Բռնություններ, ճնշումներ, ծեծ ու ջարդ. Լրագրողների հանդեպ շարունակական ոտնձգությունները, ըստ փորձագետների, անպատժելիությունն է

01-08-2016
60685 դիտում
Բռնություններ, ճնշումներ, ծեծ ու ջարդ. Լրագրողների հանդեպ շարունակական ոտնձգությունները, ըստ փորձագետների, անպատժելիությունն է

Հայաստանում նախորդ երկու տարիների ընթացքում լրագրողների նկատմամբ ճնշումներն ու բռնություններն ահագնացել են, իսկ մեղավորները համարժեք պատիժ չեն ստանում: Լրագրողների նկատմամբ զանգվածային բռնությունների ու ծեծի գագաթնակետը հուլիսի 29-ի իրադարձություններն էին, երբ Սարի թաղում ոստիկանների ու քաղաքացիական անձանց գործողությունների հետևանքով ծանր մարմնական վնասվածք ստացան մի շարք լրագրողներ ու օպերատորներ: Մասնավորապես, այդ օրվա գործողությունների հետևանքով տուժեցին են «Ազատություն» ռադիոկայանի, «Արմենիա» հեռուստաընկերության, «Lragir.am»-ի, «1in.am»-ի, «news.am»-ի, «panorama.am»-ի, «Սիվիլնեթի», «armlur.am»-ի, «life.ru»-ի, «A1+»-ի լրագրողներն ու օպերատորները:

Լրագրողները թիրախավորված հարձակման են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից, նրանց հանդեպ  բռնություններ են կիրառվել, մետաղական խողովակներով եւ ոստիկանական մահակներով ծեծի են ենթարկվել, սպառնալիքների արժանացել: Այս ամենից բացի,  կոտրել են ուղիղ եթեր ապահովող տեխնիկան, ֆոտոխցիկներ:

«Քաղաքացիական հագուստով մոտ 8 անձ փայտերով հարվածներ էր հասցնում ինձ, աջ ոտքս չեմ կարողանում շարժել, հազիվ երեսս եմ կարողացել պահել»,- պատմում է «Lragir.am» կայքի օպերատոր Մարութ Վանյանը: Բժիշկները նրա մոտ աջ ոտքի սալջարդ են ախտորոշել:

«A1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը պատմել է, որ իր տպավորությամբ՝ այս օրը լրագրողները թիրախավորված էին: Ոստիկանները լրագրողներին հրահանգել են հավաքվել մի անկյունում, իսկ հետո առաջին նռնակը հենց լրագրողների ուղղությամբ են գցել:

Այս դեպքերով ոստիկանությունը ծառայողական քննություն է անցկացնում, իսկ Գլխավոր դատախազի ցուցումով քրեական գործ է հարուցվել: Թե որքանով արժանի պատիժ կկրեն մեղավորները, լրագրողական հանրությունը վստահություն չունի, քանի որ նախորդ դեպքերով ցնցող բացահայտումներ չեն եղել:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ լրագրողների նկատմամաբ այս գործելաոճը թելադրված է վերևներից:

«Պարբերաբար կրկնվող բռնությունները ցույց են տալիս, որ սրանք ոչ թե ինչ-որ միջադեպեր են, այլ իշխանության համար գործելաոճ: Ոստիկանները վերնախավի թելադրանքով են գործում: Եթե այդպես չլիներ, ապա մեկ կամ երկու նման դեպքից հետո իշխանությունները գոնե քայլեր կձեռնարկեին՝ նման դեպքերից խուսափելու համար»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը:

Նա չի կարծում, թե հուլիսի 29- գիշերը Սարի թաղում տեղի ունեցած բռնություններն աննախադեպ էին՝ նշելով, որ նախորդ տարվա հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ գործադրված բռնությունն ավելի մեծ ծավալներ ուներ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 23-ի Բաղրամյան պողոտայում վաղ առավոտյան ոստիկանները բիրտ ուժ ու հատուկ տեխնիկա կիրառեցին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների ու իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ:

