«ԼՂ հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»․ Նալբանդյանի պատասխանը՝ Մամեդովի հայտարարությանը

22-06-2016
5834 դիտում
«ԼՂ հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»․ Նալբանդյանի պատասխանը՝ Մամեդովի հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևիցե պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս մասին քիչ առաջ հայտարարել է ՀՀ ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարության։

«Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել են բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը,֊«Արմենպրեսին» ասել է Նալբանդյանը։

Նալբանդյանն ասել է, որ ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը։  

«Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևիցե պայմանավորվածություն ձեռք չի բերվել,֊հայտարարել է նա։ ֊Այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաժողողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։ Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար»:

Տեղեկացնենք, որ այսօր ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկություննեի համաձայն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայացած հունիսի 20-ի հանդիպմանը ձեռք է բերվել ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու վերաբերյալ պայամանավորվածություն:

Ադրբեջանական «Մինվալ․ազ»֊ի համաձայն, այս մասին Մամեդովը  հայտարարել է ANS հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։

«Հանդիպմանը նախապատվություն է տրվել կարգավորման փուլային տարբերակին: Այն է՝ հակամարտությունը պետ է լուծել փուլային եղանակով՝ սկզբում ազատվում են հինգ շրջանները, այնուհետեւ եւս երկու շրջան: Դրանից հետո որոշվելու է ԼՂ կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այս հարցերի շուրջ», - աղբյուրին հղում անելով գրում է «Հայկական Ժամանակը»։