«Ամբողջ տարվա ընթացքում շարունակվեցին քաղաքական հետապնդումները, ոստիկանության կողմից լայնածավալ ապօրինությունների կիրառումը». Արթուր Սաքունց

10-12-2016
20609 դիտում
«Ամբողջ տարվա ընթացքում շարունակվեցին քաղաքական հետապնդումները, ոստիկանության կողմից լայնածավալ ապօրինությունների կիրառումը». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

-Պարոն Սաքունց, դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է, ի՞նչ իրավիճակ է այս առումով 2016-ին արձանագրվել Հայաստանում:

-Այս տարի Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վրա էական ազդեցություն է ունեցել այն մոտեցումը, որն արձանագրվեց 2015 թվականին պարտադրված սահմանադրական փոփոխություններով: Այսինքն՝ երկրում իրավական դաշտի ձևավորումը, մարդու իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների ուղղությունն ամբողջությամբ ենթարկվեց Սերժ Սարգսյանի կողմից պարտադրված սահմանադրական փոփոխությունների տրամաբանությանը, այն է՝ կայուն քաղաքական մեծամասնության մեխանիզմի և ապահովմանը, և նաև այդ մեխանիզմի պայմաններում իրավական հարաբերությունների կարգավորմանն ու այդ պայմաններում ապրելուն: Սա հիմնական վեկտորն էր, որն ուղղակի արտահայտվեց ամբողջ 2016 թվականի ընթացքում: Ինքնին քվեարկության արդյունքների կեղծմամբ պարտադրված այդ Սահմանդրության մեջ արդեն արձանագրվեց հետընթաց մարդու իրավունքների բնագավառում: Փոխվեց ամբողջ փիլիսոփայությունը: Եթե մինչ այդ մենք սահմանադրական նորմերը՝ որպես մարդու իրավունքների չափորոշիչներ, ձևակերպումների ու մոտեցումների առումով համապատասխանեցնում էինք միջազգային պարտավորություններին, ապա Սերժ Սարգսյանի Սահմանադրությամբ արդեն սահմանադրական չափորոշիչներն իրենք հեռացան և չհամապատասխանեցին Հայաստանի կողմից մարդու իրավունքների բնագավառում ստանձնած պարտավորություններին: Մենք դրան անդրադարձել ենք արդեն, խոսքը վերաբերում է միջազգային պայմանագրերի՝ որպես ուղենիշ և պարտադիր համապատասխան լինելը իրավական ակտերի ձևավորման դրույթին, որն ըստ էության ավելի կոշտ դրույթից դարձավ ավելի հայեցողական: Երկրորդը սահմանադրական նորմերի ուղղակի գործողության սկզբունքը հանվեց, երրորդ, սոցիալական ու տնտեսական մի շարք իրավունքներով ՀՀ քաղաքացին ու օմբուդսմենն իրավունք չունեն դիմելու Սահմանադրական դատարան: Եթե Սահմանադրական դատարան իրավունք չունես դիմելու, ապա դիմում ես միայն միջազգային ատյաններ, և այստեղ առաջ է գալիս խնդիր միաջազգային ատյանների կողմից ընդունված որոշումների և քո Սահմանադրության դրույթների հակասության հետ կապված: Այսինքն՝ այն ամբողջ իրադարձությունները, մարտահրավերները, վերաբերմունքը, խախտումներն ու իրավական կարգավորումները, որոնք տեղի ունեցան 2016 թվականին  մարդու իրավունքների հետ կապված, այդ ամենը պայմանավորվեց հենց սահմանադրական պարտադրված փոփոխությունների տրամաբանությամբ, որի հիմքում հենց մարդու իրավունքների սահմանափակումներն էին նախատեսվել: Դրա ամենաառաջին դրսևորումը եղավ հենց Գևորգ Սաֆարյանի ձերբակալությունը, ամբողջ տարվա ընթացքում շարունակվեցին քաղաքական հետապնդումները, ոստիկանության կողմից լայնածավալ ապօրինությունների կիրառումը:

-Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ի՞նչ եք արձանագրում մարդու իրավունքների տեսանկյունից: Փաստորեն, իրավիճակը տարեցտարի վատթարանում է:

-2013 թվականին մենք ԵՏՄ մտնելու վերաբերյալ հայտարարությունից հետո գտնվում էինք ինչ-որ անորոշության փուլում, նկատի ունեմ, որ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն՝ ունեինք որոշակի պարտավորություններ: Սկզբում Եվրասիական տնտեսական միության համակարգը դեռևս ակնառու չէր, չէր տեղավորվել մեր իրավական համակարգում, բայց գնալով ԵՏՄ անդամությամբ պայմանավորված տենդեցները սկսեցին դառնալ շատ ավելի զգալի: Մոտեցումները, նաև իրավական կարգավորումները դարձան զգալի, որովհետև մենք արդեն ԵՏՄ-ին անդամագրվելով՝ մեր իրավական դաշտի փոփոխությունները պետք է համապատասխանեցնենք այդ նոր միության չափորոշիչներին: Իսկ դա հիմնված լինելով բոլորովին այլ փիլիսոփայության վրա՝ չէր կարող անդրադարձ չունենալ թե իրավակիրառ պրակտիկայի, թե օրեսնդրական կարգավորման վրա: Որպես օրինակ՝ կարող եմ նշել Հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որն արդեն ընդունվեց: Օրենքն ամբողջովին չհամապատասխանեց նույնիսկ Սահմանադրական դատարանի այն դիրքորոշմանը, որ հասարակական կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես հանրային շահի ներկայացուցիչներ: Օրենքում այդ իրավունքը ճանաչվեց միայն բնապահպանական և  պատմական հուշարձանների պահպանության բնագավառում: Դա անհիմն սահամանփակում էր: Ես անդրադառնում եմ հասարակական կազմակերպությունների հետ կապված հարցին, որովհետև դրանք մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմներն են:

Կուսակցությունների մասին օրենքով էլ կուսակցական ոլորտում է հետընթաց արձանագրվում: Ի՞նչ արեցին Ընտրական օրենսգրքով, հանեցին դիտորդների կողմից ստուգարքներ հանձնելու դրույթը, դա հրամցրեցին որպես առաջընթաց, այնինչ դա անհիմն սահմանափակման վերացում էր, բայց դրան զուգահեռ Ընտրական օրենսգրքով խիստ սահմանափակեցին թե հասարակական կազմակերպությունների՝ որպես դիրտորդական առաքելություն իրականացնողների, թե զանգվածային լրատվական միջոցների՝ որպես ընտրական գործընթացը լուսաբանողների իրավասությունները: Այսինքն՝ ոչ միայն Հասարակական կազմակերպությունների մասին օրենքով կան սահմանափակումներ, նաև Ընտրական օրենսգրքով են սահմանափակումներ մտցվում, ավելին, նաև կոշտացրեցին՝ սուտ մատնության հիմքով քրեական դրույթ մտցնելով: Սա ակնհայտ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետությունը նվազեցնող, սահմանափակող մոտեցման արտահայտումներ են, որոնք լիովին հանդիսանում են փոփոխված եվրասիական փիլիսոփայության դրսևորումները:

-Եվ քանի դեռ Հայաստանն այս փիլիսոփայության  մեջ է ապրում, առաջընթաց չակնկալե՞նք:

-Ցավոք սրտի, մենք առաջընթաց ապահովելու միտումներ չենք կարող տեսնել, բայց ես կարող եմ արձանագրել, որ մենք մեծացրել ենք մարդու իրավունքների բնագավառում մարտահրավերները: Խոչընդոտներն են շատ արդեն, և մենք ստիպված ենք լինելու ավելի լուրջ խնդիրներ լուծել: Եվ ամենավերջին դրսևրումը ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնարարների գագաթնաժողովում Հայաստանի կողմից, ի թիվս Ռուսաստանի, Բելառուսի և միջին ասիական հինգ երկրների, չմիանալն էր մարդու իրավունքների միջազգային օրվան ուղղված 42 երկրներ մշակված ուղերձին: Դա դեկտեմբերի 9-ին հայտարարվեց գագթնաժողովում: Նման բան, որ ՀՀ-ն չմիանա ու չողջունի, դա նշանակում է, որ ինքը պարտավորված չի զգում՝ խրախուսելու իրավապաշտպան գործունեությունը և հանձնառություն վերցնելու՝ հզորացնելու մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Եվ Հայաստանն ակամա ընդգրկվում է այն ակումբի մեջ, որը պայմանական անվանում ենք ԵՏՄ:
Բացի հուլիսյան դեպքերից, մենք այս տարի տեսանք նաև ապրիլյան պատերազմի դրսևորումները, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեում տեսանք Հայաստանի պատվիրակության բացարձակ անպատրաստ լինելը, և դա խայտառակ պատկեր էր: Ըստ էության իշխանությունները որևէ լուրջ փաստարկներ չէին կարողացել ներկայացնել, որովհետև գործ չէին արել: Մենք լուրջ հետևնթաց ենք արձանագրում նաև լրատվական դաշտում, խոսքը վերաբերում է թվայնացման հետ կապված մարզային հեռուստաընկերությունների թվի դե ֆակտո կրճատմանը:
Խոսքի ազատությունն ու բազմակարծությունը Հայաստանում էլ ավելի է կրճատվելու: Իսկ դա ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների առումով բավական լուրջ ու էական հետընթաց է:

Էմմա Մանուկյան

MediaLab.am