Ընդհանուր առմամբ այդ օրը ոստիկանության ստորաբաժանումները խոչընդոտել էին տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների՝ լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների մասնագիտական աշխատանքը: Նրանցից 13-ը ֆիզիկական բռնության էին ենթարկվել, ոստիկանները կոտրել, վնասել էին լրագրողների նկարահանող սարքերը, ոչնչացրել տեսագրություններ ու լուսանկարներ, առգրավել հիշողության քարտերը:

Աշոտ Մելիքյանն ասում է, որ իրենք ակնակալում էին, որ բազմաթիվ ահազանգերի արդյունքում նախորդ տարվա Բաղրամյան պողոտայի դեպքերից հետո ոստիկանությունը պետք է տարբերակեր լրագրողներին ու ցուցարարներին:

Բայց փաստորեն ոստիկանությունը չի փոխում իր գործելաոճը, մնացել է քարե դարի մակարդակին, շարունակում է խոչընդտել լրագրողների աշխատանքը, բիրտ ուժ կիրառել, չի գործում Քրեական օրենսգրքի 164 հոդվածը:

«Սա է պատճառը, որ որևէ համագործակցություն ու փոխըմբռնում տեղի չի ունենում լրագրողների ու իրավապահ մարմինների միջև»,- նշում է նա:

Աշոտ Մելիքյանը նկատում է, որ եթե այս ամենի դեմ քայլեր չձեռնարկվեն, կիրականանան ԵՏՄ մասով վատատեսական կանխատեսումները:

«Երբ Հայաստանն անդամագրվում էր ԵՏՄ-ին, մասնագիտական կանխատեսումներ կային այն մասին, որ և մարդու իրավունքների խախտման, և մամուլի ազատության առումով իրավիճակի վատթարացում կարձանագրվի երկրում: Այսօր Հայաստանը խոսքի ազատության ու լրատվամիջոցների գործունեության միջավայրով շատ ավելի լավ վիճակում է, քան ԵՏՄ երկրները, բայց մտավախություն կա, որ այն բարքերը, որոնք մեր գործընկեր երկրներում են տիրում, կարող են տեղափոխվել Հայաստան»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը:

Այդ հետընթացը թույլ չտալու համար, նրա խոսքով, և լրագրողական հանրությունը պետք է շատ ակտիվ լինի, և հասարակությունն ընդհանրապես պետք է աչալուրջ կինի:

«Եթե իշխանությունները նոր սահամափակումներ մտցնեն լրատվամիջոցների գործունեության հետ կապված, ապա դա պետք է ըմբոստություն առաջացնի»,- հավելում է Մելիքսյանը:

Նա հիշեցնում է, թե ինչ իրավիճակ է մամուլի ազատության առումով Ռուսաստանում:

«Այնտեղ գործում է Ռոսկոմնադզորը, որին իրավունք է վերապահված հետևել առցանց լրատվամիջոցների հրապարակումներին, և եթե դրանցում նկատվեն հոդվածներ, որոնք իրենց կարծիքով պետական հիմքերն են խարխլում, ապա առանց դատարանի որոշման կարող են ուղղակի փակել: Դա բացահայտ գրաքննություն է, և Աստված մի արասցե, եթե այդպիսի բարքերը տեղափոխվեն Հայաստան: Էլ չենք խոսում Ղազախստանի մասին, որտեղ ըստ էության կոմունիստական ժամանակահատվածի մոտեցումներն են տիրում, և բոլոր լրատվամիջոցները ենթարկվում են մեկ գաղափարախոսության և մեկ մարդու, դա նախագահն ու իր ընտանիքն են»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Նույնը կարելի է ասել Բելառուսի մասին, որտեղ ընդդիմադիր մամուլ գոյություն չունի և բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները լույս են տեսնում արտերկրում:

«Այնպես որ, ոչ մի ընդօրինակելու բան այնտեղից չկա, հակառակը, լավ կլինի, եթե նրանք մեզանից ընդօրինակեն: Իսկ եթե այդ վատ փորձը կամ հետադիմական մոտեցումները փորձեն տեղափոխեն Հայաստան, դա պետք է ըմբոստություն առաջացնի»,- ասում է մասնագետը:

Բաղրամյան պողոտայի դեպքերից 10 օր անց՝ նախորդ տարվա հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց, բայց մինչև օրս նախաքննություն է ընթանում: Գործով անցնող լրագրողները դժգոհ են իրավապահների աշխատանքից:

«Ես մի քանի անգամ հրավիրվել եմ հարցաքննության և կարծում եմ՝ գործը տարվում է փակուղի»,- «Մեդիալաբին» ասում է լրագրող Փայլակ Ֆահրադյանը, ով այդ օրը ֆիզիկական բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից: Նա նշում է, որ իրեն ծեծի ենթարկելու գործով դեռևս մեղադրյալներ չկան, քննիչներն ասում են՝ թե ընթանում է նախաքննություն, պատճառաբանում, որ գործը ծավալուն է, իրենք չեն հասցնում: Այնինչ, լրագրողը նկատում է, որ գործը դիտավորյալ է ձգձգվում, եթե քաղաքական կամք լիներ, այն վաղուց բացահայտված կլիներ:

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ լրագրողների նկտամամբ կիրառված բռնության գործով պատիժն ուշանում է, որովհետև իշխանություններն ուղղակի դա չեն ուզում անել:

«Եթե պատժելու քաղաքական կամք լիներ կամ եթե այդ հրահանգները չգային հենց իշխանության վերնախավից, ապա պատկերը կարող էր այլ լինել: Իսկ հիմա քրեական գործի ընթացը ցույց է տալիս, որ ավելի շատ միտում է նկատվում այդ գործը կոծկելու ու մոռացության տալու: Համենայնդեպս ես տեղյակ եմ, որ այդ գործի քննությունը երկարաձգվել է, բայց թե ինչ ավարտ կարող է ունենալ, որևէ տուժած լրագրող կամ փորձագետ չի կարող իմանալ: Մենք շփվում ենք բոլոր տուժած լրագրողների հետ, նաև նրանց փաստաբանների հետ, և նրանք պնդում են, որ նախաքննությունը ձևական բնույթ է կրում ու արդյունավետ չէ»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը:

Ապրիլին հրապարակված «Freedom house» միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2016 թվականի զեկույցի տվյալներով, Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշներով համարվում է անազատ երկիր:

Աշխարհի 199 երկրների շարքում Հայաստանը 139-րդն է: Տարածաշրջանում մասամբ ազատ մամուլ ունի Վրաստանը, որն զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը:

Նախկին խորհրդային երկրներից Հայաստանից առաջ են նաև Ուկրաինան և Մոլդովան: Անազատ երկրների շարքում են նաև Եվրասիական տնտեսական միության անդամներ Ռուսաստանը (176-րդ) և Բելառուսը (192-րդ):

Հաշվի առնելով առկա իրավիճակն ու միտումները՝ Աշոտ Մելիքյանն ասում է, որ դժվար է ենթադրել, թե մոտ ապագայում Հայաստանը լուրջ առաջընթաց կարձանագրի մամուլի ազատության հարցում: Հակառակը, կարող է վիճակը վատանալ, քանի որ սա փաստորեն իշխանությունների մոտեցումն է, նրանք չենք ուզում տուժած լրագրողների իրավունքներին տեր կանգնել:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ավտորիտար ռեժիմին հատուկ վարք է, նոր բան չէ, և որևէ շոշափելի ակնկալիք էլ չկար, որ չնայած եղած ապացույցներին՝ նախորդ տարվա հունիսի 23-ի վաղ առավոտյան կատարված ոստիկանության գործողությունները պատշաճ քննության կարժանանային, մեղավորները կպատժվեին: «Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ուղղակի գտնվում է համանմանների հետ, համանման իրավիճակում գտնվողների հետ մի թիմում է, նմանը նմանին է գտել: Որևէ հույս էլ չկա, որ կբացահայտեն մեղավորներին, քանի դեռ այս իշխանություններն են»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Բարսեղյանը:

Էմմա Մանուկյան

Նկարը՝ Նարե

MediaLab.am