Դանակահարություն, բռնություն, սպանության փորձ` հանուն «թասիբի ու նամուսի». Ըստ եզդի համայնքի ներկայացուցիչների` խնդիրն ավելի խորն է

31-03-2016
52119 դիտում
Դանակահարություն, բռնություն, սպանության փորձ` հանուն «թասիբի ու նամուսի». Ըստ եզդի համայնքի ներկայացուցիչների` խնդիրն ավելի խորն է

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակչուհի, ազգությամբ եզդի, երկու երեխաների մայր 21-ամյա Ռուզան Խուդոյանը մարտի 9-ին դեմքի, պարանոցի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Պարզվել էր, որ կնոջը նման վիճակի է հասցրել նրա հորեղբոր տղան՝ պատճառաբանելով, թե դա «թասիբի համար է արել»:

Ազգությամբ եզդի Ազիզ Խուդոյանի կողմից հորեղբոր աղջկա նկամամբ սպանության փորձ կատարելը եզդի համայնքի ներկայացուցիչներից ոմանց կողմից արդարացվում է «հանուն թասիբի» ձևակերպմամբ:

Ազիզ Խուդոյանը դանակի մի շարք հարվածներ էր հասցրել Ռուզան Խուդոյանին՝ իր արարքը պատճառաբանելով նրանով, թե ամուսնալուծված «հորեղբոր աղջիկն օտար տղամարդկանց հետ է շփվել», ինչն անընդունելի է իր ու նաեւ համայնքի համար:

«Մեր եզդիների օրենքում ընդունված չէ կնոջ կողմից անբարոյականությունը, մեր երիտասարդը ճիշտ է գործել»,- ասում է համայնքի տարեց կանացից մեկը:

Մինչ ոմանք կնոջ հանդեպ բռնությունն ու խտրական վերաբերմունքը արդարացնում են եզիդական սովորույթներով, Հայաստանի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանն ասում է, որ իրենց ավանդույթում նման դեպքերն ընդունված չեն:

«Դա հեռու է մեր ադաթներից ու սովորույթներից»,- ասում է Թամոյանը:

Այն, որ եզդիական համայնքում բռնությունն արդարացնող ավանդույթ չկա ասում է նաև «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Մուրազին:

«Եզդի հասարակությունը հիմնված է եզդիների կրոնի՝ Եզդիականության կամ Շարֆադինի հիմունքների վրա: Եզդիների կրոնում ամենածանր մեղքերից մեկն է համարվում մարդասպանությունը, ինչ դրդապատճառով էլ որ այն եղած լինի: Ըստ եզդիների կրոնի՝ որևէ մեկն իրավունք չունի դատապարտել մեկ այլ մարդու արարք, քանի որ մարդն իր արարքների համար պատասխանատու է միայն Բարձրյալի առաջ և ուրիշ ոչ ոքի»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Մուրազին:

Նրա խոսքով՝ այս դեպքը կրոնական տեսանկյունից միանշանակ անընդունելի է, քանի որ եզդիական ազգային ավանդույթները չեն կարող դուրս լինել եզդիների կրոնի սկզբունքներից:

«Ուստի բոլոր այն հիմարությունները, որոնք ներկայացվում են որպես ազգային ավանդույթ, սխալ են և սուտ»,- հավելում է նա:

Բորիս Մուրազին նաև մանրամասներ է հայտնում՝ նշելով, որ դեպքի վերաբեյալ  պատրաստված տեսանյութի հերոսները սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող քաղաքացու բարեկամներն են: Բնական է, որ նրանք փորձելու են «իրենց խելքին հասու միջոցներով» օգնել նրան:

«Սա նաև նրա հետևանք է, որ եզդիների մոտ գրեթե բացակայում են կիրթ հոգևորականները, որոնք կփորձեն համայնքին ճիշտ ուղի ցույց տալ»,- ասում է Մուրազին:

Սակայն, միեւնույն ժամանակ նա մատնանշում է, որ հայերի մեջ եւս նմանատիպ դեպքերը փորձում են արդարացնել` մեջտեղ բերելով «նամուսն ու թասիբը»:

«Ես երբեմն հետևում եմ հայկական թոքշուներից մեկին, որտեղ ներկայացնում են սովորական մարդկանց պատմություններ: Ամուսինների մեծ մասը ծեծում են իրենց կանանց և դա անվանում, որպես «դաստիրակչական ապտակ»: Հիմա դա չպետք է թույլ տա մեզ ենթադրելու, որ հայ ժողովրդի մոտ դա ավանդույթ է: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել, թե ով է խոսում նման ադաթների մասին և ինչ կրթական մակարդակ ունի»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Մուրազին:

Հրապարակախոս, գենդերային հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող Զարուհի Հովհաննիսյանը եւս չի կարծում, թե որևէ ազգ ունի բռնության մշակույթ:

Նա նկատում է, որ հայրիշխանության Հայաստանում նման կարծրատիպեր կան ձևավորված:

