 600 հազար դոլար է գնահատել եւ վաճառել «Հայֆիլմ» կինոստուդիան իր 30 հեկտար հողատարածքով, 8 մասնաշենքերով, հարյուրավոր կինոխցիկներով, ձայնագրման և լուսավորման սարքերով, հազարավոր ֆիլմերով, ապա Ձեր առաջարկը ճոխ է և շռայլ: Միայն թե մեկ տարբերությամբ` այժմ Ձեզ այդքան ցանկալի «օբյեկտը» ոչ թե լուռ, պառակտված, մասամբ էլ կաշառված «ստեղծագործական հասարակությանն» է պատկանում, այլ անհատ ձեռներեցին: Նրան կարելի է վախեցնել, հեռացնել, սպանել, բայց խաբել դժվար է:

Ես անձամբ «Դոլմամա» հաճախ չեմ գնում` ֆինանսական հնարավորություններս չեն ներում, սակայն ամենահարգված հյուրերիս հրավիրում եմ այնտեղ, վստահ լինելով, որ անմոռանալի տպավորություններ կստանան իմ քաղաքի նաև խոհանոցային հմայքի մասին: Կարելի է բերել հարևան Թիֆլիսի օրինակը, որտեղ միլիոնավոր զբասաշրջիկներ, այդ թվում Հայաստանից, գնում են հենց հին ու հավերժ արժեքներ վայելելու` ընտանեկան ջերմություն, դարերով անփոփոխ մթնոլորտ ու ավանդույթներ, հոգու հանգստություն:

Եթե Թիֆլիսը Ձեզ չի համոզում, հիշեք Փարիզը, որտեղ հաստատ եղել եք, հավանաբար Ձեր գեղեցիկ կեսերի հետ: Այնտեղ կան սրճարաններ ու ռեստորաններ, ինչպես «Ռոտոնդը», «Սելեկտը», «Տրոկադերո», որտեղ ողջ աշխարհից մարդիկ են գալիս նստելու համար նույն սեղանի շուրջը եւ նույն նստարաններին, ուր ժամանակին նստում էին Վան Գոգն ու Գոգենը, Ռեմարկն ու Հեմինգուեյը, Պիաֆն ու Բրելը: Նման տեղերում ամեն մի սաղանի մոտ ցուցանակներ են ամրացված` հռչակավոր հյուրերի անուններով... Իսկ Երևանում մեր աչքի առաջ քանդեցին ու արմատախիլ արեցին «հանճարնոցը»` Նկարիչների միության պատի տակ ծվարած սրճարանն, ուր ամեն երեկո գալիս էին Ֆրունզն ու Շերենցը, Լեւոն Ներսիսսյանն ու Էդմոն Ավետյանը: Այնտեղ սկզբից մի անճաշակ «Փարիզ» սարքեցին, հիմա էլ վայրի խաղողի դարավոր կանաչ պատի փոխարեն ապակե «Մարտինի» անդեմ մի վանդակ է կառուցված: Այդ անգին, թանգարանային արժեք ունեցող, հանճարների խոսակցությունները հիշող երկաթե սեղաններն ու աթոռներն էլ դեն շպրտեցին: Մինրդեռ քաղաքին փող ու փառք կբերեր հենց այդ յուրահատուկ «սրբավայրի» պահպանումը, ուր հազարներով էին գալու մարդիկ` նկարվելու, նստելու այդ նույն տեղում, սրճելու ու հիշելու...

Իսկ քանի՞ հայտնի մարդ ու հյուր էր ընդունել այս քսան տարվա ընթացքում «Դոլմաման»` արվետսագետ ու քաղաքական գործիչ, զբոսաշրջիկ ու հին երևանցի:

Ահա ինչն եք Դուք ձգտում ոչնչացնել, մեծապատիվ պարոնայք: Լռում եմ Ձեր կրթական ու մշակութային աստիճանի մասին, սակայն սա նշանակում է որ Դուք պարզապես վատ բիզնեսմեններ եք, այսինքն թերանում եք Ձեր միակ իրական գործունեության ասպարեզում:

Ձեր մասնակցությամբ արդեն ոչնչացված Երևանի անկրկնելի հմայքն արդյո՞ք ևս մի կորուստ կունենա, թե չի ունենա` սա կախված է Ժիրայի Ավանյանի անձնական խիզախությունից, քանզի երևանցիների կարծիքի ու պայքարի վրա Դուք թքելու եք, ինչպես թքել եք բոլոր նման դեպքերում: Ուզում եմ միայն հիշեցնել, որ համբավը, այսինքն, репутация-ն, ասեմ այս անգամ Ձեզ հասկանալի ռուսերենով, լինում է ոչ միայն բարի, այլ նաև չար:

Դուք ունեք մի փոքր հնարավորություն, շանս, գոնե այս անգամ չավելացնել Ձեր արդեն ստեղծված մռայլ համբավին ևս մեկ քարակույտ, որի տեղը կառուցվելիք հերթական անճաշակ ու այդպես էլ չբնակված «էլիտար շենքերը» հանդիսանում են իրականում գավառականության եւ բարբարոսության շիրմաքարեր:

Երևանի «մաման» լացացրեցիք, հիմա գոնե «Դոլմաման» թողեք հանգիստ... Հակառակ դեպքում` մենք, ազգի հիշողությունները ֆիլմերի, երգերի, գրքերի տեսքով ստեղծողներս կասենք մեր խոսքը ապագա սերունդներին` և մեզնից չնեղանաք, մենք Ձեզ զգուշացրել ենք:

Տիգրան Խզմալյան,

Երևանում ծնված ու մեծացած կինոռեժիսոր և սցենարիստ»