«Ընտանեկան բռնության հետ կապված տարբեր դեպքեր ենք ունեցել, երբ հարազատը բռնություն է գործադրել կին հարազատի նկատմամբ: Նման դեպքերում միշտ լինում է բռնարարի արդարացման միտում: Անգամ քրեական գործերում նախաքննական մարմինը գրում է՝ խանդի հողի վրա սպանություն: Կարծարտիպ կա, որ տղամարդն իրավունք ունի պատժելու կնոջը, եթե նրա վարքի մեջ ինչ-որ էլեմենտ դուրը չի գալիս իրեն: Կա կարծրատիպ, որ տղամարդը կարող է վերահսկողություն սահմանել կնոջ մարմնի , կնոջ անձնական, կյանքի, վարքի վրա: Ոչ միայն եզդի համայնքում, այլ ընդհանրապես Հայաստանում կա նման կարծրատիպ, հատկապես մարզերում, որտեղ փակ համայնքներ են գործում»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այսօր նմանօրինակ շատ դեպքեր կան, որոնք քննվում են դատարաններում, սպանություններ կան, որ հենց հայ տղամարդիկ են կատարել, նույն վարքն են դրսևորել՝ վերահսկողություն կնոջ անձնական կյանքի, մարմնի վրա և արդարացում, որ դա տղամարդու իրավունքն է:

«Մենք անգամ սուր դատական գործ ունենք, երբ կնոջը 21 դանակի հարվածով  ամուսինը սպանել է, բայց ընդամենը 3 տարի 8 ամիս են դատապարտել տղամարդուն»,- ասում է նա՝ հավելելով, որ միշտ կա զոհի զոհայնացման միտումը, որ զոհն է մեղավոր, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել: Միաժամանակ, կա բռարարի արդարացման միտում:

«Այդպես է, որովհետև հայրիշխանական համակարգում նման կարծրատիպ կա, որ տղամարդը մշտապես պետք է վերահսկի կնոջը»,- ընդգծում է նա:

Բորիս Մուրազին եզդիական համայնքի կանանց իրավունքների սահմանափակման  օրինակեր է բերում: Նա մատնանշում է, այն, որ շատ եզդի աղջիկներ զրկված են կրթություն ստանալուց, ինչը շատ դեպքերում սահմանափակում է նրանց:

Մոնոէթնիկ Հայաստանում, ուր բնակչության ավելի քան 95 տոկոս զտարյուն հայեր են,  եզդիական համայնքը ամենամեծ ազգային փոքրամասնություններից մեկն է:  Տարբեր հաշվարկների համաձայն, եզդի բնակչությունը Հայաստանում շուրջ 65 հազար է:

Շատ դեպքերում, եզդի աղջիկների հանդեպ խտրական վերաբերմունքի հետեւանքով, նրանք զրկված են կրթություն ստանալուց եւ իրենց կյանքը տնօրինելուց: Կրթություն չստանալով` շատերը զրկված են ինքնուրույն որոշումներ կայացնելուց եւ ստիպված ենթարկվում են այն ճակատագրին, որն ընտրում են նրանց համար ծնողները:

Վաղ ամուսնություն. եզդիական համայնքի ավանդույթները ստիպում են դեռահաս աղջիկներին լքել դպրոցը եւ ամուսնանալ:

Մուրազին ասում է, որ իրենց ուսումնասիրության հիման վրա զեկույց են հրապարակել, որն անդրադառնում է այնպիսի խտրականության դրսեւորմանն, ինչպիսին  եզդի կանանց կրթության իրավունքի խախտումն է: Զեկույցի վերնագիրը հենց այդպես է. «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը»:

«Խնդիրն իրականում խորն է, սակայն սա ևս կապ չունի ավանդույթների հետ: Մարդիկ փորձում են օրենքի առաջ իրենց պատասխանատվությունը քողարկել այս կերպ: Ես կարծում եմ այստեղ մեծ աշխատանք կա անելու և այն արդեն արվում է: Մենք կոնկրետ ուսումնասիրություն ենք արել, որ եզդիաբնակ 15 գյուղերում աղջիկների մեծ մասն օրենքի պահանջին հակառակ ծնողների մեղքով չի ավարտում անգամ դպրոցը: Այս առումով մենք պատրաստվում ենք խնդիրը քննարկել ԱԺ պատգամավորների հետ և հույս ունենք, որ կմշակվի օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունումից հետո կպատժվեն այն ծողները, ովքեր իրենց երեխային զրկում են կրթություն ստանալու իրավունքից»,- ասում է Մուրազին:

Նրա  խոսքով, սակայն, պետությունը ևս պարտավորություններ պետք է ստանձնի այս հարցով, որպեսզի աջակցի այն ծնողներին ովքեր սոցիալական վիճակից ելնելով՝ չեն կարողանում երեխաներին դպրոց ուղարկել:

Ռոզա Հովհաննիսյան

Նկարազարդումը` Վահե Ներսեսյան

© Medialab.am